Արգենտինան արմատական բարեփոխումների և պետության՝ ամեն տեղ թափանցելու դերից ազատվելու կարիք ունի։
Այդ մասին կիրակի օրը հայտարարել է երկրի ընտրված նախագահ Խավիեր Միլեյը։
«Արգենտինան կրիտիկական վիճակում է։ Երկրին արմատական փոփոխություններ են հարկավոր։ Անվճռականության, դանդաղկոտության, կիսատ-պռատ միջոցների տեղ չկա»,- ասել է նա պետության ընտրված ղեկավարի պաշտոնում իր առաջին ելույթում։
Ըստ Միլեյի՝ իր հաղթանակով Արգենտինան նոր էջ է բացում պատմության մեջ։ Նա պնդում է, որ իր հետ Արգենտինան կընթանա «ազատության ճանապարհով», որպեսզի կրկին դառնա «համաշխարհային տերություն»։
«Նրանց, ովքեր դրսից մեզ հետևում են, ուզում եմ ասել, որ Արգենտինան կրկին այն տեղը կգրավի աշխարհում, որը չպետք է կորցներ։ Մենք հավատարիմ ենք դեմոկրատիային, ազատ առևտրին և խաղաղությանը։ Մենք ուս ուսի կաշխատենք ազատ աշխարհի բոլոր երկրների հետ»,- հայտարարել է Միլեյը։