‘Արա Պապյան. Ստեփանակերտի օդանավակայանի չգործարկման պատճառը միայն տեխնիկական չէ’

650

Լեռնային Ղարաբաղի օդանավակայանի չգործարկման պատճառը ոչ միայն տեխնիկական է, այլև ունի ռազմաքաղաքական պատճառ, որովհետև ադրբեջանան կողմը բավական կոշտ դիրքորոշում է ընդունել՝ ոչնչացնելու քաղաքացիական օդանավերը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, Կանադայում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Արա Պապյանը: Նրա կարծիքով՝ նման դիրքորոշումը որևէ պայմանով ընդունելի չէ, անգամ եթե ենթադրենք, որ այդ օդանավը թռչում է Ադրբեջանի օդային տարածքով:

«Ադրբեջանը տեխնիկապես ի վիճակի է ոչնչացնել, որովհետև մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանն այնպիսի զենքեր է վաճառել, որ Ադրբեջանը կարող է ոչնչացնել: Եթե Ռուսաստանը մեր ստրատեգիական դաշնակիցն է, ուրեմն հանուն դրա՝ որոշակի կորուստներ պետք է ունենա տնտեսական հարցերում»,- ասաց Պապյանը:

Նա, միաժամանակ, նշեց, որ եթե թռիչքներ չլինեն, դա վարկաբեկիչ կլինի մեզ համար, նաև Սերժ Սարգսյանի համար, որովհետև նա խոստացել է, որ թռիչքները կլինեն: Պապյանի խոսքով՝ այժմ մենք նման հայտարարությունների ճնշման ներքո ենք հայտնվել, նույնն էլ՝ Ադրբեջանը:

Նշենք, որ Ստեփանակերտում օդանավակայանի չգործարկման պատճառները պայմանավորում են տեխնիկական հարցերով:

Նախորդ հոդվածը‘ԱԺ-ում չի ստեղծվի Թեղուտի հանքավայրի շահագործման թույլտվության օրինականության վերաբերյալ ուսումնասիրություններ կատարող հանձնաժողով’
Հաջորդ հոդվածը‘Մարիո Բալոտելի. Պատկերացնել անգամ չէի կարող, որ ամեն ինչ այսպես կստացվի’