‘Արթուր Աբրահամը պաշտպանեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը (տեսանյութ, լուսանկարներ)’

2776

Արթուր Աբրահամը հերթական անգամ պաշտպանեց պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Փետրվարի 21-ին Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի O2 Word մարզասրահում տեղի ունեցած մենամարտում հայ բռնցքամարտիկը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց աշխարհի չեմպիոնի հավակնորդ, բրիտանացի Փոլ Սմիթին,ում հետ ռևանշ մենամարտ էր անցկացնում:

1-3-րդ ռաունդները նման էին իրար: Սմիթն ավելի ակտիվ էր սկսում ռաունդը, որի վերջնամասն անցնում էր 35-ամյա Աբրահամի գրոհների ներքո: Սկզբնամասում 32-ամյա բրիտանացին ավելի շատ էր գրոհում, սակայն Արթուրի հակագրոհներն ավելի նպատակային էին ու վտանգավոր: Հայ բռնցքամարտիկի առավելությունը նկատվեց չորրորդ ռաունդում, որում Սմիթը բաց թողեց մի շարք հարվածներ: Հաջորդ մի քանի ռաունդներում եւս Աբրահամի առավելությունը մեծ էր: Արթուրն անցկացնում էր շատ գրագետ մենամարտ, իսկ մրցակցի հարվածներն այլեւս վտանգավոր չէին ստացվում: Վերջնամասում հայ բռնցքամարտիկը փորձում էր կատարել իր խոստումը եւ նոկաուտի ենթարկել մրցակցին, սակայն Փոլ Սմիթը դիմացավ մինչեւ վերջ: Պրոֆեսիոնալ ռինգում Արթուր Աբրահամի 42-րդ հաղթական մենամարտում գրանցվեց 116:112, 117:111, 117:111 հաշիվը: Անցկացրած 48 մենամարտերում նա 28 անգամ հաղթել է նոկաուտով: 

Արթուր Աբրահամը իր այս հաղթանակը նվիրել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:

Հիշեցնենք, որ Աբրահամի եւ Սմիթի միջեւ նախորդ մենամարտը կայացել էր 2014-ի սեպտեմբերի 27-ին, երբ Գերմանիան ներկայացնող հայ բռնցքամարտիկը հաղթել էր մրցավարների միաձայն որոշմամբ՝ 117:111, 117:111, 119:109: Այդ մարտից հետո բրիտանացին հայտարարել էր, որ մրցավարներն օգնել են Արթուրին: 

Նախորդ հոդվածը‘Իբրահիմովիչ. «Որակազրկման ընթացքում գուցե Լուսին թռչեմ»’
Հաջորդ հոդվածը‘Անչելոտին «Ռեալի» ղեկին 100-րդ հանդիպումը կանցկացնի’