Արդեն երեք ամիս շարունակվող բողոքի զանգվածային ցույցերն Իրանում սանձահարելու նպատակով իշխանությունները միանգամից մի քանի ցուցարարի դատապարտել են պատժի առավելագույն չափի՝ մահապատժի։
Միայն վերջին երկու օրերին ոստիկանության հետ բախումներում զոհվել է առնվազն յոթ ցուցարար, հաղորդել են ակտիվիստները և իշխանության ներկայացուցիչները։
Ընդհանուր առմամբ՝ զանգվածային ցույցերի երկու ամսում ոստիկանության և բասիջների ջոկատների (կիսառազմական աշխարհազոր) հետ բախումներում սպանվել է մի քանի հարյուր ցուցարար։ Իրանի իշխանությունները հույս ունեն, որ մի քանիսի ցուցադրական մահապատիժները կմեղմեն պետական մեքենային դեմ գնալու՝ ցուցարարների ցանկությունը։
«Ինստագրամի» և այլ սոցիալական ցանցերի օգտատերերը ցնցող լուրեր են փոխանցում այն մասին, որ մահվան դատավճիռ է կայացվել, իբր, գրեթե 15 հազար ցուցարարների նկատմամբ։ Այդ լուրի տարածմանը հատկապես նպաստում են հայտնի մարդկանց հրապարակումները։ Մասնավորապես՝ այդ լուրը հրապարակել են Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, դերասանուհի Սոֆի Թյորները և այլն։
Ինչպես պարզել է «Ալ-Ջազիրան», այդ լուրի սկզբնաղբյուրը Newsweek ամսագիրն է, որը «մահապարտ» է հռչակել երկու ամսվա ցույցերի ընթացքում ձերբակալված բոլոր ցուցարարներին, իսկ նրանց ընդհանուր թիվը, իրավապաշտպանների հաշվարկներով, հենց 15 հազար է կազմում։
Իրանական ոստիկանության և բասիջների ջոկատների հետ բախումներում նույն ընթացքում, կրկին՝ իրավապաշտպանների հաշվարկներով, զոհվել է 344 ցուցարար, այդ թվում՝ 26 կին և 43 երեխա։
Փոխանցում է BBC-ն։