Արգենտինայի նախագահը` փոխնախագահի դեմ մահափորձի մասին

170

Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը երկրի փոխնախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշների վրա ատրճանակ պահած տղամարդու գործողություններն անվանել է մահափորձ։

«Այսօր, ժամը 21։00-ի մոտ, մահափորձ է կատարվել երկրի գործող փոխնախագահ և երկու անգամ նախագահի պաշտոնն զբաղեցրած Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշների նկատմամբ։ Սա aմենածանր իրադարձությունն է դեմոկրատիայի վերականգնումից ի վեր (1983 թ․)»,- ասել է նախագահը հինգշաբթի, ուղերձով դիմելով ժողովրդին։

Նախագահը տեղեկացրել է, որ փոխնախագահի վրա հարձակում գործած մարդը կարող էր քաշել ձգանը։ «Քրիստինան ողջ է, որովհետև ինչ-որ պատճառով, որը դեռ տեխնիկապես չի պարզվել, հինգ փամփուշտով լիցքավորված ատրճանակը չի կրակել՝ չնայած ձգանը քաշվել է»,- ասել է պետության ղեկավարը։

Հինգշաբթի ավելի վաղ ոստիկանությունը ձերբակալել է Բուենոս Այրեսի իր տան մոտ փոխնախագահի վրա ատրճանակ պահած տղամարդուն։ Հեռուստատեսությամբ ցուցադրված կադրերում երևում է, որ ամբոխի մեջ կանգնած տղամարդը, ատրճանակը ձեռքին, կարողանում է կիպ մոտենալ Ֆերնանդես դե Կիրշներին։

Նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը ուրբաթը ոչ աշխատանքային օր է հայտարարել՝ երկրի փոխնախագահի աջակցության երթեր անցկացնելու նպատակով։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱրթուր Ալեքսանյանը կպայքարի ԱԱ-ի 4-րդ չեմպիոնության համար
Հաջորդ հոդվածըԲրազիլիայի նախկին նախագահ․ մահափորձ կատարողը ֆաշիստ է