‘Արգելվում է պաշտոնյաների մարմնի դյուրազգաց մասերի սեղմումը’

2321

Ինչպես հայտնի է՝ օրերս գյուղնախարարությունը որոշել էր հարստացնել տարօրինակ բովանդակությամբ օրենքների շարքը եւ ԱԺ էր ներկայացրել կենդանիներին վերաբերող նոր օրենսդրական փաթեթ, որտեղ, ի թիվս այլ տարօրինակ կետերի, նշվում էր, թե, ասենք՝ «արգելվում է կենդանիներին վախեցնել, կենդանիներին միմյանց նկատմամբ սադրել, արգելվում է կենդանիներին առանց ցավազրկման ամորձատել, առանց ցավազրկման եղունգները հեռացնել»: Նշվում էր նաեւ, որ «գյուղատնտեսական կենդանիներին 8 ժամից ավելի տեղափոխման ժամանակ լիազոր մարմնի գիտությամբ ապահովվում է կենդանիների հանգիստը, արգելվում է կենդանիների մարմնի դյուրազգաց մասերի սեղմումը, արգելվում է կենդանիների պոչերը ճզմել, ոլորել, կենդանիների գլուխներից, եղջյուրերից, ականջներից, ոտքերից եւ մորթուց բռնած քարշ տալը» եւ այլն: Երբ օրենքը բերվեց ԱԺ, պատգամավորներից շատերին հետաքրքրում էր, թե ինչպես են համապատասխան մարմինները հետեւելու օրենքի կիրառմանը, ինչին գյուղնախարար Սերգո Կարապետյանն այդպես էլ չէր կարողանում ադեկվատ պատասխաններ տալ: Եւ ահա, այսօր, փաստորեն, պարզվեց, թե կոնկրետ ինչի համար է խորհրդարան բերվել այդ օրենքը, եւ ինչպես է այն կիրառվելու:

Այսօր կայացած կառավարության նիստում, մասնավորապես, Հովիկ Աբրահամյանը խոսել է օրեր առաջ ԱԺ մուտքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի մասին, որի ընթացքում ցուցարարները մանրադրամներ են շպրտել այն նախարարների եւ պատգամավորների ուղղությամբ, ովքեր նախաձեռնել են կուտակային կենսաթոշակների մասին նոր օրինագիծը, եւ որով, ըստ էության, պարտադիր բաղադրիչը, այսինքն՝ քաղաքացիներից դրամ կորզելու հերթական փորձը չի կասեցվում: Եւ հիմա, բանից պարզվում է՝ Աբրահամյանին այդ ակցիան շատ է նեղացրել, եւ նա որոշել է կանգնել հատկապես իր ղեկավարած կաբինետի անդամների թասիբին՝ հայտարարելով. «Ուզում եմ անդրադառնալ ինձ խիստ անհանգստացնող մի երևույթի. հասարակության որոշ անդամներ սկսել են իրենց դժգոհությունն արտահայտել ծայրահեղ սանձարձակ և սադրիչ եղանակներով: Ես անընդունելի եմ համարում ամբոխային մեթոդներով իշխանության ներկայացուցիչներին նվաստացնելու և ճնշելու փորձերը: Ինչպես, օրինակ՝ պատգամավորների կամ նախարարների վրա մանրադրամների նետումը: Թերևս ոմանք մոռացել են, որ իշխանության ներկայացուցիչները ևս ունեն մարդու բոլոր իրավունքներն ու ազատությունները և ենթակա են պաշտպանության նույն ձևով, ինչ հասարակության ցանկացած անդամ:
Հանդուրժել անարխիան՝ նշանակում է վտանգել երկիրը: Ի լուր բոլորի հայտնում եմ՝ ես դա չեմ հանդուրժելու: Ուստի հանձնարարում եմ Արդարադատության նախարարին ու ոստիկանապետին քննարկել այս հարցը և առաջարկել լուծումներ՝ թե՛ օրենսդրական, թե՛ կազմակերպական»: 

Փաստորեն, կառավարությունը որոշել է վերջապես կյանքի կոչել գյուղնախարարության կողմից ԱԺ բերված տարօրինակ օրինագիծը եւ հայտարարել, թե ցանկանում է օրենքով արգելել քաղաքացիներին «պաշտոնյաներին վախեցնել, պաշտոնյաներին միմյանց նկատմամբ սադրել, արգելվում է առանց ցավազրկման եղունգները հեռացնել, արգելվում է պաշտոնյաների մարմնի դյուրազգաց մասերի սեղմումը, արգելվում է  ոլորել պաշտոնյաների գլուխներից, ականջներից, ոտքերից եւ գլխից բռնած՝ քարշ տալ»:

Մյուս կողմից էլ՝ ուրիշ էլ ի՞նչ անեն իշխանությունները: Ինչ որ անելու էին՝ արդեն արել են: Հիմա եկել է վերջին ճակատամարտների պահը, դիմադրում են ինչպես կարող են: Անկախ այն հանգամանքից՝ դիմադրության բնույթը տրամաբանության հետ աղերս ունի՞, թե՞ չէ: Չէ՞ որ եթե ունենար, ոչ թե կարգելեին պաշտոնյաների երեսին մանրադրամ շպրտել, այլ կարգելեին այդ նույն պաշտոնյաներին, այդ թվում եւ՝ իրենք իրենց, քաղաքացիներից թալանել վերջին մանրադրամները:

Պարգեւ Ապրեսյան 

Նախորդ հոդվածը‘Մուրադ Մուրադյանն այլեւս Իրաքում ՀՀ դեսպանը չէ’
Հաջորդ հոդվածը‘Անի Գևորգյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործը կարճվել է’