‘
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը Լեհաստանի ընտրանու դեմ խաղից առաջ կայացած նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է լրագրողների հարցերին:
— Պարոն Պետրոսյան, պաշտպանությունում բազմաթիվ խնդիրներ կան: Ինչպե՞ս եք լուծելու դրանք, առաջիկա խաղերում նոր փորձարկումներ սպասվու՞մ են:
— Դա անլուծելի խնդիր է: Պաշտպանության ֆուտբոլիստները բացակայելու են: Մյուսները պետք է փորձեն օգտագործել իրենց շանսը: Երբ մի ֆուտբոլիստը բացակայում է, մյուսը շանս է ստանում: Պետք է փորձեն լավ խաղ ցուցադրել և օգնել թիմին:
— Արդեն խաղացել եք Լեհաստանի հավաքականի դեմ: Ի՞նչ տպավորություններ ու հիշողություններ ունեք այդ խաղից:
— 2001 թվականն էր: Երկու թիմերի համար էլ բարդ խաղ էր: Ավելի շատ կռվում էինք, քան խաղում: 3 կարմիր քարտ մենք ստացանք, 1-ը՝ Լեհաստանը: Կարծում եմ, որ դրական արդյունք էր: Լավ եմ հիշում իմ խփած գոլը, հաճելի հիշողություններ կան:
— Դուք մերթ նախընտրում եք 3 կենտրոնական պաշտպանով տակտիկան, մերթ՝ 2: Տակտիկական տեսանկյունից ինչպիսի՞ հնարավորություններ կան վաղվա խաղում:
— Կախված է հակառակորդից: Ընդհանրապես, նախընտրում եմ 2 կենտրոնական պաշտպանով խաղը, այսինքն՝ գործել 4 պաշտպանով: Երևի թե հիմա չխոսեմ այդ մասին: Կփորձենք լուծել պաշտպանությունում առկա խնդիրները:
— Ինչպե՞ս եք պատրաստվում հսկել Լևանդովսկուն:
— Դա բարդ է, բայց եթե ցանկանում ենք դրական արդյունքի հասնել, ապա պետք է փորձենք ուշադիր հսկել նրան: Ֆուտբոլիստները պետք է փոխօգնության հասնեն միմյանց: Եթե ստացվի, ապա հավանաբար կլուծենք այդ խնդիրը:
— Ընտրական փուլի ավարտից հետո կմնաք հավաքականում, թե՞ ոչ:
— Այս պահին ինձ հետաքրքրում են միայն առաջիկա 2 հանդիպումները: Դրանից հետո վերջնական որոշում կկայացվի: Այս պահին այլ ասելիք չունեմ:
— Պարոն Պետրոսյան, ինչպե՞ս եք մոտիվացրել մեր տղաներին և հանուն ինչի՞ եք խաղալու:
— Տղաներին մոտիվացնելու կարիք չկա, որովհետև մենք այն հավաքականը չենք, որը շատ հաղթանակներ է տոնում, հետևաբար կարծում եմ, որ ամեն հաղթանակ մեզ դրական հույզեր է պարգևում և 1 քայլ առաջ է: Մենք հաղթանակների կարոտ ենք: Լեհերի դեմ խաղալն արդեն իսկ մոտիվացիա է:
— Այս անգամ մի քանի նոր ֆուտբոլիստներ են հրավիրվել հավաքական: Կխնդրեի մեկնաբանել ֆուտբոլիստների ընտրությունը, ինչպե՞ս են իրենց դրսևորել այս օրերին և արդյո՞ք կտեսնենք նրանց խաղադաշտում:
— Կադիմյանը նոր չէ, եղել է հավաքականում: Նա հիմնական կազմի ֆուտբոլիստ է: Գոլեր է խփում, գոլային փոխանցումներ է կատարում և շատ լավ մարզավիճակում է: «Շիրակ»-ից հրավիրել ենք Ռոբերտ Դարբինյանին և Արտյոմ Միքայելյանին: Պաշտպանների խնդիր ունենք, իսկ նրանք իրենց ակումբում բավական հաջող են հանդես գալիս: Խաղին պատրաստվելու համար քիչ ժամանակ ունեինք: Ավելի շատ զբաղված էինք տակտիկական լուծումներ գտնելով և վերականգնողական մարզումներ անցկացնելով: Չենք հասցրել 100%-ով տեսնել, թե տղաներն ինչպես են իրենց դրսևորում թիմում:
— Մելիքսեթյան թե՞ բեգլարյան: Ու՞մ եք վստահելու դարպասապահի դիրքը: Սարկիսովը նույնպես բացակայելու է: Ինչպիսի՞ հարձակման գիծ եք պատկերացնում առաջիկա խաղում:
— Շատ եմ ցավում Սարկիսովի համար: Խոսել եմ նրա հետ: Ասեմ, որ վիրահատվել է: Հիմա ամեն ինչ նորմալ է, նա վերականգնողական փուլում է: Միակ դիրքը, որտեղ խնդիրներ չունենք, հարձակվողի դիրքն է: Արդեն որոշել ենք, թե ով է պաշտպանելու մեր դարպասը, վաղը կիմանաք:
— Առաջիկա երկու խաղերը որոշիչ են ազգերի լիգայի զամբյուղների ձևավորման հարցում: Հայաստանը վերջին ամիսների ընթացքում C խմբում էր, բայց հիմա նահանջել է D խումբ, որտեղից ավելի հեշտ է Եվրո-2020-ի ուղեգիր ձեռք բերելը: Ձեզ համար ո՞ր խմբում է նախընտրելի հայտնվելը:
Չեմ մտածում պարտվելու և D խումբ նահանջելու մասին: Եթե կարողանանք հաղթել լեհերին, ապա դա լուրջ ձեռքբերում կլինի, քանի որ սա նրանց վերջին 10 տարվա ամենազորեղ թիմն է: Պարտվելու և D խմբի մասին մտածելն անիմաստ է, մանավանդ, որ դեռ մեկ տարի կա: Կխաղանք ու կփորձենք դրական արդյունքի հասնել:
Հիշեցնենք, որ Հայաստան — Լեհաստան հանդիպումը կկայանա այսօր՝ «Հանրապետական» մարզադաշտում՝ 20:00-ին:
‘