‘Արդարանալու ժամանակն անցել է’

1771

Ոչ միայն իր բովանդակությամբ, այլչ ինքնին՝ որպես կայացած փաստ, Սերժ Սարգսյանի հարցազրույցը արդեն իսկ բավական խոսուն իրադարձություն է: Չխոսկանի խոսքը այս դեպքում չի կարող չունենալ ծանրակշիռ պատճառներ, որոնք, ինչպես միշտ, ոչ թե պետական, այլ նեղ անձնական ոլորտից են: Այսինքն՝ կարևոր է մեկ արձանագրում. Սերժ Սարգսյանին հանրային հեռուստաընկերություն բերողը ոչ թե երկրի առջև ծառացած խնդիրներն են, ինչպես փորձ է կատարվում ներկայացնել, այլ ռեժիմի մեկուսացմամբ և ընդդիմության միասնականությամբ պայմանավորված՝ իշխանությունը կորցնելու իրական վտանգները: Եթե այս վտանգն առկա լիներ նաև Աստանայում` համոզված եղեք, որ ի պատասխան Ալիեւի նամակի, այնուամենայնիվ, մենք մեկ-երկու նախադասություն կլսեինք: Այլ կերպ ասած` Սերժ Սարգսյանի ինքնապաշտպանական բնազդն աշխատում է ոչ թե սեփական արժանապատվությանը, Հայաստանին կամ Արցախին, այլ բացառապես իր պաշտոնին սպառնացող վտանգի առկայության դեպքում:

Մանավանդ՝ այսօրվա պայմաններում, երբ քաղաքական զարգացումները ոչ մի լավ բան չեն խոստանում գործող իշխանություններին, երբ քաղաքական օրակարգը թելադրվում է չորս ընդդիմադիր ուժերի կողմից, երբ Սերժ Սարգսյանը ձախողվում է սեփական` կեղծ սահմանադրական փոփոխությունների օրակարգը կյանքի կոչելու գործում, երբ նա հենց սեփական թիմի կողմից արդեն ընկալվում է որպես թուլացած և հեռացող, երբ իրեն պաշտպանողների շրջանակը սահմանափակվում է մի քանի փչացած երիտհանրապետականներով, երբ լիովին բացահայտված են դաշտը պղտորող ու գաղջը ձևավորող իշխանահպատակ ընդդիմադիրներն ու վերլուծագանգերը, երբ սպառված են իշխանությունը պահելու թե՛ արտաքին, թե՛ ներքին բոլոր ռեսուրսները, երբ ժողովրդի ատելությունը վարչախմբի նկատմամբ հասել է իր գագաթնակետին, սեփական պաշտոնը ամեն ինչից վեր դասող Սերժ Սարգսյանի նման պահվածքը լիովին բացատրելի է:

Սրա հետ մեկտեղ՝ ուշադրության են արժանի նաև Սերժ Սարգսյանի հարցազրույցի մի քանի հատվածներ, որոնք ևս հաստատում են նրա հանցավոր, հակաժողովրդական և հակապետական էությունը:

Աստանայի մասին

«…քաղաքականության մեջ, առավել ևս՝ դիվանագիտության մեջ, հույզերը տեղ չունեն՝ դիվանագիտությունը կամ բանակցությունները տղայություններ անելու տեղ չեն: Դիվանագետի նպատակը խնդիրը լուծելն է, և մենք մեր խնդիրը լուծելու համար ցուցաբերելու ենք հաստատակամություն՝ հույզերը պարտակելով մեր մեջ, բայց սառը հաշվարկներով ու տրամաբանությամբ գնալով դեպի խնդրի լուծում: …Երբ ասում են՝ անակնկալ էր, ես չեմ կիսում, ո՞նց կարող էր անակնալ լիներ: Մեր պատվիրակության մեջ տասից ավելի մարդ կար, ու նախորդ երեկոյան մենք խորհրդակցություն էինք անցկացրել, բոլորն էլ գիտեին, որ նամակ է հղել երեք Նախագաներին: Բացի այդ՝ մենք ունեինք անցյալի փորձը

Մի´ պաշտպանեք Արցախը ինձնից, դա ո´չ միայն վիրավորական է, այլ նաև՝ անհեթեթ: »

Մի կողմ դնենք այն հանգամանքը, որ նման իրավիճակում, ցանկացած պարագայում, պետք է բարձրաձայն հնչեցվեր Հայաստանի Հանրապետության դիքորոշումը ԼՂՀ-ի կարգավիճակի հարցում: Անգամ եթե այն այդքան պարզ և հասկանալի է հանրապետականների համար, միևնույն է՝ դիքորոշման վերահաստատումը տվյալ հարցում ուներ կարևորագույն նշանակություն: Ինչ վերաբերում է այն խոստովանությանը, որ սա անակնկալ նամակ չէր, ապա Սերժ Սարգսյանն ուղղակի ջարդուփշուր է անում թե՛ իր խոսքը, թե՛ իրեն սպասարկող քարոզչակենտրոնների կողմից շաբաթներով թմբկահարվող այն արդարացումը, թե  իբր ելնելով Ալիեւի նամակի անսպասելիությունից՝ սխալ կլիներ առանց պատրաստվելու, զգացմունքային և տղայական պատասխանը: Հարցազրույցի հեղինակը նույնպես իր նախադասության սկզբում  շարունակում է այս տրամաբանությունը, երբ ասում է, որ Աստանան տղայություններ անելու տեղ չէ: Պարզ է, որ տղայություն կլիներ անսպասելի իրավիճակից դուրս գալու նպատակով կամ Նազարբաեւին, կամ Ալիեւին դիվանագիտական լեզվով հայհոյելը, բայց եթե ամեն ինչ պարզ էր դեռ մեկ օր առաջ, ապա ի՞նչ տղայականի մասին է խոսքը: Ակնհայտ է, որ հանգիստ կարելի էր նախապատրաստել ու  հնչեցնել սառնասիրտ, ոչ թե տղայական, այլ քաղաքական ու արժանապատիվ պատասխան:

Ուստի` այստեղ Սերժ Սարգսյանը կամ ստում է, կամ ընդունում, որ բացի տղայական, անզուսպ ու անգրագետ պատասխանից ՝այլ պատասխան նա և նրա ավազակախումբը չէին կարող մոգոնել թեկուզ մեկ,  թեկուզ տասն օր ժամանակ ունենալու դեպքում:

Իսկ ամենակարևոր հարցն այստեղ հետևյալն է. եթե այդքան անընդունելի էր զգացմունքային պատասխանը, ապա ի՞նչը դրդեց նրան մի քան օր անց երիտհանրապետականների հետ հանդիպման ժամանակ տհաճություն հայտնել նամակի ընթերցման վերաբերյալ: Տհաճություն հայտնող էիր` Աստանայում հայտնեիր: Կարճ ասած` այս հարցում Սերժ Սարգսյանի համար լավագույն լուծումը կլինի լռելը և սեփական արդարացումների ու ստերի մեջ չխճճվելը: Ինչ վերաբերում է նրա հուզիչ խնդրանքին, ապա, ցավոք՝ այն ստիպված պետք է մերժվի, քանի որ նման ապաշնորհ ու հակապետական արտաքին քաղաքականությունից  ու այդ քաղաքականությունը իրականացնողից պաշտպանության կարիք ունի ոչ միայն Արցախը, այլև Հայաստանն ու ողջ հայ ժողովուրդը:

Քառյակի մասին

«…եթե Քառյակի նպատակը համագործակցությունն է, ապա նման փաստաթղթերից պետք է բացառվեն «պարտադրում ենք», «պահանջում ենք» բառերը:

Աշխարհի բոլոր երկրներում էլ կան դժգոհություններ, որոնք պայմանավորված են այդ ցանկություններով, և սա շատ նորմալ բան է: Աշխարհի բոլոր երկրներում կան տեսակետների բախումներ, տարակարծություններ: Այս տեսակետների բախման ժամանակ են ծնվում պետության համար օգտակար որոշումները: Իմ ցանկությունն է, որ այս պրոցեսները խորացնենք, բայց մի պայմանով, որ այդ բախումները իսկապես լինեն տեսակետների բախումներ, որ դրանք լինեն ԱԺում, մամուլի էջերում և ո´չ թե՝ ցուցարարների ու ոստիկանների միջև»

Սուտը, կեղծիքը, տրամաբանության բռնաբարումը շարունակվում են: Նախ, այստեղ արտահայտվում է ուղղակի ցանկություն: Ի՞նչ համագործակցության մասին է խոսքը, երբ ընդդիմությունը համագործակցության մասին մի բառ անգամ չի ասել: Կան պահանջներ, որոնք ներկայացված են չորս քաղաքական ուժերի կողմից, և համապետական հանրահավաքի միջոցով այդ պահանջների կատարումը (պահանջների չկատարման դեպքում՝ ամբողջական իշխանափոխություն) պարտադրելու նպատակ:

Այս բառախաղը՝ դեռ ոչինչ, եթե չլինեին հաջորդ նախադասությունները: Հաջորդ հատվածում ևս Սերժ Սարգսյանը շատ արագ անցնում է ինքնաոչնչացման` սահուն անցում կատարալով «այլ երկրներ» ասվածին, երբ այլ երկրների փորձն անգամ ոչ այնքան խորացված ուսումնասիրողը չի կարող զարմանալ ընդդիմության բառապաշարում առկա «պարտադրել», «պահանջել» բառերից, որովհետև նույն այդ «այլ երկրներում», ինչպես մեր հարցազրույց տվողն է նշում, սա շատ նորմալ բան է: Ինչ վերաբերում է «բախումներին», ապա բացի նրանից, որ Սերժ Սարգսյանը, ըստ էության, աղաչում-պաղատում է ընդդիմությանը՝ պայքարը ԱԺ-ից ու լրատվական հոսքերից դուրս չհանելու մասին, նաև փորձ է կատարում ընդդիմության և վարչախմբի մահակ հանդիսացող ոստիկանության միջև դնել հավասարության նշան, այնինչ՝ առնվազն վերջին վեց տարիների փորձը մեզ ցույց է տվել, որ ընդդիմության բացառապես քաղաքակիրթ, խաղաղ պայքարի միջոցներին հենց իշխանություններն են ոստիկանության և մյուս ուժային կառույցների միջոցով հակադրել բիրտ ուժ` հրահրելով ոչ թե բախումներ, այլ այլախոհների գնդակահարություններ, ծեծ, ձերբակալություններ:

Ցեղասպանության 100-ամյակի մասին

«Աբդուլլահ Գյուլը հնարավորություն չի ունենա, ամենայն հավանականությամբ, այդ հարցը քննարկելու, երբ ժամանակը գա, քանի որ նա հայտարարել է, որ չի մասնակցելու նախագահական ընտրություններին, եւ որպեսզի այդ հարցի պատասխանն ավելի հստակ ունենանք, մնացել է ընդամենը երկու շաբաթ, բայց ես գնահատում եմ Գյուլին՝ որպես քաղաքական գործչի, քանի որ, իմ համոզմամբ, նա լայնախոհ մարդ է եւ շատ լավ գիտակցում է իր երկրի իրական շահը…»

Հարցազրույցի այս հատվածից ստեղծվում է այն տպավորությունը, թե Թուրքիայի նախագահի  կանխատեսելի կամ պայմանավորված այցելությունը Հայաստան, որը իրականում բացարձակապես ոչ մի օգուտ չի տալու Ցեղասպանության միջազգային ճանաչմանը, փորձ է արվելու ներկայացնել որպես տվյալ հարցում մեծագույն առաջընթաց և որպես «հեռատես» Սերժ Սարգսյանի «հերթական հաղթանակ»: Այդպիսով՝ ևս մեկ անգամ ապացուցվում է, որ, ինչպես իր վերջին հոդվածում նշում է նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ «Սարգսյանը խնդիր է դրել ոչ թե վերաիմաստավորելու եւ Հայոց պետականության շահերից բխող նոր մակարդակի բարձրացնելու Ցեղասպանության խնդրի արծարծումը, այլ 100-ամյակի առիթը վերածելու հայրենաբնակ քաղաքացիների եւ սփյուռքահայության հայրենասիրական զգացմունքների շահարկմամբ սեփական հեղինակությունը ամրապնդելուն միտված էժան շոուի:»

Երազանքների մասին

« 65-ամյակը կցանկանամ դիմավորել ազատ Արցախով, հստակ հաստատված խաղաղությամբ, արագ տեմպերով զարգացող Հայաստանում և նույնչափ արագ տեմպերով ներգաղթի երևույթներով…»

Այստեղ են ասել. «Զգուշացե՛ք ձեր երազանքներից, դրանք երբեմն իրականանում են»:

Փաստորեն՝ ձախողված բռնապետը ցանկանում է այն, ինչ ցանկանում է ողջ հայ ժողովուրդը: Սակայն այստեղ արդեն ցանկություններով բավարարվելը քիչ է: Անհրաժեշտ է գործի անցնել, քանի որ այս ցանկությունների իրականացումը մեծապես կախված է հենց Սերժ Սարգսյանից, ով այժմ թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի անվտանգության և զարգացման ճանապարհին ամենամեծ խոչընդոտն է: Եթե նա ունի նման նպատակներ, ինչը, մեղմ ասած, կասկածելի է, ապա հեռացումն այդ նպատակների իրագործման ամենակարճ ճանապարհն է: Հակառակ պարագայում խոչընդոտների վերացման գործընթացն իր ավարտին կհասցնեն ՀՀ քաղաքացիները, ինչին, դատելով ընդդիմության գործողություններից, մասնավորապես` Ազատության հրապարակում աշնանը արդեն նախատեսված համապետական հանրահավաքից՝ երկար չենք սպասի:

Իսկ այդ պարագայում Սերժ Սարգսյանը, մեղմ ասած, 65–ամյակ նշելու տրամադրություն ու հնարավորություն դժվար թե ունենա:

Արեգ Գևորգյան

 

Նախորդ հոդվածը‘Համլետ Գասպարյանը` նաեւ Չեռնոգորիայում դեսպան ‘
Հաջորդ հոդվածը‘Սերգեյ Լավրով. ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցումը և ղարաբաղյան հակամարտության լուծումը տարբեր հարցեր են’