Արման Աղաջանյան. «Ձեր մասնագիտական ինքնասիրությունը չի՞ վիրավորվում նման գնահատականից»

1516

Արման Աղաջանյանը Ֆեյսբուքում գրում է.

«Քաղաքական գործիչները, կուսակցությունները կարող են փաստերն ու դրանց նկատմամբ իրենց գնահատականը ներկայացնել յուրովի՝ ելնելով իրենց շահերից: Օրինակ, մեկը կարող է ասել. «Բանակցային գործընթացը 1994 թվականի մայիսի 12-ի զինադադարի կետից նահանջի մի մեծ գործընթաց է: Տխուր է արձանագրել, բայց բանակցային ողջ գործընթացում հայկական կողմը ոչ մի հաջողություն չի ունեցել, դա անհաջողությունների մի երկար պատմություն է»: Իրենց իրավունքն է: Քաղաքականությունում մնալու ու մեր ճակատագրերը որոշելու խնդիրն է թելադրում դա: Բոլոր տեղերում է այդպես: Բայց: Բայց ուրիշ տեղերում կա նաև մտավորական կոչվածը, գիտնականը, որն ասում է ճշմարտությունը՝ առանց քաղաքական շահ հետապնդելու (դժվար է հասկանալ, բայց մտավորական-գիտնական կոչումն է այդպիսին): Մեր գիտնականները բան չունե՞ն ասելու: Ի՞նչ են սովորեցնում մեր համալսարաններում միջազգային իրավունք, միջազգային հարաբերություններ, քաղաքագիտություն, պատմություն և այլն դասավանդող գիտական կոչումներ ունեցող դասախոսները, եթե նրանք չունեն, չեն կարողացել ձևավորել իրենց տեսակետը Հայաստանի ժամանակակից պատմության կարևորագույն հարցի վերաբերյալ: Չեն կարողացել պարզել, թե վերջապես ո՞նց եղավ, որ այսպես ստացվեց: Իսկապե՞ս մեր դիվանագիտության աշխատանքը անընդհատ պարտությունների շարան է: Ինչու՞ Ղարաբաղը դուրս մնաց բանակցություններից և այլն: Թե՞ նման հարցերը դուրս են նրանց գիտական հետաքրքրությունների շրջանակից: Իսկ դիվանագետները, ԱԳՆ-ում, արտաքին հարաբերությունների ոլորտում աշխատած ու աշխատող բազմաթիվ մասնագետները համաձա՞յն են նման գնահատականի հետ: Ձեր մասնագիտական ինքնասիրությունը չի՞ վիրավորվում նման գնահատականից: Վերջապես հանրությունն իրավունք ունի՞ իմանալու ճշմարտությունն այս հարցերում, թե՞ նոր հազարամյակում դեռ շարունակելու ենք միֆական պատկերացումներով ապրել»:

Նախորդ հոդվածըՊոռոշենկո. «Կարգին ծիծաղեցի»
Հաջորդ հոդվածըԿառավարությունը հրաժարական է տվել