‘
25 նախկին զորահարամանատարների, այդ թվում՝ նախկին երկու բռնապետների նկատմամբ դատավարությունը մեկնարկում է այսօր Արգենտինայում: Նրանց մեղադրանքներ կառաջադրվեն 1970-80-ական թթ. «Քոնդոր գործողությունն» իրականացնելիս կատարած հանցագործությունների համար, հաղորդում է РИА Новости-ին: Մեղադրյալի աթոռին կհայտնվեն նաև նրանք, ովքեր արդեն իսկ կրում են իրենց ցմահ ազատազրկումը՝ մարդկության դեմ կատարած հանցագործությունների համար: Ըստ այդմ՝ մեղադրանքներ կառաջադրվեն նախկին բռնապետներ Խորխե Ռաֆայել Վիդելային (1976-1981) և Ռեյնալդո Բինյոնեին (1982-1983):
«Քոնդոր գործողությունը» քաղաքական հակառակորդներին ոչնչացնելու լայնածավալ համատեղ գործողություն էր, որն իրականացնում էին Արգենտինայի, Չիլիի, Բրազիլիայի, Պարագվայի, Ուրուգվայի և Բոլիվիայի բռնապետական վարչակարգերի հատուկ ծառայությունները:
«Քոնդոր գործողության» ժամանակ հարավամերիկյան պետությունների հատուկ ծառայությունները, գործելով, ըստ փորձագետների, ԿՀՎ-ի աջակցությամբ, համակարգված ձևով կազմակերպում էին ընդդիմության ներկայացուցիչների, քաղաքական գործիչների, դիվանագետների և հասարակական գործիչների առևանգումներ, խոշտանգումներ և մահապատիժներ՝ առանց դատուդատաստանի: Տարբեր գնահատականներով՝ հալածանքների զոհ է դարձել 40-ից 60 հազար մարդ, որոնցից 30 հազարը՝ արգենտինացիներ: «Քոնդոր գործողության» նախաձեռնողը եղել է Չիլիի բռնապետ Աուգուստո Պինոչետը (1974-1990), դրան ակտիվորեն մասնակցել են, բացի Վիդելայից՝ Ուրուգվայի բռնապետ Խուան Մարիա Բորդաբերին (1972-1976), Պարագվայի բռնապետ Ալֆրեդո Ստրեսները (1954-1989) և Բոլիվիայի բռնապետ Ուգո Բանսերը (1971-1978):
Վիդելան, որ այժմ 87 տարեկան է, արդեն իսկ դատապարտվել է երկու ցմահ ազատազրկման և 50 տարվա բանտարկության՝ մարդկության դեմ հանցագործությունների համար, իսկ 85-ամյա Բինյոնեն դատապարտված է ցմահ ազատազրկման և 25 ու 15 տարիների բանտարկության:
‘