‘
Այսօր մարտիմեկյան սպանդի տասնամյա տարելիցն է:
Սոցիալական ցանցերում մարդիկ արձագանքում են տաս տարի առաջ տեղի ունեցած այդ իրադարձություններին եւ դրանց՝ մինչ այսօր բացահայտված չլինելուն:
Համլետ Կիրակոսյան
10 տարի առաջ այս ժամերին հոկտեմբերի 27-ի ահաբեկչությամբ իշխանությունը բռնազավթած երկյակն ու նրանց ստեղծած ռեժիմը նյութում էր հերթական ոճրագործությունը՝ զենքի ուժով ահաբեկել ու ցրել ընդդեմ կեղծված ընտրությունների բողոքող ու խաղաղ ակցիաներ անող անզեն քաղաքացիներին: Ռեժիմը հանուն հերթական վերարտադրության սպանեց 10 քաղաքացիների, հարյուրավորներ վիրավորվեցին, բանտարկվեցին: Մեր պատմության մեջ առաջին անգամ իշխանության հրահանգով հայ զինվորը կրակեց հայ անզեն ու խաղաղ քաղաքացիների վրա:
10 տարի առաջ այս ժամերին հայոց երկնքում սավառնում էր սեւ ու արյունոտ գարնանամուտի ուրվականը….
Արմեն Ավետիսյան
2008թ-ի մարտի 1-ի խաղաղ ցույցի գնդակահարումը աննախադեպ ոճրագործություն էր հայ ժողովրդի պատմության մեջ. առաջին անգամ Հայաստանի իշխանությունը հեղեց սեփական ժողովրդի արյունը։
Բռնությունը բռնություն է ծնում, չպատժված, պարտակված հանցագործությունը ծնում է նորը, սրանք աքսիոմատիկ ճշմարտություններ են: 1999թ-ի հոկտեմբերի 27-ով և 2008թ.-ի մարտի 1-ով հայոց պետականության և հասարակական համերաշխության ընդերքում խոշոր մի ական է դրված, որը մշտական անկայունության և ցնցումների դետոնատոր է։
Հայաստանը երբեք չի դառնա ազատ, ժողովրդավարական երկիր, քանի դեռ Մարտի 1-ի սպանդը չի դատապարտվել պետական մակարդակով, իսկ ոճրագործության բոլոր հրաման տվողները, կազմակերպիչներն ու կատարողները պատասխանատվության չեն կանչվել և չեն կանգնել արդարադատության առջեւ։ Սա թե՛ քաղաքական անհրաժեշտություն է` որպես պետությունն առողջացնելու գլխավոր ճանապարհ, թե՛ իրավական պահանջ` իրավական, օրինապաշտ պետություն և հասարակություն կերտելու համար, և թե՛ բարոյական մեծ պարտք զոհերի հիշատակի ու նրանց հարազատների առջև։
Տասը տարի շարունակ մարտի 1-ը համաժողովրդական ընդգրկմամբ նշվում է որպես զոհերի հիշատակի և պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ համազգային բողոքի օր: Այդ պայքարը շարունակվելու է եւ մարտի 1-ի էջը չի փակվել։
Մարտի 1-ին, 18:00-ին բոլորս դեպի Ազատության հրապարակ:
Լեւոն Բարսեղյան
Բան չի փոխվել:
Ռոբիկի երկու տեղեկանքները հորով-մորով արեցին, Մարտի մեկը մորթեցին՝ գնաց, լարեցին երկրից յուրաքանչյուր 8-րդ քաղաքացուն, հմի էլ թագուհի են առաջ հրում կեղծ տեղեկանքով:
Սրանք լայն բացված երախով խրխնջում են բոլորիս վրա, նույնիսկ իրենք իրենց, երբ իրենք իրենցով են մնում:
Անհնար է արդարադատություն ունենալ սրանց զավթարար համակարգում: Պատմությունն հուշում է, որ քչերն են խուսափել արդար հատուցումից, սրանք էլ հույս ունեն, որ կխուսափեն: Գուցեեւ ինչ-որ մեկը պլստա, բայց այնքան շատ են, որ անհնար է, որ բոլորը խույս տան հատուցումից:
— Էլի, որ պետք համարեն, կկրակե՞ն:
Էս հարցը հաճախ եմ լսում:
— Իհարկե, կկրակեն էլ, կմորթեն էլ, կփակեն էլ: Այնքան ժամանակ, քանի դեռ համարժեք պատասխանից չեն վախենում: Հասարակ ֆիզիկա է:
Սա կարծիքս է, հուսահատեցման նպատակ չունեմ: Դատարկ հույսեր էլ չունեմ:
Հայաստանի դրությունը եւ հանրությունը խոր վերլուծության կարիք ունի, մենք մոտավորապես ամեն ինչ գիտենք, բայց լավ չգիտենք: Մինչեւ պետության զավթման մեխանիկան, զավթարարների, գերիների, պատանդների եւ ազատների որպիսությունը փայլուն չիմանանք, լուծումները չենք գտնի:
Ծովինար Բանուչյան
Երկու հազար ութին այս օրը, հենց այս ժամին օթոցով փաթաթված նստած էի Սպենդիարյանի արձանի մոտ (ընկերներիս ու ընտանիքիս հետ) ու գաղափար անգամ չունեի, որ մինչև արևագալը Ազատության հրապարակ կմտնեն խաղաղ նստացույցը ջարդող ոստիկանական զորքերը ու կարգելեն գարնանամուտը։ Չէի պատկերացնի նաև, որ մարտի մեկին Ազատության հրապարակից վտարվելուց հետո բողոքի ցույցը կվերածվի արյունահեղության, որ հեռվում նշմարվող տանկը, զինվոր բերելը սեփական ժողովրդի դիմաց և նույն այդ զինվորին թիկունքից գնդակահարելը շատերի համար կդառնա «անցած պատմություն», իսկ այդ ողբերգության հեղինակների հետ լուսանկարվելն ու նրանց ձեռքերը սեղմելը՝ «դե հիմա ինչ արած, իրանք են իշխանության» ամոթալի արդարացում, և որ այսօր վստահաբար կլինեն մարդիկ, որ չեն հասկանա, թե ինչու է հենց այս ժամերին ամեն տարի շնչելը իսկապես դժվարանում, ինչու է ամեն ինչ աչքի առաջ գալիս, ինչու՞ է վիրավորանքը տարեց տարի ավելի ուժեղանում, իսկ վերքը, որ մնաց այդ օրից, սպիանալու փոխարեն ավելի ու ավելի խորանում։
Առաջ դժվար էր հասկանալը, թե ումից ես վիրավորված։ Հիմա, երբ տասը տարի անցել է, խոստովանեմ․․․բոլորից․․․բոլորից․․․բոլորիցս, այդ թվում և Ձեզնից․․․
Մերի Մուսինյան
Անտանելի ծանր է այս լուսաբացի հիշողությունը: Ինչ էլ գրենք, ինչքան էլ իրար պատմենք, մեկ է մի անպատմելի բան կմնա մեր մեջ այն ամենից, ինչ տեսանք ու ապրեցինք մենք տասը տարի առաջ այս օրը՝ գարնան առաջին օրվա լուսաբացին ու հաջորդիվ:
Ցավը, ինչ ուզում եք ասեք, ամբողջապես երբեք չի պատմվում…
Լույս դառնան ձեր հոգիները, սիրելի եղբայրներ:
Գոռ Քլոյան
Դավիթ Պետրոսյան
Տիգրան Խաչատրյան
Արմեն Ֆարմանյան
Հովհաննես Հովհաննիսյան
Գրիգոր Գևորգյան
Սամվել Հարությունյան
Զաքար Հովհաննիսյան
Տիգրան Աբգարյան
Համլետ Թադևոսյան..
Միակ բանը, որով հնարավոր է մխիթարվել այն է, որ հաստատ գալու է օրը, որ պատասխան են տալու այս ոճրագործության հեղինակները: Իսկ նրանց մենք գիտենք անուն առ անուն:
Խաղաղություն ձեր հոգիներին:
Վահրամ Թոքմաջյան
Երկար չեմ գրելու օրվա մասին: Պարզապես փաստեմ, որ այդ օրը, ուղղակի վտանգի տակ դրվեց հայոց պետականությունը: Վտանգի տակ դնող հիմնական գործող անձիք երկուսն էին՝ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը: Որքան էլ այժմ ուզենան Սարգսյանին առանձնացնել Քոչարյանից, չի ստացվելու: Մեզ՝ ժամանակակիցներիս ու օրվա մասնակիցներիս, որևէ դատական պրոցես, նիկոյանական հանձնաժողով կամ գեղամյանական ճիչ, չի կարող ապացուցել հակառակի մեջ: Մարտի մեկի հետևանքները դեռ երկար ենք կրելու: Կրելու ենք շատ ուղղակի ու քաղաքականապես իզգոյի կարգավիճակում: Մարտի մեկի պատճառով մեր պետության հիմքերը դեռ խախտվում են ու մենք ամեն օր զիջում ենք առանց այն էլ քիչ մնացած ինքուրույնությունից:
Անկախ քաղաքական ու կուսակցական պատկանելիությունից, իմ կարծիքով, վաղը, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր Պահանջատեր Քաղաքացի, պարտավոր է դուրս գալ փողոց: Մարտի մեկի զոհերի հիշատակի հարգանքը և մարտի մեկի քաղաքական գնահատականը, վեր է կուսակցական պատկանելիությունից: Այն համակարգային փչացածությանը և բռնապետությանը ո՛չ ասելու առանցք է:
Ռադա Թեյմուրազյան
ֆեյսբուքում 2008թ-ի մեր շարժման Առաքել Սեմիրջյանի ֆոտոշարքն ու վիդեոներն էի նայում։ Արդեն տասը տարի անցավ։ Անհավատալի է։ Ի՜նչ օրեր էին․․․․հպարտության, բարության, հույսի, հասունության ու գիտելիքի օրեր էին։ Էն, որ մեր ծնողները 88-ի շարժման իրենց մասնակցության, թեկուզ մի կաթիլ ներդրման մասին հպարտությամբ պատմում են՝ 2008-ն էլ իմ ու իմ սերնդակիցների 88-ն էր։ Տեսնես էդպիսի զարթոնք էլի կլինի՞․․․Կլինի, ժողովուրդ ջան։ Այս լճացումը էսպես հավերժ չի կարող շարունակվել։ Հավատում եմ, որ երրորդ 88-ն է գալու ու հաղթանակ է բերելու, մարտիմեկյան սպանդի պատասխանատուներին է պատժելու։
Հ․Գ․ Երանի նրանց, ովքեր այսօր ուծիպուծիներով գարնան առաջին օրն են նշում․․․
Արեն Մանուկյան
Էսօր սաղ էջս մարտի 1-ի մասին է, ու բոլորը գրում են, որ ոչինչ չի մոռացվել։ Մի տեսակ զգում եմ, որ շատերի համար սա էլ է դառնում ընդամենը ստանդարտ մի բան ասելու, «լոզունգային» մակարդակի մի բան գրելու ու առաջ անցնելու թեմա։
Ու էդ գրողների մեծ մասը էսօր մարտի 1-ն իրականացնողներին է ծառայում, ու այդտեղ նույնիսկ խնդիր չի տեսնում։ Բա մոռանալը էլ ո՞նց է լինում։
Հ․Գ․ Ոստիկանությունն էլ տենց չի մոռանում, տխուր դեմք «հագած» երթով գնում ծաղիկ են դնում։
Աշոտ Ադամյան
Գարունը պետք է բերվի․․․
Ինքն-իրեն լինում է այն, ինչ հիմա ունենք՝ Չկայացած գարուն:
Արտակ Հարությունյան
Կարճ հիշողություն մարտի 1-ից: Մեզ շարք կանգնեցրին: Հայտնեցին, որ գիշերը բախում է եղել իրավապահների ու ժողովրդի մեջ, որ «սրիկա երկրապահները» զինված են եղել: Տեղեկացրին, որ Լևոն Տեր-Պետրոսյանին տնային կալանք են տվել (այո, «տնային կալանք» տերմինն առաջին անգամ հենց զորամասում եմ լսել): Բայց հանգստացրին, ասեցին, որ շուտով ամեն ինչ կավարտվի, բայց գիշերը կարող է կարիք լինի ծառայություն իրականացնելու, կամուրջների մոտ հսկողություն սահմանելու:
Հ.Գ. Իհարկե՛ մինչև իրանց էս խեղաթյուրված ներկայացումը արդեն գիտեի(նք), թե իրականում ինչ է տեղի ունեցել: Ինձ կարգադրեցին դասակիս հետ միասին մտնել կազարմա ու ամբողջ օրը դուրս չգալ: Վախենում էին, որ կփախնեմ՝ միանալու ժողովրդին:
‘