‘Արեն Մանուկյանը ազատ է արձակվել’

1754

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ Արեն Մանուկյանը ազատ է արձակվել Ոստիկանության Կենտրոնի բաժնից: Այդ մասին նա քիչ առաջ հայտնեց iLur.am-ի թղթակցին:

Ինչպես արդեն հաղորդել էինք, Փակ շուկայի դիմացից ոստիկանները բերման են ենթարկել Հայ ազգային կոնգրեսի անդամ Արեն Մանուկյանին: Հիշեցնենք, որ Փակ շուկայի մոտ այսօր տեղի է ունեցել «Ազատենք հուշարձանը օլիգարխից» ակցիան, որի ընթացքում քաղաքացիական ակտիվիստների դեմ են դուրս եկել տեղի բնակիչ ներկայացած մի քանի տասնյակ մարդիկ և տեղի է ունեցել բախում նրանց միջեւ:

Կենտրոնի ոստիկանական բաժանմունքում գտնվող Արեն Մանուկյանը մեզ հայտնել էր, որ ինքը մեղադրվում է Վարչական օրինախախտումների վերաբերյալ օրենքի 182 հոդվածով, այն է՝ Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը:

Արեն Մանուկյանը նշեց, որ Ոստիկանությունում կուսումնասիրեն տեղում արված տեսանյութերը և եթե գտնեն, որ բավարար ապացույցներ ունեն գործը կուղարկեն դատարան:

Արենը նաև հայտնեց, որ իրեն առաջադրվող մեղադրանքը միանգամայն անհիմն է:

Նշենք նաև ոստիկանություն բերման էին ենթարկվել նաև Փակ շուկայի տարածքում քաղաքացիական ակտիվիստների դեմ ընդդիմացող կանանցից մեկին, անցուդարձին հետեւող եւ ակտիվիստների հետ բախուներ հրահրող  մի քանի «պարապած տղաների», ինչպես նաեւ ակտիվիստ Վարդգես Գասպարիին: Մեր տեղեկություններով «պարապած տղաներին» մեղադրանք չի առաջադրվել, նրանց բերման էին ենթարկել ցուցմունք տալու:

Այս պահի դրությամբ, բոլոր բերման ենթարկվածները ազատ են արձակվել:

Նախորդ հոդվածը‘«Տեղի բնակիչներ», որոնք պատրաստ են կանգնացնել Լֆիկի արձանը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանի դուբլը հաղթանակ բերեց «Բորուսիային» (տեսանյութ)’