‘Արթուր Աբրահամ. Ամեն ինչ կանեմ չեմպիոնական գոտին վերանվաճելու համար’

1053

«Ամեն ինչ կանեմ չեմպիոնական գոտին վերանվաճելու և իմ մարզչի, մարտարվեստի երկրպագուների, ընկերների, բարեկամների սպասելիքներն արդարացնելու համար: Հիմա սա է իմ թիվ մեկ նպատակը»,- հայտարարել է Արթուր Աբրահամը փետրվարի 25-ին Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում իր մրցակցի` Ռոբերտ Շտիգլիցի հետ համատեղ մամլո ասուլիսում (մարզիչների և մենեջերների մասնակցությամբ): Ռոբերտ Շտիգլիցն իր հերթին նշել է, որ հաղթանակի է ձգտում և դրանով ցանկանում կերտել բռնցքամարտի պատմություն: Ինչպես նշվում է Արթուր Աբրահամի մամլո խոսնակի տարածած հաղորդագրությունում, Արթուր Աբրահամը և Ռոբերտ Շտիգլիցն իրենց 3-րդ հանդիպումը կանցկացնեն մարտի 1-ին, գերմանական Մագդեբուրգ քաղաքում: Սա նրանց 3-րդ հանդիպումն է լինելու: Աբրահամն ու Շտիգլիցը առաջին անգամ հանդիպել են 2012թ. օգոստոսի 25-ին, Բեռլինում: Այդ օրը Արթուր Աբրահամը, մրցավարների միաձայն որոշմամբ միավորների առավելությամբ հաղթեց` նվաճելով Շտիգլիցին պատկանող աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Հետո Արթուր Աբրահամը ռեւանշի հնարավորություն տվեց Շտիգլիցին, եւ կորցրեց իր տիտղոսը երկրորդ մենամարտի ժամանակ: Մենամարտը կայացավ 2013 թ. մարտի 23-ին Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի “Getec” մարզահամալիրում: Այս մենամարտում Աբրահամը երրորդ ռաունդում աչքի վնասվածք ստացավ, բժիշկը դադարեցրեց մարտը եւ Շտիգլիցը տեխնիկական նոկաուտով հաղթեց: Հիմա նրանց հաշիվը 1:1 է: Մարտի 1-ին կայանալիք մենամարտը վճռելու է, թե ով է երկու բռնցքամարտիկներց ուժեղագույնը:

 

Նախորդ հոդվածը‘Յուրի Վարդանյան. Կազմակերպչական աշխատանք ես միշտ էլ կատարել եմ’
Հաջորդ հոդվածը‘Ա. Միլլեր. Հայաստանի գազաֆիկացման մակարդակը նախանձելի է ՌԴ շատ սուբյեկտների համար’