‘Արթուր Գրիգորյան. Դասական քաղաքականությունը՝ որպես պետականության առկայության միակ երաշխիք ‘

3087

ՄԱՍ ԱՌԱՋԻՆ

Իմաստավորելով հանրայինը՝ դեպի քաղաքական.

Չափազանց կանխատեսելի զուգադիպությամբ, քաղաքական ընդդիմության ակտիվացմանը զուգընթաց՝ տեղի են ունենում վերջինիս «ավտորիտար», «հակաժողովրդավարական» և «հակապետական» լինելու վերաբերյալ «քաղքացիական» պաթետիկ պոռթկումներ: Ինչպես և մաթեմատիկական ճշգրտությամբ ենթադրելի էր՝ գործող վարչակազմի վարկաբեկվածության պատճառով նրա ձայնը պետք է հնչեցվեր այլ՝ «անմեղ» տեղերից: Սա ասում եմ՝ ոչ թե ինչ-որ մարդկանց ակնարկելով, այլ զուտ որպես վարչակարգի կողմից կիրառվող տեխնոլոգիա մատնանշելու համար: Պարզ է՝ այդ գործը պետք է ստանձնեն հանրային դաշտում վխտացող, պրոֆեսիոնալ անկախ հեղափոխականներն ու, Ուստեն կասեր՝ օրիորդաց դպրոցի սաները: Բա հո Բաբուխանյանը չէ՞ր անելու: Ու ձանձրացնող կանխատեսելիությամբ կրկին սկսվեց քաղաքական տհասության ու մարտնչող տգիտության փառատոնը. թե բա՝ սա հակաժողովրդավարական շարժում է, մարդկանց հետ հանրահավաքի օրակարգը չի քննարկվել (սա լուրջ դեմքով են ասում), հրապարակում հավաքված բազմությունն էլ ոչ թե ժողովուրդ է, այլ «մասսովկա»: Երևի Սերժին լեգիտիմացրած եվրոբյուրոկրատները պետք է ասեն, թե ինչն է ժողովրդավարական, ինչը՝ ոչ: 2008-ն էլ ժողովրդավարական չէր, քանի որ հրապարակում չէր հնչում «ի՞նչ ենք ուտում՝ ռուսի միս, ի՞նչ ենք խմում՝ ռուսի արյուն»՝ ինքնիշխան-հումանիստական կոչը:

Սակայն հիմա այս մասին չէ, որ ուզում եմ խոսել՝ ասելիքս շատ ավելի կոնկրետ է՝ մտքի քաղաքական ձևին հարիր հստակությամբ: Չհավակնելով տալ մասնագիտական գնահատականներ՝ երկու-երեք հոդվածների միջոցով կփորձեմ ներկայացնել իմ համեստ պատկերացումները առկա գործընթացի քաղաքական/հանրային հարաբերակցության մասին և կոնկրետացնել ընդհանրությունների և հակասությունների շրջանակները: Թեև վաղուց արդեն աքսիոմատիկ ճշմարտությամբ ապացուցված է, որ ֆեյսբուքահայ «քաղաքացիական հասարակությունն» ու զարմանազան հանրային-քաղաքական միավորները իրական քաղաքականությամբ զբաղվելու ոչ մտավոր ռեսուրս ունեն, ոչ էլ՝ ցանկություն, այնուհանդերձ, շատ կարևոր է կատարել որոշակի պարզեցնող շեշտադրումներ՝ սահմանափակելով նենգամիտ լղոզումների ու միամիտ թյուրընկալումների շրջանակը: Թվում է՝ չափազանց պարզ բաներ պետք է ասեմ՝ ամոթ էլ է դրանց մասին այսքան խոսել, բայց մի վերջնական հստակեցում կարծես թե չէր խանգարի:

Նախապես ասեմ, որ հարգում եմ բոլորի կարծիքն ու անկեղծորեն արժևորում յուրաքանչյուրի ներուժը՝ երկրում անհետաձգելի փոփոխություններ կատարելու կամ դա անելու բարի ցանկության գործում: Պարզապես պետք է հասկանալ՝ մենք բոլորս ֆուտբո՞լ ենք խաղում, թե՞ ոմանք խաղի կանոնները խառնել են և քաղաքականությամբ փորձում են զբաղվել, օրինակ՝ իրավապաշտպանին կամ ակտիվիստին բնորոշ մտածելակերպով ու վարվելակերպով: Այստեղից էլ առաջանում է դիսոնանս ցանկությունների ու հնարավորությունների միջև, քանի որ քաղաքականությունը, ինչպես գիտենք, հնարավորի արվեստ է, ընդ որում՝ թե՛ ներքին հիմնախնդիրների լուծման և թե՛ արտաքին քաղաքականության կողմնորոշումների համատեքստում, մինչդեռ բարի ցանկություններն ու մարդկության իրավունքների պաշտպանությունը ազգեր ու սահմաններ չեն ճանաչում:

Հիմա, խուսափելով ոչ էական նրբերանգներից, ներկայացնեմ փաստացի իրավիճակի՝ երեք կետից բաղկացած ընդհանուր նկարագրություն ու փորձեմ հստակեցնել տարաձայնությունները:

Առաջին՝ ի՞նչ են ուզում բոլորը. ես չգիտեմ հասարակական-քաղաքական գործընթացին մասնակից որևէ մարդու, ով չի ուզում գործող համակարգի փոփոխություն: Հիմնավորումները նույնական են՝ զանգվածային արտագաղթի հանգեցնող պայմանների համաբույլ, որոնք անհնարին են դարձնում Հայաստանի գոյությունը տեսանելի ապագայում: Ֆիքսենք, որ այս՝ ուղենիշային հարցում կարծես հակասություններ չկան: Տարաձայնություններ կան համակարգը փոխելու միջոցների հարցում, որոնք ներկայացնեմ հաջորդ երկու կետերով:

Երկրորդ՝ ինչպե՞ս փոխել համակարգը: Արդյո՞ք հնարավոր է դա անել առանց քաղաքական դաշտում առկա ռեսուրսների լիարժեք օգտագործման: Ահա, այստեղ կան անհամատեղելի տարակարծություններ: Որոշ ակտիվ հանրային և մերձհանրային քաղաքական միավորներ պնդում են, որ պետք  է դա անել առանց խոշոր բիզնեսի ռեսուրսներն օգտագործելու, քանի որ դրանով համակարգ չես փոխում, այլ միայն գումարելիների տեղերը: Այս տեսակետը երկար քննարկելու անհրաժեշտություն չկա. համաշխարհային փորձից անթիվ-անհամար փաստարկներ են բերվել: Այլ կարծիքի կրողներին էլ մնում է հստակ բացատրել և իրենց օրինակով ցույց տալ, թե ի՞նչ ռեսուրսների հաշվին են առաջիկայում պատրաստվում այս արատավոր համակարգը փոխարինել «հալալ կաթնակեր»՝ Բոկաչչոյի վեպի հերոսներով:

Հակառակ այս մոտեցման, դեռևս 2007-ից սկսած՝ Տեր-Պետրոսյանը խոսում է բուրժուա-դեմոկրատական հեղափոխության անհրաժեշտության, խոշոր բիզնեսը վարչակազմի տեռորից ազատելու և բոլորի համար ազատ տնտեսական մրցակցություն ստեղծելու մասին՝ որպես ժողովրդավարական հասարակության ձևավորման նախադրյալ: Ներքին ռեսուրսից հրաժարվելու դեպքում դու ի վիճակի չես պայքարել վարչական մեքենայի դեմ և պետք է ապավինես միայն արտաքին ուժերի աջակցությանը, իսկ նրանք ունեն միայն սեփական շահեր, երբեք քո շահերը չեն պաշտպանելու ու քո զարգացմանը չեն նպաստելու: Տեր-Պետրոսյանը նաև բազմիցս ասել է, որ առանց երկրի մյուս ուժերի աջակցության, Կոնգրեսը միայնակ չի կարող իշխանություն փոխել, և բոլորին խնդրել է այդ գործում իրեն աջակցել: Ի պատասխան՝ այդ նույն հասարակական-քաղաքական հատվածներից ստացել է միայն հեգնական արձագանք, իսկ աջակցության փոխարեն՝ օն-լայն հարվածներ:

Այստեղից տրամաբանության օրենքների և սիլլոգիզմի կանոնների հիման վրա բխեցնենք հետևություն՝ Տեր-Պետրոսյանի գլխավորած ուժը կոնկրետ գործով փորձում է կենսագործել իր մոտեցումները: Թե որքանո՞վ է արդարացված բուրժուա-դեմոկրատական հեղափոխության մոդելը, և որքանո՞վ այն կարող է հանգեցնել տնտեսական ազատությունների ու ժողովրդավարական կառավարման ձևի կայացմանը՝ ցույց կտա ժամանակը: Փաստ է, սակայն, որ ի տարբերություն այս հարցում հակառակ կարծիք ունեցող խմբերի, այս քաղաքական միավորը գործում է: Իսկ նրանք, ովքեր վարչակարգը փոխելու այլ մոդելներ են առաջ քաշում, թող նույնպիսի կոնկրետ գործողություններով իրենց մոտեցումները կենսագործեն: Խոսքիս մեջ որևէ անընդունելի, անհասկանալի, պախարակելի բան չկա, չէ՞: Վերցրու՛ և արա՛, ի՞նչ ես ուզում ինձանից: Որևէ մեկն այս հետևության հետ համաձայն չէ՞:

Երրորդ՝ կարծում եմ, ոչ ոք չի հերքի նաև, որ առանց լայն հանրային աջակցության՝ ոչ մի քաղաքական համախմբում չի կարող բերել վարչակարգի փոփոխության: Ինչպե՞ս ստանալ ժողովրդի աջակցությունը: Այստեղ գալիս է երրորդ առանցքային հակասությունը՝ արդյո՞ք հնարավոր է Հայաստանի ներկայիս պայմաններում ստանալ լայն հանրային աջակցություն՝ հակառուսական լոզունգներով հրապարակային գործընթաց ծավալելու դեպքում: Ու նորից՝ տեսնում ենք, որ հասարակական-քաղաքական խմբերը կամ առնվազն դրանց ղեկավարմանը մասնակցող անհատներն ունեն ընդգծված հակառուսական ուղղվածություն: Նրանք քննադատում են Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, սակայն չեն հերքում, որ հանրության լայն շերտերը չեն կիսում իրենց տեսակետը: Բա ու՞ր մնաց ժողովրդավարությունը: Առանց մեծամասնության աջակցության՝ այդ ու՞ր: Իսկ եթե գտնում եք, որ ժողովուրդը ձեզ աջակցում է՝ ու՞ր են ձեր քայլերը, որոնք բերելու են զանգվածների համախմբմանը (ի դեպ, ես տեղյակ չեմ, որ, ասենք՝ Նախախորհրդարանը կամ «Քաղաքացիական պայմանագիր» կազմակերպությունը պաշտոնապես իրենց դիրքորոշումն արտահայտեն Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության հարցում):

Հակառակ այս տեսակետը կրողների՝ ներկայիս քաղաքական պրոցեսը տանող չորս կուսակցությունները կարծես եկել են կոնսենսուսային եզրահանգման, որ անկախ ԵՏՄ-ին անդամակցության բացասական կողմերից՝ այդ պրոցեսն անշրջելի է, իսկ դրա կասեցման համար ժողովրդից աջակցություն ստանալ ուղղակի չես կարող: Սա է իրականությունը: Եթե անգամ մի կողմ թողնենք այն բացարձակ սկզբունքը, որ անթույլատրելի է ցանկացած «մետ» և «հակա» ուղղվածություն որդեգրելը, անցյալ տարվա սեպտեմբերից սկսած՝ տեսնում ենք, թե ինչպիսի հանրային աջակցություն են վայելում այդօրինակ հասարակական-քաղաքական միավորները՝ միասին վերցրած:

Ու նորից՝ փորձենք գալ տրամաբանական մտահանգման՝ պրոցեսը տանող քաղաքական խումբն անում է այն, ինչ ինքն է ճիշտ համարում: Եթե դուք անընդունելի եք համարում ԵՏՄ-ին անդամակցությունը և հնարավոր եք համարում այդ գործընթացի կասեցումը, եթե գտնում եք, որ Սերժի ռեժիմի տապալման բանալին դա է, լավ եք անում: Խնդրեմ, օգտագործեք ձեզ ընձեռված անկրկնելի հնարավորությունը, ոտքի հանեք ժողովրդական զանգվածներին ու կանգնեցրեք այդ պրոցեսը: Դա է քաղաքականությունը, մնացած բոլոր երանգի տվայտանքները, պրոցեսը տանողներին վարկաբեկելն ու որևէ քայլ անելու ունակ չլինելը ընդամենը հավաստում են ձեր՝ քաղաքական գործոն չլինելու հանգամանքը: Որքան էլ քեզ դուր չգան, անարդարացի թվան ֆուտբոլ խաղի կանոնները, դու իրավասու չես քո քմահաճույքով դրանք փոխելու: Կարող ես, ասենք՝ բադմինթոն խաղալ: Ասել կուզեմ՝ դու չես կարող զբաղվել քաղաքականությամբ ու հայտարարել, օրինակ՝ որ Հայաստանն օկուպացրել է Ադրբեջանի տարածքները: Դա քաղաքական խաղի կանոններից դուրս է, քեզ օբյեկտիվորեն խաղից կհեռացնեն, ու դա արդարացի է: Եթե դու անկեղծորեն գտնում ես, որ Հայաստանն իսկապես օկուպանտ պետություն է, լավ ես անում, դա ամենևին չի նշանակում, որ դու ավելի վատն ես, քան քաղաքականությամբ զբաղվողները՝ դա էլ քո գործունեության ոլորտն է, քո աշխարհընկալումը: Պարզապես պետք է նաև ընդունես, որ քաղաքականությունը քո բանը չէ՝ դու ավելի վեհ առաքելություն ունես այս կյանքում, իսկ ինչը Կեսարինն է, թողեք Կեսարին:

Ամփոփելով ՝ ասեմ, որ այսօրվա համակարգը փոխելու՝ ընդհանուր նպատակի շուրջ առկա մեթոդաբանական տարաձայնությունները, որոնք առկա են փոքրաթիվ, սակայն ինձ համար հարգելի ու գնահատելի շատ մարդկանց մոտ, հանգում են երկու առանցքային կետի՝ բուրժուազիայի ռեսուրսներից օգտվելու հանգամանքը և արտաքին քաղաքականության հարցերում դիրքորոշումների տարբերությունները: Առնվազն ես չեմ տեսնում այլ սկզբունքային հակասություններ: Որքան էլ ներկայիս քաղաքական իրավիճակում հանրային խմբերի աջակցությանը էական դեր չի տրվում, այնուհանդերձ, ես կարևոր եմ համարում այդ դաշտում գործող մարդկանց՝ նաև իմ ընկերների հետ այս հարցերի քննարկումը:

Նպատակ չունենալով որևէ մեկին ինչ-որ բանում համոզելու՝ պարզապես հորդորում եմ գործնականում մտածել արևմտյան կողմնորոշում ունեցող քաղաքական կուսակցություն ստեղծելու և քաղաքական խաղի կանոններով գործընթացի մեջ ներգրավվելու մասին: Դա շատ ավելի ազնիվ կլինի, ու վստահաբար՝ կնպաստի առաջիկա տարիներին Հայաստանում քաղաքական մշակույթի ձևավորման ու քաղաքակիրթ դիսկուրսի մշակույթի կայացման գործում: Իսկ ներկայիս իրավիճակում պրոցեսը տանող ուժերին սեփական մոտեցումները պարտադրելն ու նրանց դեմ դատարկ ու հիսթերիկ պաթոսով հանդես գալն առնվազն քմծիծաղ է առաջացնում: Սերժ Սարգսյանի իշխանությունն ես ուզում փոխել, չէ՞, ոչ թե քաղաքական ընդդիմության: Սերժ Սարգսյանն է, որ տարիներ շարունակ հյուծելով երկիրը, ոչնչացրել է որևէ արտաքին լուրջ մարտահրավերի հակազդելու բոլոր հնարավոր լծակները, չէ՞: Շատ պարզունակ բաներ եմ ասում, չէ՞, ամոթ էլ ա արդեն: Բա՞ն ես ուզում անել, հառա՛ջ: Սամ վիբիռայ ցվետ՝ ի սամ կռաս:

Շարունակելի:

Նախորդ հոդվածը‘Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև’
Հաջորդ հոդվածը‘Արմեն Գեւորգյանի հրաժարականը հաստատվեց’