‘Արթուր Բաղդասարյանն ու Դավիթ Շահնազարյանը կողմ են «քաղաքական համաձայնությանը»’

945

Երեկ ուշ երեկոյան ավարտվել է «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը, որի արդյունքներով կուսակցության քաղաքական խորհուրդը ընդունել է հայտարարություն, որում, մասնավորապես, ասվում է

«ՕԵԿ քաղաքական խորհուրդը.
1. Գոհունակությամբ ընդգծում է միջազգային կազմակերպությունների և աշխարհի ուժային կենտրոնների դրական գնահատականները ընտրությունների վերաբերյալ:
2. Կարևորում է ընտրությունների ընթացքում տեղ գտած թերությունների և խախտումների համակողմանի քննությունը և իրավապահ մարմինների կողմից պատշաճ հետևողականության ցուցաբերումը դիմում-բողոքների հիմքով օբյեկտիվ և շուտափույթ քննություն անցկացնելու, մեղավորներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու համար:
3. Հորդորում է ներկա և հետագա քաղաքական գործընթացները, զանգվածային միջոցառումները, բողոքի երթերն ու ցույցերը իրականացնել բացառապես Սահմանադրության և օրենքների շրջանակներում և կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին, գործիչներին և ՀՀ բոլոր քաղաքացիներին ցուցաբերել զսպվածություն և հանդուրժողականություն, առաջնորդվել ներքաղաքական կայունության և Հայաստանի Հանրապետության ներքին ու արտաքին անվտանգությունը չխաթարելու հրամայական պահանջով:
4. Առաջարկում է նախաձեռնել հանրային լայն երկխոսության ձևաչափ` դրանում ներգրավելով շահագրգիռ քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներին` առկա խնդիրները համատեղ քննարկելու և երկխոսության միջոցով լուծելու համար:
5. Կոչ է անում Ազգային ժողովի խմբակցությունների ներկայացուցիչներից ձևավորել աշխատանքային խումբ, որը քննության առարկա կդարձնի երկրում ստեղծված հետընտրական իրավիճակը, կառաջարկի լուծումներ ստեղծված իրավիճակի հաղթահարման ուղղությամբ, անհրաժեշտության դեպքում նախաձեռնելով նաև օրենսդրական բարեփոխումներ:

«Օրինաց երկիր» կուսակցությունը միաժամանակ հանդիսանալով իշխանության մաս կազմող քաղաքական ուժ, հայտարարում է երկրում վճռական բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտության և հրամայականի մասին», — ասվում է կուսակցության հայտարարությունում:

Նշենք, որ նախօրեին երկխոսության առաջարկով հանդես է եկել նաեւ Համաձայնություն» կենտրոնի նախագահ Դավիթ Շահնազարյանը:

«Նման աղետալի վտանգից խուսափելու, ստեղծված բարդ իրավիճակը հանգուցալուծելու միակ ուղին քաղաքական համաձայնությունն է, որին հասնելու հնարավորությունը, կասկած չունեմ, դեռեւս սպառված չէ: Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, կոչ եմ անում Սերժ Սարգսյանին եւ Րաֆֆի Հովհաննիսյանին՝ անհապաղ վերսկսել երկխոսությունը, եւ հանուն մեր պետականության ու ժողովրդի հասնել քաղաքական համաձայնության», — ըատ Aravot.am-ի, հայտարարել է Շահնազարյանը: 

 

Նախորդ հոդվածը‘Բենիտեսի եւ Ջոն Թերիի միջեւ վիճաբանությունն ավարտվել է քաշքշոցով’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսը կոչ է անում մարտի 1-ին միանգամից հավաքվել Մյասնիկյանի հրապարակում ‘