‘Արթուր Պետրոսյան. Ոչ միայն Մխիթարյանի, այլեւ թիմի խաղը չհաջողվեց’

1506

Հայաստան-Լիտվա (0:1) ընկերական հանդիպումից հետո մեր երկրի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը պատասխանել լրագրողերի հարցերին:  Նա մեկնաբանել է ընկերական խաղում Լիտվայի թիմից կրած պարտությունը:

«Էստոնիայի եւ Լիտվայի հավաքականները տարբերվում են իրենց խաղաոճով: Զգուշացրել էինք մեր ֆուտբոլիստներին, որ Լիտվայի թիմը դժվար մրցակից է: Այդպես էլ եղավ:

Գոհ չեմ խաղից: Ակտիվ եւ ագրեսիվ գործեցինք միայն վերջին 15 րոպեների ընթացքում: Ընդհանուր առմամբ, անատամ խաղ անցկացրեցինք:

Հարձակման գծում վստահել էինք Ադամյան – Բալեկյան զույգին, որոնց համագործակցությունը չստացվեց:

Արդյունքը կարեւոր է, սակայն ընկերական խաղերում մենք նաեւ այլ կարեւոր նպատակներ ունենք: Հնարավորություն տվեցինք նաեւ երիտասարդ ֆուտբոլիստների, փորձարկումներ արեցինք:

Ոչ միայն Մխիթարյանի, այլեւ թիմի խաղը չհաջողվեց: Մեր ամենամեծ խնդիրն այն էր, որ չէինք կարողանում կենտրոնական գոտիները փակել:

Պարտվեցինք, սակայն խաղն օգտակար էր մարզչական շտաբի համար: Մայիսին եւ հունիսին կայանալիք խաղերում արդեն փորձարկումներ չեն լինելու. Ընտրելու ենք պաշտոնական խաղերին մոտ մարտավարություն:

Նորբերտո Բրիասկոն արժանի ֆուտբոլիստ է, սակայն պետք չէ մոռանալ, որ նրա համար ամեն ինչ այստեղ նոր էր: Ապագայում նա շատ օգտակար կլինի մեր հավաքականին:

Յուրա Մովսիսյանի հրավիրման հարցը փակված է ֆեդերացիայի նախագահի կողմից: Չեմ կարող պատասխանել այդ հարցին:

Մեր նպատակը Ազգերի լիգային պատրաստ լինելն է, իսկ ընկերական խաղերը այդ ճանապարհին շատ կարեւոր նշանակություն ունեն: Այսօրվա խաղից հետո վերջնականապես կողմնորոշվեցինք այն խաղային սխեմաների հարցում, որոնք առավել համապատասխան են մեր հավաքականին: Հնարավոր է, որ հաջորդ հավաքներին նոր ֆուտբոլիստներ հրավիրվեն: Չի բացառվում, որ մարզավիճակի բարելավման դեպքում հրավիրվի նաեւ Կառլեն Մկրտչյանը»,- ասել է Արթուր Պետրոսյանը:

Նախորդ հոդվածը‘Հավակնորդների մրցաշար. Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց եզրափակիչ տուրում և զբաղեցրեց վերջին տեղը’
Հաջորդ հոդվածը‘Իսպանիայի հավաքականը ջախջախեց Արգենտինայի ընտրանուն (տեսանյութ)’