‘
Կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը՝ կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի գլխավորությամբ:
Օրակարգի կարևորագույն հարցը բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրի «Արարատ» — «Գանձասար-Կապան» հանդիպման խաղավերջում տեղի ունեցած միջադեպն էր:
Հիշեցնենք, որ խաղի ավարտից րոպեներ առաջ հանդիպման գլխավոր մրցավար Արտակ Սիմոնյանը խաղադաշտից հեռացրել էր երևանցիների ավագ մարզիչ Արկադի Անդրեասյանին, սակայն վերջինս հրաժարվել էր լքել տեխնիկական գոտին: Այդ պատճառով հանդիպումը դադարեցվել էր ժամանակից շուտ:
Կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ «Արարատ»-ի գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանը «Գանձասար-Կապան»-ի դեմ խաղում ոչ մարզական պահվածքի համար որակազրկվեց 2 տարի ժամկետով:
Բացի դրանից, «Արարատ»-«Գանձասար-Կապան» հանդիպումը կիսատ թողնելու համար երևանյան ակումբին գրանցվել է տեխնիկական պարտություն ու նաև նշանակվել տուգանք 250 հազար դրամի չափով:
‘