‘Արթուր Ալեքսանյանը որակազրկվել և զրկվել արծաթե մեդալից, Ֆրանգուլյանը՝ Թբիլիսիի մրցաշարի հաղթող (տեսանյութ)’

5239

Թբիլիսիում հունիսի 10-ին մեկնարկած միջազգային մրցաշարի առաջին օրը հայ ըմբիշները նվաճեցին ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալներ: Մեկնարկային օրը մեդալներ վիճարկվեցին ազատ ոճի 57, 65, 74, 97 կգ ու հունահռոմեական ոճի 59, 71, 80, 98 կգ քաշային կարգերում:

Ռիո-2016-ի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 3 տպավորիչ հաղթանակ տանելուց հետո դուրս եկավ 98 կգ քաշային կարգի եզրափակիչ, որտեղ հանդիպեց վրացի Ռեւազ Նադարեիշվիլիի հետ: Գոտեմարտի ավարտից 50 վայրկյան առաջ մրցագորգի հարեւանությամբ տեղի ունեցավ միջադեպ, ինչի պատճառով Արթուր Ալեքսանյանը մի պահ հեռացավ գորգից, իսկ մրցավարները հաղթանակը շնորհեցին վրացի ըմբիշին: Այդ պահին Ալեքսանյանը պարտվում էր 1:2 հաշվով: Վրացի ըմբիշին շնորհվեց եւս 2 միավոր ու հաղթանակ, իսկ գոտեմարտը չշարունակվեց: Հայաստանի թիմի մարզիչները փորձեցին բողոքարկել, սակայն մրցավարները չփոխեցին իրենց որոշումը:

Արթուր Ալեքսանյանը նաեւ որակազրկվեց եւ զրկվեց նաեւ արծաթե մեդալից:

Վրացի լեգենդար ըմբիշներ Վախթանգ Բալավաձեի եւ Գիվի Կարտոզիայի անվան մրցաշարի հաղթողները կստանան 1000 դոլար, արծաթե մեդալակիրները՝ 800, իսկ բրոնզե մեդալակիրները՝ 500:

Ազատ ոճի մրցաշարի 65 կգ քաշային կարգում Վալոդյա Ֆրանգուլյանը նվաճեց ոսկե մեդալ, իսկ Նարեկ Սիրունյանն արժանացավ բրոնզե մեդալի: Նախորդ ամիս Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությունում Ֆրանգուլյանը բրոնզե մեդալ էր նվաճել 61 կգ քաշային կարգում, որն օլիմպիական չէ:

74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը պարտվեց միայն եզրափակիչում եւ դարձավ արծաթե մեդալակիր, իսկ 57 կգ Գարիկ Բասեղյանը նվաճեց բրոնզե մեդալ:

Հունահռոմեականների մրցաշարում Մաքսիմ Մանուկյանը (85 կգ) հանդես եկավ 80 կգ քաշային կարգում եւ արժանացավ արծաթե մեդալի:

Նախորդ հոդվածը‘Լյուբիշա Տումբակովիչ. Վստահ չէի, որ այսպիսի հաղթանակ կտանենք Հայաստանի հավաքականի նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Norway Chess-2017. Արոնյանը Վաշյե- Լագրավի հետ հանդիպումն ավարտեց ոչ ոքի’