‘Արծվիկ Մինասյան. Իշխանությունները պետք է օր առաջ հեռանան ‘

2523

iLur.am-ի զրուցակիցն է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը

Պարոն Մինասյան, խորհրդարանական չորս ուժեր` ՀԱԿը, ԲՀԿն, «Ժառանգությունն» ու ՀՅԴն համատեղ դիմում են ներկայացրել Սահմանադրական դատարան` վիճարկելով «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի սահմանադրականությունը: Ինքներդ ի՞նչ ակնկալիքներ ունեք ՍԴից:

— Ակնկալում եմ, որ ՍԴ-ն կբավարարի ներկայացված դիմումը, եւ ես դրա համար տեսնում եմ իրական հնարավորություն:

Ինչո՞վ է պայմանավորված ձեր լավատեսությունը:

— Որովհետեւ դիմումն իսկապես հիմնված է ոչ միայն սահմանադրական նորմերի վերլուծության եւ համապատասխան օրենսդրական նորմերի համադրման, այլ նաեւ` ՍԴ նախորդ վճիռներով արտահայտված իրավական դիրքորոշումների վրա: Իսկ դա նշանակում է, որ իրավական տեսանկյունից մենք ունենք անհրաժեշտ ծանրակշիռ հիմքեր: Եվ երկրորդ` ՍԴ կազմը թույլ է տալիս ասելու, որ կա իրական հնարավորություն, որ պարտադիր կուտակային բաղադրիչը լուրջ վերանայումների ենթարկվի, այդ թվում նաեւ կամավորության սկզբունքը խրախուսելու տեսակետից: Այսինքն` սա իշխանության քաղաքական պայքար չէ: Եւ դա ինձ հիմք է տալիս ասելու, որ ՍԴ-ից կարող ենք ունենալ դրական լուծում:

Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի դեմ ծավալվող բողոքի գործողությունները հնարավո՞ր է արդյոք վերածվեն ավելի լուրջ համախմբման: Օրինակ` ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այս առումով հիշեցրել է 1988թ. Ղարաբաղյան շարժումը, երբ տարբեր հարցերով պայքարող նախաձեռնությունները համախմբվեցին մեկ օրակարգի շուրջ:

— Իհարկե, հնարավոր է: Ես կողմնակից եմ պարտադիր կուտակային բաղադրիչը իրավական հարթության մեջ վիճարկելուն, հետեւաբար` չեմ ուզում հիմա հարցը քաղաքական որեւէ գործընթացի հետ կապել: Բայց եթե սահմանադրական որոշումներով չբավարարվեն մեր ակնկալիքները, ապա դա կարող է դառնալ բազա, որի հիման վրա առաջանան քաղաքական շատ լուրջ հետեւանքներ ունեցող ակցիաներ:

ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը մեզ հետ հարցազրույցի ժամանակ ասել էր, թե ՀՀ հասարակությունը ծերացող է, եւ նման իրավիճակում արժանապատիվ կենսաթոշակ տալու համար կա երկու ճանապարհ` կա՛մ գնալ այս քայլին, կա՛մ կտրուկ բարձրացնել հարկերը:

— Ամեն մեկն իր պատկերացումների շրջանակում է ներկայացնում լուծումները: Բայց ես չեմ ընդունում այդ մոտեցումները: Եթե դու ի սկզբանե ընդունում ես, որ ազգդ ծերանալու է, եւ ուրիշ տարբերակ չունես, սկսում ես ելքեր փնտրել` ծերերին պահելու համար: Իսկ եթե մտածում ես` ինչ անել, որ ազգը երիտասարդանա, նշանակում է` այլ գործողությունների պետք է դիմես: Բացի այդ, ուզում եմ ընդգծել` այն երկրները, որոնք որդեգրել են պարտադիր բաղադրիչի համակարգը, իրացրել են ժողովրդագրական վիճակի վրա դրական ազդեցություն թողնելու բոլոր լծակները` կենսաթոշակային համակարգում փոփոխությունների բոլոր հնարավորությունները: Եվ երրորդ, ամենակարեւոր հանգամանքը. այդ երկրները սոցիալ-տնտեսական զարգացման պիկին են հասել: Մենք դեռեւս շատ հեռու ենք այդ իրավիճակից: Ի՞նչ է արվել.այն մեթոդաբանությունը, որով որոշվել է համակարգը՝ վերցվել է ծերերի տեսակարար կշռի 20 տոկոսի մակարդակ, վերցվել է ՀՀ բնակչության էական կրճատման ցուցանիշ, վերցվել է սոցիալ-տնտեսական վատթարագույն պայմանների շարունակականություն եւ այլն, եւ այլն: Իրագործման թիրախը պետք է լինի ոչ թե կենսաթոշակային համակարգի բաղադրիչի միջոցով ինչ-որ արդյունքի հասնելը, այլ այդ իրավիճակը փոխելը, որպեսզի երիտասարդ հասարակություն լինի, որպեսզի աշխատատեղ ունեցող հասարակություն լինի, որպեսզի արտագաղթը եւ աղքատությունը խիստ ցածր մակարդակի լինեն: Թիրախը այս հարցերը պետք է լինեն, ոչ թե կուտակային կենսաթոշակային պարտադիր բաղադրիչ մտցնելը:

-Գուցե իշխանությունները, կառավարությունը իրատե՞ս են եւ հասկանում են, որ իրենց իշխանավարման հետեւանքները բացասական են լինելու, ուստի` գիտակցելո՞վ են այդ ելակետից մոտենում:

— Ծերացող հասարակությունը բնութագրվում է այն երկրներում, որտեղ չափազանց բարձր սոցիալ-տնտեսական պայմաններ են եւ սպառված են զարգացման բոլոր հնարավորությունները: Մեզ սա չի սպառնում: Հակառակը, ես հենց սա եմ ուզում ասել եւ հերքել կառավարության ռեֆորմների համար հիմք հանդիսացող ենթադրությունները: Իսկ եթե այդպես է, եթե չեն մտածում սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու մասին, եթե չեն մտածում ազգը երիտասարդացնելու, արտագաղթն ու աղքատությունը նվազեցնելու մասին, ուրեմն իրենք անելիք չունեն: Ուրեմն պետք է օր առաջ հեռանան:

Արման Գալոյան

 

Նախորդ հոդվածը‘Հայաստանում լրագրողների նկատմամբ բռնության դեպքերն ավելացել են ‘
Հաջորդ հոդվածը‘Կառավարության առաջարկով վաղն ԱԺ արտահերթ նիստ կգումարվի’