‘
Արգենտինայի նախկին նախագահ Կառլոս Մենեմը կրկին դատարանի առջև կկանգնի 1995 թ. ռազմական գործարանում տեղի ունեցած պայթյունի գործով, երբ զոհվել էր յոթ մարդ, մի քանի տասնյակը վիրավորվել էին, բազմաթիվ շենքեր փլվել: Մենեմը մեղադրվում է այդ պայթյունի կազմակերպմանը մասնակից լինելու համար: Հետաքննության կարծիքով՝ պայթյունը կազմակերպել են Արգենտինայի իշխանությունները, որպեսզի թաքցնեն 1991-1995 թթ. ապօրինի կերպով Էկվադոր և Խորվաթիա տեղափոխված զենքի անհետացումը: Ռզամական գործարանում տեղի ունեցած պայթյունի գործը կասեցվել էր, և Մենեմի դատական հետապնդումը դադարեցվել էր Արգենտինայի դաշնային վերաքննիչ դատարանի որոշմամբ: Սակայն այս տարվա մարտին գերագույն դատարանը բեկանեց այդ որոշումը: Հուլիսի կեսերին Մենեմը դատապարտվեց յոթ տարվա ազատազրկման: Նրան մեղավոր ճանաչեցին Էկվադորին և Խորվաթիային 6,5 հազար տոննա զենք մատակարարելու համար՝ այն ժամանակաշրջանում, երբ այդ երկրների նկատմամբ գործում էր ՄԱԿ-ի արգելքը: Քանի որ այժմ Մենեմը սենատոր է, դատավճիռն ուժի մեջ կմտնի նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուց հետո, փոխանցում է lenta.ru-ն:
83-ամյա Կառլոս Մենեմը Արգենտինան ղեկավարել է 1989-1999 թթ.:
‘