- Եթե դեմ եք Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին, դո՞ւք ինչ եք առաջարկում։
- Չեք հասկանո՞ւմ, որ խաղաղության այլընտրանքը պատերազմն է։
- Որևէ կասկած կա՞, որ նման պատերազմում Հայաստանը նորից աղետալի պարտություն կկրի։
- Դուք չէիք ասո՞ւմ, որ բանակցված լուծումը միշտ նախընտրելի է պատերազմից, քանի որ բանակցված լուծման դեպքում քեզ ինչ-որ բան կտան, իսկ պատերազմի դեպքում ոչ միայն ոչինչ չեն տա, այլ կվերցնեն ավելին, քան պահանջում էին բանակցությունների ժամանակ։
Սրանք նիկոլական պրոպագանդայի գլխավոր թեզերն են արդեն երկար ժամանակ։ Պետք է ասել, որ այս թեզերի մեջ, իհարկե, որոշ տրամաբանություն կա։ Ճշմարտություն կա նաև այն պնդման մեջ, որ այսօր Փաշինյանի վարած քաղաքականության որոշ քննադատներ, այդ թվում` ես, ժամանակին նմանատիպ փաստարկներ ենք հնչեցրել։ Բայց այս թեզերը երկու խնդիր ունեն։ Առաջին, դրանք որոշ վերացական սկզբունքների մեխանիկական կիրառում են, որոնք հաշվի չեն առնում որոշ իրադրական գործոններ։ Երկրորդ, դրանք հիմնված են մի կարևոր, բայց թաքնված ենթադրութան վրա, որին այս պրոպագանդայի հակառակորդները պատշաճ ուշադրություն չեն դարձնում։
Սկսենք առաջին խնդրից։ Սա մի ընդհանուր ու վտանգավոր երևույթի մասնակի դրսևորում է, որի դեմ պայքարն աշխարհի ամենաանհույս պայքարներից մեկն է։ Մարդիկ վերցնում են ինչ-որ սկզբունք ու դա օգտագործում են ոչ թե ինչ-որ բան բացատրելու կամ հասկանալու համար, ոչ թե դա օգտագործում են որպես վերլուծական գործիք, այլ ընդամենը որպես կլիշե սեփական կանխակալ ու փոփոխության ոչ ենթակա դիրքորոշումն արդարացնելու համար։ Օրինակ, ասում ես երկրի (կամ մարդու, կամ բիզնեսի) հավակնություններըր չեն կարող չհամապատասխանել այդ երկրի ռեսուրսներին։ Միշտ գտնվում է մի հերոս, որը կուրծքն առաջ տված հայտարարում է` ուժն է ծնում իրավունք։ Ինքն էլ չի հասկանում` դա ինչ է նշանակում, կամ որ իրականում քո ասածին որևէ կերպ չի էլ պատասխանել իր այդ հայտարարությամբ, բայց դե սկզբունք է, որը համոզիչ է թվում ու որն արդարացնում է տվյալ հերոսի նախապատվությունները կամ գոնե նրան այդպես է թվում։ Հետևաբար` անելու է այդ հայտարարությունն ու հաջողությամբ փոխելու է թեման։ Հիմա արդեն եթե հակադրվես էդ մարդուն, ստացվում է, որ դու այնքան հիմար ես, չես հասկանում, որ իրավունքն ուժ չի ծնում։
Վերադառնանք նիկոլականներին։ Լսել են, որ խաղաղությունը լավ բան է, ու որ խաղաղության այլընտրանքը պատերազմն է։ Հետևաբար, իրենց հասցեին արված ամեն քննադատության պատասխանելու են այդ սկզբունքը հիշեցնելով ու դիմացինին մի վիճակի մեջ դնելով, երբ նա իրենց հակադրվելով փաստորեն հակադրվում է խաղաղությանը ու չի հասկանում, որ խաղաղության այլընտրանքը պատերազմն է։
Նախ մի փոքր հիշեցում, որի կարիքը չպիտի լիներ, բայց մեր խիստ արտառոց քաղաքական իրականության մեջ դրա կարիքը հաստատ կա։ Սա ասում են մարդիկ, որոնք մի քանի տարի առաջ անարգանքի սյունին էին գամում փոխզիջման կողմնակիցներին որպես դավաճանների ու հայտարարում, որ այդ բառն ընդհանրապես պետք է մեր բառապաշարից դուրս գա։ Այլ կերպ, քան օրուելյան` հնարավոր չի նկարագրել այն իրողությունը, որտեղ այդ մարդիկ իրենց նախկին քննադատներին հիմա քննադատում են ճիշտ հակառակ ելակետից։ Այլ կերպ, քան օրուելյան` հնարավոր չի նկարագրել այն իրողությունը, որ այդ մարդիկ ոչ միայն քաղաքական (առնվազն քաղաքական) պատասխանատվություն չեն կրել երկրի գլխին ծանրագույն աղետ բերած իրենց սույն դիրքորոշման պատճառով, այլ վերընտրվել են աղետից հետո։ Բայց սա մի կողմ թողնենք։ Ավելի կարևոր է գիտակցել այն, որ այս մարդիկ սա ընդամենը որպես կլիշե են օգտագործում իրենց քաղաքականությունն արդարացնելու համար։ Ինչո՞ւ եմ այդպես կարծում։ Որովհետև իրենց բերածը խաղաղություն չի ու չի կարող լինել։ Իրենց բերածը Հայաստանի աստիճանական վերածումն է ադրբեջանական գաղութի, իսկ խաղաղության ու ինքնիշխանության մասին խոսակցություններն ընդամենը այդ սողացող աղետը քողարկող կլիշեներ են, ուրիշ ոչինչ։
Այս կապակցությամբ մի ուրիշ բան էլ եմ ուզում հիշել։ Պատերազմից առաջ մի ուրիշ շատ տարածված պնդում կար, որը նույնպես հիմնված էր միանգամայն տրամաբանական ու շատ հայտնի տեսության վրա, բայց որը նույնպես կլիշե էր դարձել բանակցային լուծման հակառակորդների ձեռքում։ Խոսքն այն տեսության մասին է, որ եթե որևէ բանակցային լուծում ուժեղացնում է կողմերից մեկին ու խոցելիություններ ստեղծում մյուսի համար, ապա այդ բանակցային լուծումը չի կարող կայուն լինել, հետևաբար չի կարող դիտարկվել որպես պատերազմի ողջամիտ այլընտրանք։ Հայաստանում այս կլիշեի մոլեռանդ պաշտպաններ էին շատ շատերը, այդ թվում այսօր իշխանության ղեկին գտնվող քաղաքական ուժի ներկայացուցիչները։ Ես դեռ 2017 թ.-ին անդրադարձա այս խնդրին ու փորձեցի բացատրել, թե ինչու եմ խնդրահարույց համարում այդ տեսական դրույթի նման մեխանիկական կիրառումը (հետաքրքրվողները կարող են կարդալ հոդվածը` մանրամասներին ծանոթանալու համար)։ Այստեղ ընդամենը ուզում եմ մատնանշել այն, որ այդ սկզբունքի կիրառելիությունն անկախ չէ այլ գործոններից, մասնավորապես` այնպիսի երաշխիքների գոյությունից, որոնք կարող են ուժեղացած կողմի գայթակղությունները զսպել։ Նման երաշխիքներ, և բավականին լուրջ երաշխիքներ, կային պատերազմից առաջ, բայց մերօրյա խաղաղության կողմնակիցները հեգնանքով էին խոսում այդ երաշխիքների մասին`որպես ծիծաղելիորեն անարժանահավատ։ Նույն մարդիկ այսօր նույնիսկ անարժանահավատ երաշխիքներ չունեն, բայց շարունակում են հասարակության հավաքական ինտելեկտը վիրավորել խաղաղության մասին զավեշտական խոսակցություններով։ Զավեշտական, որովհետև նրանց ամեն զիջմանն ու խաղաղության մասին մեղրածոր հայտարարությանն ադրբեջանական կողմը պատասխանում է նոր պահանջներով ու նոր սպառնալիքներով։
Հիմա երկրորդ խնդրի մասին։ Ի՞նչ թաքնված ենթադրության մասին եմ խոսում ես, և ի՞նչն է, որ հաճախ չեն նկատում նույնիսկ Փաշինյանի քննադատները կամ, համենայն դեպս, չեն նկատում խաղաղ բանակցությունների համատեքստում։ Խոսքն այն ենթադրության մասին է, որ Փաշինյանի հիմնական խնդիրն ու նպատակն Ադրբեջանի հետ խաղաղությունն է։ Իմ խորին համոզմամբ, սակայն, Ադրբեջանի հետ ամեն գնով խաղաղություն հաստատելու մղումն ընդամենը ածանցյալ է Փաշինյանի հիմնական նպատակից, ինչը Հայաստանի «վերջնական ու լիակատար ազատագրումն է ռուսական լծից»։ Այսինքն, այստեղ իմ համոզմունքները նշանակություն չունեն։ Սրա մասին իրենք են խոսում բաց տեքստով, ընդհուպ մինչև հայտարարությունները, որ 2023 թ.-ի սեպտեմբերի 19-ը Հայաստանի իրական անկախության օրն էր։ Սա է պատճառը, որ ես նպատակահարմար չեմ համարում նրանց հետ «խաղաղությունը լա՞վ բան է, թե՞ վատ» թեման քննարկել և մի վիճակում հայտնվել, երբ նրանք քեզանից ագրեսիվորեն պահանջում են խաղաղ բանակցություններին ու զիջումներին այլընտրանք առաջարկել։ Սա հմտորեն հյուսված պրոպագանդիստական ծուղակ է։ Չպետք է թույլ տալ, որ խոսակցության հիմնական թեման սա լինի։ Խոսակցության հիմնական թեման պիտի լինի երկրի ստրատեգիական կողմնորոշումը փոխելու անհեռանկար ու կործանարար քաղաքականությունը։ Հենց այդ քաղաքականությունն է, որ, ի թիվս այլ աղետների, մեզ դրել է Ադրբեջանի դիկտատին ոչինչ հակադրել չկարողանալու վիճակի մեջ։
Այստեղ ինձ կարող են պատասխանել մի կարևոր առարկությամբ։ Բայց նրանք պիտի հասկանան, որ խաղաղություն չի լինելու, ու որ Ադրբեջանը ոչինչ չի ստորագրելու, հետևաբար, եթե նույնիսկ նրանք դա դիտարկում են որպես միջոց իրենց գերագույն` ռուսներից ազատվելու նպատակին հասնելու համար, միևնույն է` դա դատապարտված քաղաքականություն է։ Իսկապես լավ առարկություն է, բայց այստեղ մի ուրիշ թաքնված ենթադրություն կա։ Մասնավորապես, որ մենք գործ ունենք ռացիոնալ մարդկանց հետ։ Ես չգիտեմ էլ` ինչ պիտի անեն այս մարդիկ, որ իրենց իռացիոնալությունն ու ապիկարությունն այլևս ապացուցված փաստ համարվի։ Ցանկալին իրականության հետ շփոթելը, իրականությունը կամ ավելի ճիշտ` դրա ընկալումն իրենց նվիրական իղձերին հարմարեցնելը պարզապես այս մարդկանց քաղաքական այցեքարտն է (նրանց իռացիոնալության ավելի համապարփակ քննարկման համար տե՛ս Իլուր, հոկտեմբերի 5, 6, 7, 8, 9)։ Բացի այդ, նրանք իրենց ամբողջ քաղաքական կապիտալը ներդրել են այդ գրանդիոզ նախագծի իրականացման մեջ ու հիմա չգիտեն ինչ անել դրա հետ, եթե նույնիսկ հասկանան, որ այդ քաղաքականությունը կատարելապես ձախողվել է, ու որ ոչ եվրոպացիները, ոչ առավել ևս ամերիկացիները նրանց ոչնչով չեն օգնելու այդ նպատակի իրագործման հարցում։ Ամենամեղմ բացատրությունը, որ կարելի է տալ այս վարքագծին, եթե փորձենք կատարյալ իռացիոնալությունից բացի ուրիշ բացատրություն փնտրել, դա միջազգայնագիտական գրականության մեջ հայտնի gambling for resurrection (բառացի` գրավադրում վերակենդանացման հույսով) ֆենոմենն է, երբ այլևս որևէ կանխատեսելի գործոնի վրա հույս դնել չես կարող ու շարունակում ես նույն վարքագիծը այն սին հույսով, որ ինչ-որ սկզբունքորեն անկանխատեսելի և քեզ համար նպաստավոր բան կարող է տեղի ունենալ, որը կարող է կտրուկ փոխել իրադրությունը։ Նման իրավիճակում հայտնված մարդիկ սկսում են կախվել փրփուրներից ու փոքր բաներին մեծ նշանակություն տալ, եթե դրանք նպաստավոր են, ու մեծ բաներն անտեսել, երբ դրանք նպաստավոր չեն։ Ինչ-որ սին հույսեր են փայփայում, որ կարող է Էրդողանը միջամտել ու Ալիևին ինչ-որ բաներ բացատրել բարեկամաբար, որ կարող են թուրքերը սահմանը բացել կամ, թերևս, որ կարող է Պուտինն ինֆարկտ ստանալ և այլն։ Հիտլերի բունկերում հաղթանակի նոր հույս էր առաջացել 1945 թ.-ի ապրիլի 12-ին (1945 թ.-ի ապրիլին!!!), երբ տեղեկություն ստացան այնտեղ, որ վախճանվել է Ռուզվելտը։ Ըստ որոշ տեղեկությունների` ներկաները նույնիսկ շամպայն են խմել այդ լուրը նշելու համար։ Փաշինյանի Հայաստանը կամ գոնե դրա փաշինյանական հատվածը սկսել է նմանվել Հիտլերի բունկերին։