Խաղաղ բնակչության կենսագործունեության համար խնդիրներ ստեղծելն անընդունելի է, իսկ ռուսաստանցի խաղաղապահների հասցեին հնչող մեղադրանքները՝ հակաարդյունավետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Լաչինի միջանցքում ստեղծված իրադրությունը:
«Մենք մտահոգված ենք Լաչինի միջանցքի արգելափակմամբ: Այն պայմանավորված է հանքավայրերի շահագործման շուրջ կողմերի տարաձայնություններով: ՌԴ պաշտպանության նախարարությունը և ռուսական խաղաղապահ զորակազմն այս օրերին ակտիվորեն աշխատում են իրավիճակի լարումը նվազեցնելու ուղղությամբ: Ակնկալում ենք, որ մոտ ապագայում լիարժեք տրասնպորտային հաղորդակցությունը կվերականգնվի», — ասել է դիվանագետը:
Զախարովան շեշտել է, որ միջանցքն ապահովում է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապը և գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ:
«Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելիս կողմերը ստանձնեցին համապատասխան պարտավորություններ, որոնք պետք է խստորեն պահպանվեն: Անընդունելի է խաղաղ բնակչության կենսագործունեության համար խնդիրներ ստեղծելը», — ասել է Զախարովան։