‘Արձանագրվել է գրիպի դեպքերի և սուր շնչառական վարակների աճ’

797

Վերջին շաբաթվա ընթացքում հանրապետությունում շարունակվում են արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության աճ` գրեթե 2,5 անգամ (փետրվարի 18-24-ը` 5033, փետրվարի 25-ից մարտի 3-ը` 10688), հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Հաղորդագրության համաձայն՝ այն պայմանավորված է ինչպես առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ, այնպես էլ հիվանդանոցներ բնակչության ակտիվ դիմելիությամբ և գրիպի ու սուր շնչառական վարակների սեզոնայնության այժմյան օրինաչափությամբ: 

Չնայած բժշկական օգնության և սպասարկման կազմակերպություններ բարձր դիմելիությանը, նշված հիվանդություններով նվազում են շտապօգնության կանչերը` ինչպես սուր շնչառական վարակների, այնպես էլ թոքաբորբերի դեպքերում: 

Մարզերում` 

            սուր շնչառական վարակներով 214 հիվանդ, 

            թոքաբորբերի թեթև ձևերով 98 հիվանդ,

 Երևանում` 

            սուր շնչառական վարակներով 353 հիվանդ, 

            թոքաբորբի թեթև ձևերով 106 հիվանդ: 

Երևանի ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում բուժում է ստանում 20 հիվանդ, որոնց վիճակը հիմնականում գնահատվում է միջին ծանրության։ Միայն մեկ հիվանդի վիճակն է գնահատվում ծանր` պայմանավորված ուղեկցող հիվանդություններով  և ուշ դիմելիությամբ: 

Կազմակերպված և իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում արձանագրված դեպքերի գրեթե 70%-ը պայմանավորված է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակով, 20%-ը` գրիպի Բ տեսակով: Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հանրապետությունում շրջանառում են նաև շնչառական այլ վարակների հարուցիչներ` ռեսպիրատոր սինտիցիալ վիրուսներ: 

Համաճարակաբանական վերլուծության արդյունքները վկայում են այն մասին, որ հիվանդացության աճը պայմանավորված է բնակչության կողմից գրիպի և սուր շնչառական վարակների կանխարգելմանն ուղղված միջոցառումների ոչ հետևողական իրականացմամբ (հիվանդների աշխատանքի, ուսումնական հաստատություններ հաճախումը, միջոցառումներին մասնակցությունը և այլն)` չնայած ՀՀ առողջապահության նախարարության բազմաթիվ հորդորներին: 

 

 

Նախորդ հոդվածը‘Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր՝ ավանդների նախնական փոխհատուցման մասին’
Հաջորդ հոդվածը‘Միջադեպ ՍԴ-ում. Տիգրան Մուկուչյանին հանցագործ են անվանել (Տեսանյութ)’