‘
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդանուր իրավասության դատարանը սկսել է քննել ժամանակին երկրի «քաղաքական երկնակամարում փայլատակած» ռուսաստանաբնակ գործարար Արկադի Վարդանյանի գործը:
Yerkir.am-ը նկատում է, որ այս դատավարությանը, ինչպես եւ նախօրեին ավարտված Վարդան Սեդրակյանի գործով դատավարությունը, գործը վերաբերում է մահափորձին: Մեղադրանքը պաշտպանում է դատախազ Արամ Ամիրզադյանը, պաշտպաններից մեկն էլ՝ Սեդրակյանի գործով ամբաստանյալ Սամվել Հարությունյանի պաշտպան Գայանե Գալոյանն է: Միայն նիստը նախագահող դատավորն է ուրիշ’ Գագիկ Պողոսյանի փոխարեն Արշակ Վարդանյանն է:
Արկադի Վարդանյանն, ով 2000-ին կարճ ժամանակով փորձեց ընդդիմադիր շարժում նախաձեռնել, բայց ստիպված եղավ հրաժարվել իր պլաններից՝ իշխանության բռնաճնշումների արդյունքում, իսկ այս տարվա նախագահական ընտրություններում սատարում էր Րաֆֆի Հովհաննիսյանին, այսօր հայտնվել է մեղադրյալի աթոռին՝ ընկերոջ հոր նկատմամբ` կյանքից զրկելու փորձ կատարելու մեղադրանքով: Նրա հետ միասին մեղադրյալի աթոռին են հայտնվել նաև Արսեն Ավետյանը և Վարուժան Սաֆտալյանը:
Մեղադրական եզրակացության համաձայն՝ Արսեն Ավետյանը, տեղեկանալով, որ իր հայրը՝ Ռոբերտ Ավետյանը մտադիր է իրեն և իր որդուն առանց բաժին տրամադրելու հանել իր առանձնատնից՝ փորձել է տիրանալ հոր առանձնատանը: Այդ նպատակով նա, ըստ մեղադրական եզրակացության հանցավոր համաձայնության է եկել իր մտերիմ Արկադի Վարդանյանի հետ`որոշելով կյանքից զրկել հորը:
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ ընկերները հանցագործությունը քողարկելու համար՝ որոշել են հոգեմետ դեղ լցնել Ռոբերտի օգտագործած հանքային ջրի մեջ, իսկ դեղը ձեռք են բերել տաքսու վարորդ Վարուժան Սաֆտալյանից, ով, ի դեպ, Արսենին 500 հազար դրամ գումար է պարտք եղել:
Արկադի Վարդանյանն ու Արսեն Ավետյանը կալանավորված են, իսկ Վարուժան Սաֆտալյանի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Այսօրվա դատական նիստին ներկայացած 78-ամյա տուժող Ռոբերտ Ավետյանը անընդհատ վիճում էր դատավարության կողմերի հետ՝ պնդելով, որ գործն ընթացել է ոչ այն կերպ, ինչպես պետք է լիներ: Առաջադրված մեղադրանքում Արկադի Վարդանյանն իրեն մեղավոր չճանաչեց և նշեց, որ այս գործը նախաքննական մարմինը մակերեսորեն է ունումնասիրել՝ հիմնվելով կիսատ գաղտնալսումների վրա:
Ամբաստանյալ Արսեն Ավետյանի փաստաբանը նշեց, որ Ավետյանն իր առանձնատան միակ սեփականատերը չէ, այլ Ժաննա Ավետյանի հետ համասեփականատեր է և ցանկության դեպքում էլ չէր կարողանա՝ հորը սպանելու եղանակով տիրանալ տանը:
Գործում իրեն լիովին մեղավոր ճանաչեց միայն ամբաստանյալ Վարուժան Սաֆտալյանը, ով հայտնեց, որ թեթևամտորեն է վերաբերվել հարցին:
‘