‘Արծվիկ Մինասյան. Թե ԵՏՄ-ն որքան օգտակար կլինի Հայաստանի համար, կախված է վերջինիս կառավարությունից’

833

Որևէ տնտեսագետ չի կարող խորը, մանրամասն վերլուծություն կատարել այն օգուտների և արտոնությունների, որոնք Հայաստանը կստանա ԵՏՄ-ին անդամակցելիս, ԱրմԻնֆո-ի թղթակցին այդպիսի կարծիք է հայտնել ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքով, արտաքին գործոններն առայժմ հնարավորություն չեն տալիս որևէ եզրակացություն անել, ոչ ոք չգիտի, թե որքան կտևեն ռուսական տնտեսության նկատմամբ պատժամիջոցները, տնտեսական ինչ իրողություններ են սպասում երկրին ապագայում: Բացի այդ, ինտեգրացիոն ցանկացած մոդելի շրջանակներում Հայաստանը պետք է տնտեսական իմունիտետի բարձրացմանն ուղղված քայլեր ձեռնարկի»,- գտնում է նա:

«Մենք պետք է կողմնորոշվենք այն ճյուղերի հարցում, որոնք կարող են տնտեսական զարգացման լոկոմոտիվ դառնալ, անհրաժեշտ է կարողանալ ապահովել սեփական մրցունակությունը: Այս և այլ հարցեր դեռ պատասխաններ չեն ստացել, ինչը և ԵՏՄ-ից օգուտների հետ կապված անորոշություն է առաջացնում: Մեկ բան հստակ է. եթե Հայաստանի կառավարությունը տնտեսության իմունիտետի բարձրացմանն ուղղված ջանքեր չգործադրի, մենք միանշանակ վնասներ կունենանք: Կառավարության անդամները ժամերով դատողություններ են անում ռուսաստանյան շուկա հայկական ապրանքների արտահանման լայն հեռանկարների շուրջ, սակայն այդ հեռանկարների իրագործման համար որոշակի քայլեր են հարկավոր: Մասնավորապես, խոսքը վերաբերում է հայկական ապրանքները, օրինակ` գյուղատնտեսական արտադրանքը, ռուսական շուկայում թուրքական կամ ադրբեջանական համանման ապրանքների համեմատ մրցունակ դարձնելուն: Այսօր թուրքական ապրանքների ինքնարժեքն ավելի ցածր է, և դա առավելապես պետության կողմից սուբսիդիաների հաշվին: Իսկ մեզ մոտ այդ ամենը դեռ չկա: Հայաստանի կառավարությունը դեռ արդյունավետ սուբսիդավորման համակարգ չի ներդրել»,-նշել է նա: 

Տնտեսագետը համոզված է, որ ինքնարժեքի իջեցումն իր հերթին կպահպանի և կավելացնի ռուսական շուկա հայկական ապրանքների արտահանման ներկայիս տեմպերը: «Չէ որ ԵՏՄ-ին անդամակցման դեպքում եվրոպական շուկա ճանապարհը մեզ համար ինչ-որ չափով փակվում է, հետևաբար` դա հարկավոր է փոխհատուցել եվրասիական շուկայում ակտիվ աշխատանքով»,- հայտարարել է Մինասյանը:

Հատուկ ուշադրություն են պահանջում կապիտալի ներգրավման հարցերը, մասնավորապես` Հայաստանի այն ձեռնարկությունների վերագործարկման նպատակով, որոնք ձեռք են բերվել նույն Ռուսաստանի կողմից «գույք պարտքի դիմաց» գործարքի շրջանակներում: Մինասյանն ընդգծել է, որ այդ հարցերն անպայման պետք է բարձրացնել ռուսական կողմի հետ բանակցություններում: «Պատժամիջոցների պատճառով այլ երկրներում իրացման հնարավորություններ չունեցող ռուսական կապիտալը կարող է ներգրավվել Հայաստանի տնտեսությունում»,- ասել է դաշնակցականը:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը մասնակցել է Լիսկայի որդու հարսանիքին. «Ժողովուրդ»’
Հաջորդ հոդվածը‘Սպասվում է տաք, առանց տեղումների եղանակ’