‘Արձագանք. ՀՀԿ-ական պատգամավորը խոսում է Թուրքիայի ԱԳ նախարարի այցից, բայց չգիտի անգամ նրա անունը ‘

1559

Իշխանությունները ի դեմս ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանի, փորձ են արել արձագանքել Կոնգրեսի Արտաքին հարաբերութունների հանձնաժողովի 2013թ. արտաքին քաղաքականության ամփոփման գնահատականներին: Արձագանքի որակի մասին կարելի է դատել միայն նրանով, որ բարձրաստիճան պատգամավորը արձագանքում է ոչ թե Դավութօղլուի եւ Նալբանդյանի, այլ Էրդողանի և Նալբանդյանի հանդիպմանը` ասելով. «Իսկ ինչ վերաբերվում է Էրդողանի այցին ու արտգործնախարարի հետ հանդիպմանը, ապա արտգործնախարարների գործն էլ հենց հանդիպելն ու հարաբերություններ քննարկելն է: Կարծում եմ՝ դրանում վատ բան չկա, որ ևս մեկ անգամ Նալբանդյանը Էրդողանին վերահաստատել է Հայաստանի հստակ ու անբեկանելի դիրքորոշումը. հայ-թուրքական հարաբերություններ առանց նախապայմանների, ինչին աջակցում էր նաև ՀԱԿ-ը»:

Այսինքն, ՀՀ ԱԺ «բարձր» մակարդակում նույնիսկ չգիտեն, թե ով է Թուրքիայի ԱԳ նախարարը: Սույնով կարելի է պատկերացում կազմել  նաև Ա. Զաքարյանի արտահայտած մյուս մտքերի որակի մասին:

Ավելորդ կլիներ սպասել նման վայ-պատգամավորներից պատասխաններ Ս. Սարգսյանի՝ ժողովրդին խաբելու փաստերի, Հայաստանի մեկուսացման խորացման, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի և հայ-թուրքական հարաբերությունների խորը և անհույս փակուղում հայտնվելու վերաբերյալ: Նման մակարդակ ունեցող պատգամավորը չէր էլ կարող պատասխանել ԵՄ կողմից անցկացվելիք դոնորների կոնֆերանսի հնարավորության տապալման, կամ ԱՄՆ Հազարամյակի Մարտահրավեր հիմնադրամից մերժում ստանալու մասին բարձրացված հարցերին: Չկա ոչ մի խոսք նաև ներդրումների շեշտակի կրճատման պատճառների վերաբերյալ:

Արշակ Մուսախանյան

Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի քարտուղար

Նախորդ հոդվածը‘Հանրահավաք Ազատության հրապարակում եւ երթ` ընդդեմ կուտակայինի (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ԲՀԿ-ական պատգամավոր. Իշխանության կամակատարներն ընկել են խորը ցնցակաթվածի մեջ’