‘Արգենտինայի նախկին նախագահը մեղավոր է ճանաչվել 6,5 հազար տոննա զենք վաճառելու համար’

619

Արգենտինայի նախկին նախագահ Կառլոս Մենեմը և պաշտպանության նախկին նախարար Օսկար Քամիլյոնը մեղավոր են ճանաչվել Խորվաթիային և Էկվադորին 6,5 տոննա զենքի ապօրինի վաճառքի մեջ: Ինչպես հաղորդել է BBC-ն, նման որոշում է կայացրել Արգենտինայի վճռաբեկ դատարանը:

Կառլոս Մենեմը երկրի ղեկավարի պաշտոնն զբաղեցրել է 1989-1999 թթ.: Նրա գործունեությունը հետաքննության է ենթարկվել 1991-1995 թթ. Խորվաթիային և Էկվադորին արգենտինյան սպառազինության ապօրինի վաճառքի կապակցությամբ: Երկու երկրներն էլ այդ շրջանում ռազմական գործողություններ էին վարում, և նրանց նկատմամբ գործում էր զենքի մատակարարման արգելք: Դատավարության ընթացքում 82-ամյա Մենեմը խոստովանել է, որ իսկապես փաստաթղթեր է ստորագրել  «ավտոմատ հրացանների, հակատանկային արկերի արտահանման վերաբերյալ»: Այնուամենայնիվ, նախկին նախագահը հայտարարել է, թե գաղափար անգամ չի ունեցել, որ այդ սպառազենքն ուղղվելու է Խորվաթիա և Էկվադոր, քանի որ կարծել է, թե դա նախատեսված է Վենեսուելայի և Պանամայի համար:

Մենեմն առաջին անգամ ձերբակալվել էր 2001 թ. մաքսանենգության կազմակերպման մեղադրանքով, սակայն վեց ամիս անց նրան ազատ էին արձակել: Հետագայում՝ 2008 թ. հոկտեմբերին, նրան պաշտոնապես մեղադրանք ներկայացվեց: Ընդհանուր առմամբ՝ զենքի ապօրինի վաճառքի գործով անցնում էր 20 մարդ, այդ թվում՝ նախկին նախագահի խորհրդական և ազգական Էմիր Յոման, ինչպես նաև՝ պաշտպանության նախկին նախարար Օսկար Քամիլյոնը: Այնուամենայնիվ, այն ժամանակ դատարանը բավարար հիմքեր չգտավ՝ նրանց դատապարտելու համար, և ազատ արձակեց բոլոր կասկածյալներին:

BBC-ն, սակայն, նշում է, որ ներկայումս Մենեմը զբաղեցնում է Ռիոխա նահանգի սենատորի պաշտոնը և չի կարող ձերբակալվել այնքան ժամանակ, քանի դեռ խորհրդարանը նրան չի զրկել անձեռնմխելիությունից, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Բարեգործական ֆուտբոլային հանդիպում՝ փոքրիկ Լիլիթի համար’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ում անհետացման եզրին գտնվող սպիտակ ռնգեղջյուր է ծնվել (տեսանյութ)’