Արձագանք Լևոն Տեր-Պետրոսյանի կարծիքին

1031

Սուրեն Սուրենյանցը Ֆեյսբուքում գրում է.

Երեկ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես է եկել ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ հինգ պնդումներով։ Ըստ էության, փոքր վերապահումներով, համաձայն լինելով Տեր- Պետրոսյանի չորս պնդումների հետ` չեմ կարող ընդունել այն արձանագրումը, որ «…ելքի փնտրտուքը բացառապես հակամարտող կողմերի և մտավորականության պարտականությունն է»:

Պարտականություն կամ հանրային պատասխանատվություն ունենում են ռացիոնալ օրակարգ ունեցող միավորները։ Հասկանալի պատճառներով` այս աքոսիոմը տարածելի չէ հատկապես Նիկոլ Փաշինյանի ու Ռոբերտ Քոչարյանի թիմերի վրա։ Սերժ Սարգսյանի թիմի պարագան մի փոքր այլ է, սակայն ռացիոնալության հարթություն նրա տեղափոխմանը խանգարելու է Քոչարյանի գործոնի առկայությունը, որը մշտապես «մրցակցային» ոչ քաղաքական հակադրության ռեժիմ է պահպանելու երկրորդ և երրորդ նախագահների միջև (այս թեմային հանգամանալից անդրադարձ, գոնե այս պահին, ունենալ չեմ ուզում):

Ինչ վերաբերում է մտավորականությանը, ապա այն Հայաստանում ինստիտուցիոնալ հարթության վրա ոչնչացված է. մեր երկրում այլևս չկան բարոյական հեղինակություններ։

Արդյո՞ք վիճակը փակուղային է։ Այո, եթե ճգնաժամի հանգուցալուծումը թողնենք այն սեգմենտներին, որոնց ակնարկում է Առաջին նախագահը։ «Ազգակործան պատուհասի» իշխանության որակի, բովանդակության մասին անգամ անիմաստ է խոսել. արդյունքները տեսանելի են անզեն աչքերով։

Հիմա պետք է հասկանալ գործող ընդդիմության կառուցվածքը, ծագումնաբանությունը։ Այն` իր բազմաթիվ թևերով, ինստիտուցիոնալիզացվել է Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնությունից հետո։ Պատերազմի ավարտից հետո կար իրավիճակի հանգուցալուծման մի քանի տարբերակ։ Նիկոլ Փաշինյանը կարող էր հրաժարական տալ, բայց նրան անձամբ ճանաչողները, այդ թվում` ես, վստահ էին, որ նման բան տեղի չի ունենա։ Դեռ շնորհակալ եղեք, որ պատերազմի պարտության պատասխանատվությունը նա բարդել է միայն Երրորդ հանրապետության նախկին նախագահների վրա` «խնայելով» Տիգրան Մեծին կամ Աշոտ Երկաթին։

Մյուս տարբերակը` հեղափոխությունն էր։ «Հայրենիքի փրկության շարժումը» նման բան անել չէր կարող, որովհետև հասարակության կողմից ընդամենը երկու տարի առաջ օբյեկտիվորեն մերժված համակարգը, անգամ մեծ ցանկության պարագայում, չէր կարող առաջարկել հանրային կոնսոլիդացիայի բանաձև։ Պատահական չէ, որ ընդդիմադիր այդ հարթակը հույսը դրել էր ոչ թե հասարակությունից եկող էներգետիկայի, այլ` «հյուսիսային քամիների» վրա (այս թեմայի վրա դարձյալ չեմ կենտրոնանա, որովհետև դրա մասին մանրամասն խոսել եմ, երբ իմ կողմից ղեկավարվող «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը լքել է ՀՓՇ-ն` սրանից մեկ տարի առաջ)։

Մյուս ճանապարհը` ռազմական հեղաշրջման անփառունակ տարբերակն էր, որը փաստացի չաշխատեց, որովհետև Օնիկ Գասպարյանն ու մյուսները չտրվեցին «հերոսանալու» էժանագին գայթակղությանը։ Ընտրվեց վերջին տարբերակը` ԱԺ արտահերթ ընտրությունները։ Դրանցից առաջ Նիկոլ Փաշինյանին հաջողվեց արտաքին քաղաքական կոնսենսուս ձևավորել իր իշխանության երկարաձգման շուրջ։ Այդ համատեքստում` ընդդիմությունն աչքի չընկավ կրեատիվ լուծումներով ու ընտրությունների մասնակցեց այնպիսի կոնֆիգուրացիայով, որն, ըստ էության, լեգիտիմացնելու էր վերը հիշատակված արտաքին քաղաքական կոնսենսուսը։ Ստացանք մի ԱԺ, որը ճգնաժամային Հայաստանի մանրակերտն է։

Նիկոլ Փաշինյանի «խաղաղության օրակարգը», նույնիսկ հայ- թուրքական երկխոսության գործընթացը զուրկ են բովանդակությունից, որովհետև Հայաստանի փաստացի վարչապետը այդ գործընթացներին մասնակցում է միայն մեկ նպատակով (նրան արդյունքը չի հետաքրքրում)` արտաքին աշխարհում պահանջարկված դարձնել իր իշխանությունը (Փաշինյանը գիտակցում է, որ ԱԺ ընտրություններն իր իշխանությանն անհրաժեշտ լեգիտիմություն չեն հաղորդել): Ո՞րն է իրական «խաղաղության օրակարգը»։ Պատրա՞ստ է Փաշինյանը գնալ ԼՂ խնդրի քաղաքական կարգավորմանը (դա չի կարող մեր բաղձալի միացումը կամ անկախությունը լինել), թե՞ կրկին մանևրելու է «մաուզերիստի» ու պացիֆիստի վտանգավոր կերպարների մեջ։ Այս պահին կարևորը` Արցախի հայկականությունն ու անվտանգությունն են, մնացած «պոպուլյար», մաքսիմալիստական օրակարգերը մեզ տանելու են ոչ մի տեղ` վտանգելով նաև Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը։

Հայաստանը դեռ շանս ունի ԼՂ-ի ինչ-որ կարգավիճակի որոշմանը մասնակցելու` դառնալով Արցախի մեր հայրենակիցների համար ձևավորվելիք միջազգային երաշխիքների ձևավորողներից ու երաշխավորներից մեկը։ Վաղը Հայաստանն այդ շանսն էլ չի ունենալու` Արցախն ու արցախցիներին թողնելով Ռուսաստանի, Ադրբեջանի, գուցե այլոց պայմանավորվածության պատանդը։

Պատրա՞ստ է Փաշինյանը հայտարարել, որ Հայաստանի հիմնական առաքելությունը ոչ թե պատմական արդարության հետապնդումն է, այլ իր քաղաքացիների անվտանգության ու բարեկեցության ապահովումը։ Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի խնդիրն է, սեփական պատմության հետ առերեսումն այդ պետության քաղաքակրթական տեստն է. Հայաստանը չի կարող ու չպետք է դառնա պատմական արդարության վերականգնման լոբբիստական ակումբ։ Քանի Նիկոլ Փաշինյանը այս երկու «Պատրաստ»-ին պատասխան չի տվել, ես չեմ հավատում նրա «խաղաղության օրակարգին»։

Բայց այս հարցերի պատասխանը չունի նաև տիտղոսային ընդդիմությունը կամ ունի այնպիսի «լուծումներ» (հայդատականություն, ոչմիթիզականություն), որոնք միայն նպաստում են Փաշինյանի իշխանության երկարաձգման շուրջ կայացված արտաքին քաղաքական կոնսենսուսը։ Ընդդիմադիր գործող ձևաչափերն անարդյունավետ են ոչ միայն ու գլխավորապես ոչ այն պատճառով, որ ասոցացվում են նախկին նախագահների հետ. դրանք արդյունավետ չեն, որովհետև ձևավորվել են «բլիցկրիգի» տրամաբանությամբ իշխանափոխության հասնելու համար։ Ընդ որում, «բլիցկրիգային» մարտավարության հիմքում բացակայել է քաղաքագիտության ռեալիստական մոտեցումը. հաշվի չեն առնվել մեր հասարակության տրամադրությունները, միջազգային համատեքստը։ Արդյունքում` Փաշինյանի իշխանությունը ոչ միայն մնաց, այլ հիմքեր ստեղծվեցին դրա երկարաժամկետ ավտորիտար «կայունացման» համար։

Հիմա կարո՞ղ ենք հաղթահարել այս ճգնաժամը։ Այո։ Բայց, նախ և առաջ պետք է հաղթահարել «մուրճի ու մանգաղի» տրամաբանությունը, դուրս գալ «բլիցկրիգային» մարտավարությունից, ձևավորել ընդդիմադիր երկարաժամկետ նախագիծ` արժանապատիվ խաղաղության պրագմատիկ օրակարգով, հասարակությանը մատուցել քաղաքական այնպիսի «ապրանք», որն ավելի արժեքավոր կլինի «մուրճով» վազողի պոպուլիզմից կամ «մանգաղի» նոստալգիայից։ Որակապես նոր ընդդիմության հայտը չի կարող ուղեկցվել նվնվոցով, թե Նիկոլենք ու «հները» մոնոպոլացրել են դաշտը կամ հասարակությանն ուղղված կշտամբանքով։ Հասարակության հետ տևական ու բարդ աշխատանք պետք է տարվի` առանց իշխանափոխության «ֆորսմաժորային» փոփոխությունների խոստումների ու ամենակարևորը հանրությանը պետք է միավորել արժանապատիվ խաղաղության օրակարգի շուրջ։ Դա չի կարող լինել Փաշինյանի այսօրվա պոպուլիզմը կամ «ազգային ռևանշիզմի» որևէ դրսևորում. քաղաքական նոր բովանդակություն է պետք։ Գիտեմ դժվար է, բայց պետք է փորձել։

Նախորդ հոդվածըՈւսման Դեմբելեն հրաժարվել է նոր պայմանագիր կնքել «Բարսելոնայի» հետ
Հաջորդ հոդվածըՋոկովիչը լքել է Ավստրալիան