‘Արծվիկ Մինասյան. Քոչարյանի հայտարարության մեծ մասը համապա-տասխանում է ՀՅԴ-ի դիրքորոշմանը ‘

1122

«Ռոբերտ Քոչարյանի հայտարարության մեծ մասը համապատասխանում է ՀՅԴ-ի դիրքորոշմանը, որը հնչեցրել ենք ԱԺ-ի ամբիոնից՝ այն, որ այս գործում իսկապես որևէ հանցագործություն չկա, որ իրավական համակարգն այստեղ գործ չունի անելու, որ ԱԺ-ն պետք է մերժեր այս միջնորդությունը, որ Վարդան Օսկանյանը վստահաբար հեղինակություն և հարգանք վայելող անձ է, և նրա պաշտանավարումը համապատասխանում է պետական պաշտոնյայի կերպարին, որից պետք է օրինակ վերցնել, այլ ոչ թե դատապարտել»,- iLur.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ մեկնաբանելով Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, որում վերջինս իր աջակցությունն ու համակրանքն էր արտահայտել Վարդան Օսկանյանի նկատմամբ, ինչպես նաև քննադատել վերջինիս պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու գործընթացը։
Իսկ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը որպես քաղաքական միջամտություն դիտարկելու վերաբերյալ Արծվիկ Մինասյանը կարծում է, որ այդքան խորը գնացող եզրակացություններ չպետք է անել:
«Երկրորդ նախագահը երկար տարիներ աշխատել է Վարդան Օսկանյանի հետ և ճանաչում է նրան, դրա համար պետք էր իր դիրքորոշումը հայտներ, իսկ ինչ վերաբերում է քաղաքական գործընթացներին նրա միջամտությանը՝ ժամանակը ցույց կտա»,- ասաց դաշնակցական պատգամավորը:
Իսկ Վարդան Օսկանյանից հետո՝ հնարավոր հաջորդ թեկնածուին Արծվիկ Մինասյանը քաղաքական մեծամասնությանը խորհուրդ տվեց փնտրել հենց իրենց շարքերում:

Նախորդ հոդվածը‘ԼՂ-ում սուր աղիքային վարակի պատճառով ժամանակավորապես դադարեցվել է «Արցախկաթ»-ի աշխատանքը’
Հաջորդ հոդվածը‘«Բասիջ» ժողովրդական աշխարհազորի ջոկատները տեղակայվել են Թեհրանի կենտրոնում’