‘Արձանագրվել է Ֆինանսական կազմակերպությունների դեմ բողոքների էական աճ’

862

ՀՀ Ֆինանսական հաշտարարի գրասենյակի միջնորդությամբ ֆինանսական կազմակերպությունների կողմից ֆիզիկական անձանց վճարված փոխհատուցումների ծավալը 2014 թվականին կազմել է 170.6 մլն դրամ:

ՀՀ Ֆինանսական հաշտատարի գրասենյակից հայտնում են, որ նշված գումարը վճարվել է 2014 թվականին գրասենյակի քննարկմանը ներկայացված 1069 գործերով: Նշվում է նաև, որ անցյալ տարի ներկայացված գործերից 208-ը դեռ չի քննարկվել:

Աղբյուրի համաձայն, նշված գումարի 82.6%-ը կամ 140.9 մլն դրամը վճարել են ապահովագրական ընկերությունները, 14.2%-ը կամ 24.2 մլն դրամը` բանկերը, 2.6%-ը կամ 4.5 մլն դրամը` Ապահովագրողների բյուրոն, 0.5%-ը կամ 786.6 հազար դրամը` վարկային կազմակերպությունները: Գրավատները և վճարայաին կազմակերպությունները համապատասխանաբար վճարել են` 130 հազար և 13.4 հազար դրամ:

ՀՀ Ֆինանսական հաշտարարի գրասենյակը 2014 թվականին ընդհանուր հաշվով քննարկել է  ֆինանսական կազմակերպությունների դեմ ներկայացված 1277 հայտ: Քննարկված հայտերի 77%-ը լուծվել է ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդների օգտին, ընդ որում, 61.1%-ը լուծվել է հաշտության միջոցով: Հայտերի մեծ մասն ուղղված է եղել ապահովագրական ընկերությունների դեմ` 1021 հայտ, բանկերի դեմ ուղղվել է 230 հայտ, Ապահովագրողների բյուրոյի դեմ` 14 հայտ, վարկային կազմակերպությունների դեմ`5 հայտ, վճարային համակարգերի դեմ` 4 հայտ և գրավատների դեմ` 3 հայտ:

Ընդհանուր առմամբ, ֆինանսական հաշտարարի գրասենյակն արձանագրել է Ֆինանսական կազմակերպությունների դեմ բողոքների էական աճ`62%, հետևաբար, 50% աճել է նաև քննարկման վերցված պահանջների թիվը:

2009 թվականի հունվարի 24-ից մինչև 2015 թվականի հունվարի 22-ը ֆինանսական հաշտարարի միջնորդությամբ փոխհատուցվել է 622.7 մլն դրամ: Ֆինանսական կազմակերպությունների դեմ բողոքները կազմել են 8381 հայտ, որից քննարկման է վերցվել 2798-ը, իսկ քննարկված գործերի 70%-ը լուծվել է հաճախորդների օգտին:

Նշենք, որ ՀՀ Ֆինանսական հաշտարարի գրասենյակը գործում է 2009 թվականից, որը մատուցում է անվճար ծառայություններ, որի դիմաց վճարում են ֆինանսական կազմակերպությունները:

Նախորդ հոդվածը‘Ռիկելմե.«Այսօր ինձ համար կարևոր օր է.ես որոշել եմ այլևս ֆուտբոլ չխաղալ»(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ֆեյսբուքը և Ինստագրամը անհասանելի են’