‘Արծվիկ Մինասյան. Հայտարարված քաղաքականությունը որևէ առնչություն չունի բյուջեի նախագծի հետ’

644

Յուրաքանչյուր բյուջե արտացոլումն է երկրի սոցիալ-տնտեսական պատկերի, և այս համատեքստում սոցիալ-տնտեսական քաղաքականությունը չի պատասխանում ծառացած մարտահրավերներին, և հայտարարված քաղաքականությունը որևէ առնչություն չունի այն բյուջեի նախագծի հետ, որը ներկայացրել էին խորհրդարան: Ինչպես հայտնում է iLur.am-ի թղթակիցը, այս մասին այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Դաշնակցություն» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

«Մարտահրավերների մեջ առանձնացրինք աշխատաշուկայի անմխիթար վիճակը, ժողովրդագրական իրավիճակի վատթար վիճակը, արդարադատության համակարգի նկատմամբ հասարակության բացահայտ անվստահությունը և այլն»,- ասաց Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ ծախսերի դեպքում զսպողական քաղաքականություն է իրականացվում, որի արդյունքում ոչ տնտեսությունն է աճում, ոչ էլ քաղաքացիների եկամուտները, ինչը բերելու է կենսամակարդակի անկման:

Ամփոփելով քառօրյան՝ Մինասյանը նշեց նաև, որ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագիծը մերժվեց, և, ըստ պատգամավորի, թե կառավարության և թե քաղաքական մեծամասնության փաստարկները սնանկ էին այս նախագիծը չընդունելու հիմնավորման տեսանկյունից:

«Կամա թե ակամա, մի օր գալու են երկրում նվազագույն աշխատավարձը կարգավորելու այս մեխանիզմն ընդունելուն: Նվազագույն աշխատավարձի մասին մեր օրինագիծը վերաբերում էր քաղաքացիական ծառայողներին և հանրային սեկտորի այլ ոլորտների աշխատակիցների բազային աշխատավարձին: Առաջարկում էինք նվազագույն աշխատավարձը հաջորդ տարի լիներ 45.000 դրամ, իսկ քաղաքացիական ծառայողների բազային աշխատավարձը՝ 54.000 դրամ»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Նախորդ հոդվածը‘Պոզները մնում է Ռուսաստանում, չնայած «Եդինայա Ռոսիան» զայրացած է մեկնաբանի վրա’
Հաջորդ հոդվածը‘Փաստաբանը հերքում է, թե Տիմոշենկոն դադարեցրել է հացադուլը’