‘
Արգենտինայում՝ Պարագվայի հետ սահմանին, հնաբանները հայտնաբերել են բունկերներ, որոնք կարող էին որպես ապաստարան ծառայել նացիստական հանցագործների համար՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո: Ինչպես տեղեկացրել է Clarin թերթը, կառույցները գտնվում են Միսյոնես նահանգի ազգային պարկի տարածքում:
«Ըստ երևույթին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի կեսերին Գերմանիայի ՌՕՈւ-ն սկսել է կյանքի կոչել դժվարամատչելի վայրերում՝ անապատում, լեռներում կամ ջունգլիներում, նացիստական ղեկավարության համար ապաստարան կառուցելու գաղտնի ծրագիրը»,- պատմել է հնագետների խմբի ղեկավար Դանիել Շավելսոնը: Ըստ Շավելսոնի՝ տվյալ վայրի ընտրությունը պայմանավորված է Պարագվայի մոտ լինելով, որտեղ կարելի է հասնել տասը րոպեում:
Հետազոտողները հաղորդել են, որ կառույցը բաղկացած է երեք շինություններից՝ բնակելի կացարան, պահեստ, որտեղից կարելի էր նաև հսկողություն իրականացնել: Բունկերների պատերի հաստությունը կազմում է մոտավորապես երեք մետր:
Կառույցների մերձակայքում հնագետները գերմանական մետաղադրամներ են գտել, որոնք թվագրված են 1938-ից 1941 թվականներով: Գիտնականների կարծիքով՝ նացիստները երբեք այդ բունկերները չեն օգտագործել ըստ նշանակության, քանի որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո նրանք կարող էին օրինական կարգավիճակով ապրել Արգենտինայի ցանկացած քաղաքում: The Telegraph-ի տվյալներով՝ այդ երկրում, ընդհանուր առմամբ, ապաստան է գտել առնվազն հինգ հազար նացիստ: Փոխանցում է lenta.ru-ն:
‘