Արման Աղաջանյան. Վաղը դուք եք սրբագրելու ու հրաժարվելու ձեր ասածներից

5311

Արման Աղաջանյանը Ֆեյսբուքում գրում է.

«Սովետական հայտնի դիսիդենտ Վադիմ Դելոնեն իր հուշերում այսպիսի մի պատմություն ունի: Բանտում եղած ժամանակ ինքն ընկերներից ստանում է սիրած գրքերը՝ Շեքսպիր և այլն: Գրքերը կարդում է իր հետ նստած բանտարկյալներին, որոնց մեծ մասը աշխարհի մասին, բացի պարզունակ պատկերացումներից ու փորձից, հիմնականում՝ քրեական, այլ փորձ ու պատկերացում չի ունեցել: Դելոնեն գրում է, որ, ի զարմանս իրեն, բանտարկյալներին շատ դուր եկավ Շեքսպիրը: Բայց, այ, Համլետը՝ ոչ այնքան: Նրանց դուր չէր գալիս Համլետի անվճռականությունը: «Պետք էր այդ թագավորին միանգամից սպաներ: Թե չէ ինքը գնում-գալիս էր՝ լինել, թե չլինել, չգիտեմ ինչ: Այդպես էլ հոր թասիբին չկարողացավ կանգնել»,- ջղայնանում էին բանտարկյալները:

Դելոնեի այս պատմությունը անցյալ դարի 70-ականներից է: Այն ժամանակ բարդ հոգեբանական ապրումների, մարդկային բարդ հարաբերությունների, պատմական ժամանակաշրջանի ու հանգամանքների ողջ դրամատիզմի պարզունակ ընկալումները դեռ ծիծաղելի էին: Հիմա՝ էլ չեն: Հիմա, ցավոք, այդ պարզունակությունն արդեն նորմա է: Համլետը սխալ է, որովհետև ի՞նչ կա այնտեղ հասկանալու. պետք է միանգամից սպաներ թագավորին ու վերջ:

Կամ` նմանատիպ ընկալման մեկ այլ օրինակ: Երբ պրոֆեսորը հարցնում է, թե ինչ է հասկացել Էնգելսի ու Կաուտսկու նամակագրությունից, Պոլիգրաֆը Պոլիգրաֆիչը պատասխանում է, որ համաձայն չէ: Պրոֆեսորի ճշգրտող հարցին, թե կոնկրետ ում հետ համաձայն չէ՝ պատասխանում է, որ երկուսի հետ էլ: Գրում են, հա գրում են: Բայց պետք էր վերցնել ու ամբողջը բաժանել ու վերջ:

Մոտավորապես այսպիսին է մեր որոշ քաղաքական վերլուծաբանների ու հասարակական կարծիք ձևավորողների վերաբերմունքը ժամանակակից պատմությանն ու, մասնավորապես, առաջին նախագահի արածին ու գրածին: Ձեր իրավունքն է, եթե ուզում եք քննադատել՝ արեք: Բայց մի եղեք այդքան պարզունակ: Անհարմար է: Վաղը դուք եք սրբագրելու ու հրաժարվելու ձեր ասածներից»:

Նախորդ հոդվածըՀՀ ԱՆ. 907 նոր դեպք, 18 մահ
Հաջորդ հոդվածը«Ռոմա» — «Էմպոլի»՝ 2։0. Մխիթարյանը գոլային փոխանցման և գոլի հեղինակ (տեսանյութ)