Ելույթ Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 80-ամյակին նվիրված
հանդիսավոր միջոցառման ժամանակ
Լևոն Տեր-Պետրոսյանի ֆենոմենը մեր քաղաքական կյանքի, եթե չասենք` մեր պատմության մեծագույն պարադոքսն է։ Եթե նույնիսկ մի կողմ դնենք նրա նախագահության տարիների մյուս չափազանց տպավորիչ հաջողություններն ու ձեռքբերումները, միայն հաղթանակն առաջին պատերազմում բավական պիտի լիներ, որպեսզի 600 տարի միայն պարտություններ ու նվաստացում տեսած ու 1990-ականներին իր մեջքն ուղղած ժողովուրդն ամեն գյուղում նրա արձանը դներ։ Ոչ միայն դա տեղի չունեցավ, այլև Տեր-Պետրոսյանը դարձավ դառը ատելության ու թշնամանքի թիրախ առնվազն մեր հասարակության մի շոշափելի հատվածի համար։ Նույնիսկ հիմա, երբ Տեր-Պետրոսյանն առանձնապես մեծ քաղաքական ակտիվություն չի ցուցաբերում և երբ նրա ղեկավարած քաղաքական ուժը նույնիսկ խորհրդարան չմտավ, նրա անվան ամեն հիշատակումը բուռն, երբեմն հիստերիկ արձագանքի առիթ է դառնում նրա հակառակորդների համար։ Ես ուզում եմ իմ խոսքը նվիրել այս պարադոքսի բացատրությանը։
Տեր-Պետրոսյանի զինակիցներն ու համակիրները պարադոքսը սովորաբար բացատրում են որոշակի օբյեկտիվ գործոններով։ Դրանք հաղթանակի ու այլ հաջողությունների ժամանակաշրջան լինելու հետ մեկտեղ տնտեսական անկման ժամանակաշրջան էին, որը եթե նույնիսկ օբյեկտիվորեն իշխանության քաղաքականության հետևանքը չէր, միևնույն է, մարդիկ դրա համար գործող իշխանությանն էին մեղադրելու, ինչպես դա տեղի է ունենում ամենուրեք։ Դրանք ոչ միայն տնտեսական դժվարությունների տարիներ էին, այլև սոցիալական շերտավորման տարիներ, որը նույնպես նպաստելու էր իշխանության նկատմամբ հակակրանքի ձևավորմանը` նորից, եթե նույնիսկ դա շուկայական տնտեսությանն անցման հետ կապված անխուսափելի իրողություն էր ու եթե նույնիսկ այդ շերտավորման ակունքները նաև կոմունիստների թողած ժառանգության մեջ էր թաքնված։ Շատերը շեշտում են այն հանգամանքը, որ պատերազմի լոկալ բնույթը, հետևաբար այն փաստը որ հայաստանյան հասարակության մի զգալի մասն այն իր մաշկի վրա չզգաց, չկարողացավ իրեն համոզել որ պատերազմն իր կրած զրկանքների պատճառներից մեկն էր, ու թերևս ամենակարևորը։ Մի մասն էլ ուշադրություն է հրավիրում այն բանի վրա, որ ելնելով դիվանագիտական նպատակահարմարությունից, Հայաստանի իշխանությունները պնդում էին, որ պատերազմող կողմերն Ադրբեջանն ու Արցախն էին, և ոչ Հայաստանը, ինչը Տեր-Պետրոսյանի հակառակորդներին հնարավորություն տվեց այդ փաստն էֆեկտիվորեն շահագործելու։
Ես այս բացատրությունները վիճարկելու մտադրություն չունեմ։ Բայց դրանք նշածս պարադոքսի սպառիչ բացատրությունը չեն։ Պարադոքը մի այլ, և ըստ իս ավելի հետաքրքիր, բացատրություն ունի։ Խնդիրը ոչ միայն ձեռքբերումները հակակշռող բացասական գործըթացներն էին, այլ հենց ձեռքբերումներն ու հաջողությունները։ Դրանք հետևանք էին մի ուսումքի հաղթարշավի, որը ժխտումն էր Հայաստանում ու հայկական աշխարհում գերիշխող հայդատական ազգայնականության ու դրա զանազան հիմնասյուների, ինչպես նաև մերժումը այդ ազգայնականությունը փեշակի վերածած մի ամբողջ քաղաքական ու մտավորական դասի։ Այդ ուսմունքը, որի հենասյուները իրատեսությունը, ռացիոնալիզմն ու ժողովրդավարութունն էին, մահացու սպառնալիք էր նշածս դասի դիրքերի նկատմամբ, ինչն իհարկե նրանք առանց կատաղի դիմադրության չէին ընդունելու, եթե նույնիսկ այդ դիմադրությունը վնասելու էր երկրին։
80-ականներին ձևավորված նոր քաղաքական սերունդը, որի ամենահեղինակավոր ու էֆեկտիվ խոսնակն էր Լևոն Տեր-Պետրոսյանը, ի ցույց դրեց հայդատական ազգայնականության ու դրա փիլիսոփայական հենասյուների ամբողջ սնանկությունը։ Նրանց շնորհիվ էր, որ մենք սկսեցինք քննական հայացքով նայել պատմական արդարության անհեթեթ գաղափարին։ Նրանց շնորհիվ էր, որ մենք սկսեցինք տեսնել դաշնակիցների ու փրկիչների տարբերությունը։ Նրանք քննական լույս ուղղեցին այն կարծրացած ենթադրության վրա, որ հարևանների հետ ունեցած մեր կոնֆլիկտները էթնիկ բնույթի էին, այլ ոչ քաղաքական, և որ հետևաբար դրանք բանակցային լուծումներ չունեին։ Նրանք ժողովրդի աչքերը բացեցին այն տարրական, բայց փութաջանորեն կոծկված ճշմարտության առջև, որ իղձերը չեն կարող անկախ լինել ուժերի հարաբերակցությունից ու դիվանագիտական միջավայրից։ Նրանք ժողովրդի աչքերը բացեցին մեկ այլ դժվար տեսանելի ճշմարտության առջև, մասնավորապես, որ զանազան, ենթադրաբար վեհ առաքելությունների վրա հիմնված, բայց երբեք հստակորեն չսահմանված «ազգային գաղափարախոսություն» կոչվածը ոչ այլ ինչ էր, քան տոտալիտարիզմի քարոզ։ Նրանք փորձեցին ժողովրդի մեջ սերմանել իրական ժողովրդավարության այն սկզբունքը, որ իշխող վերնախավերը պետք է ժողովրդի կամքով առաջնորդվեն, եթե նույնիսկ նրանք այդ կամքի վրա ազդելու և այն ուղղորդելու ֆունկցիա ունեն։
90-ականների հաղթանակներն ու նվաճումները տեղի ունեցան հայդատական գաղափարների մերժման և այս նոր գաղափարների որդեգրման շնորհիվ։ Մեր ավանդական վերնախավերն անմասն ու անհաղորդ մնացին այդ ժամանակվա հաղթանակներին ու նվաճումներին։ Դա էր պատճառը, որ նրանք ամեն ինչ արեցին այդ հաղթանակները նսեմացնելու, և ես չեմ վարանում ասելու, այդ հաղթանակները վիժեցնելու համար։ Նրանք ռազմաճակատում ծանր իրադրության պայմաններում Երևանում հակաիշխանական ցույցեր կազմակերպեցին, փորձեր արեցին կուսակցականացնելու կամավորական շարժումը, ԱՄՆ-ում Հայաստանի իշխանությունների դեմ լոբբիստական գործունեություն ծավալեցին, Հայաստանի իշխանության ներկայացուցիչներից մեկի դեմ դատական հայցի հարուցեցին որպես մարդու իրավունքներ ոտնահարած իշխանության ներկայացուցչի, և այլն։ Նման քայլերն ու ընդհանրապես Հայաստանում Տեր-Պետրոսյանի ու նրա իշխանության դեմ դառը ատելության սերմանումը պայմանավորված էին հենց վերջիններիս հաջողելու հեռանկարից ունեցած սարսափով, քանի որ այդ հեռանկարում նրանք կատարյալ անախրոմիզմ էին դառնալու։
Ցավոք, նրանց այդ հեռանկարից փրկեց իշխանության ներսում, Արցախյան առաջին պատերազմի բովում ձևավորված և նույնպես խաղաղությունից, իրատեսությունից ու նորմալ ժողովրդավարական ապագայի հեռանկարից սարսափած ռազմա-քաղաքական կաստան։ Բայց չնայած 1998 թ.-ին տարած իրենց հաղթանակին, այդ զանգվածը լուրջ տրավմայի էր ենթարկվել 90-ականներին ու այդ տրավման չէր մոռանալու։ 1998 թ.-ի իշխանափոխությունից հետո նրանք ջանք ու եռանդ չխնայեցին այդ տարիների նվաճումները սևացնելու, հայ ժողովրդի հաղթանակին «ցրտի ու մթի տարիներ» պիտակը դաջելու, այդ հաղթանակի հիմքը հանդիսացած գաղափարները կատարելապես խեղաթյուրելու, իրատեսությունն ու ռացիոնալիզմը նժդեհական մետաֆիզիակայով փոխարինելու և ժողովրդավարությունն «ազգային պետությանը» հակադրելու ուղղությամբ։ Նրանք Հայաստանը վերածեցին քաղաքական ու մտավորական անապատի, որն այն միջավայրն էր, որտեղ նրանք ապահով էին զգում։ Վերջապես ազգային գաղափարախոսները ճանապարհ հարթեցին այսօրվա անխոհեմ ու անպատասխանատու հեղափոխականների համար, որոնք շատ բաներով գուցե տարբերվում են նրանցից, բայց մի քանի հիմնական հարցում պարզապես երկվորյակներ են։ Մասնավորապես, նրանք նույն արմատական ազգայնականներն են, որոնք կարող են միջազգային կոնֆերանսներում հայկական կողմի իղձերն արդարացնել հղումներ անելով Տիգրան Մեծի կայսրության քարտեզին; նրանք նույն գռեհիկ հակամատերիալիստներն ու հակառացիոնալիստներն են, որոնք կարծում են որ կամքը ոչ միայն անհրաժեշտ, այլև բավարար պայման է որևէ նպատակի հասնելու համար; նրանք նույն փրկիչ փնտրողներն են, եթե նույնիսկ նրանց նախըտնրած փրկիչները տարբեր են։ Ես գիտեմ, իհարկե, որ գոնե որոշ հարցերում մեր հեղափոխականներն այսօր ուրիշ երգ են երգում, բայց դա ընդամենը խայտառակ պարտության հետևանք է։ Համուզմումքների հետ դա կապ չունի։ Շեշտեմ նաև, որ մեր հեղափոխականները ուտոպիաներ հետապնդելուց չեն հրաժարվել նույնիսկ 2020 թ.-ի աղետից հետո։ Նրանք պարզապես մի ուտոպիան – Արցախում Ադրբեջանի կապիտուլյացիան – փոխարինել են մի ուրիշ ուտոպիայով – Հայաստանի «ազատագրումը» Ռուսաստանից ու ինտեգրումն Արևմուտքի հետ։ Սա հերթական ճիգն է իրականությունը մեր իղձերին հարմարեցնելու և դա ունենալու է նույն արդյունքը, ինչ բոլոր նման փորձերն ունեցել են նախկինում։ Եվ ընդհանրապես, մեր բոլոր հաղթանակները եղել են նյութական իրականության հետ հաշվի նստելու, քաղաքականության օրինաչափությունները ճիշտ գնահատելու արդյունք, իսկ բոլոր ձախողումներն ու պարտությունները` դրանք արհամարհելու, որքան էլ իրատեսության ու ռացիոնալիզմի հակառակորդների տարբեր ճամբարները ճիգեր գործադրեն հակառակն ապացուցելու։
Ինչու՞ ես այսքան ժամանակ տրամադրեցի այս պայքարի մասին խոսելու վրա, երբ մենք այսօր հավաքվել ենք նշելու Հայաստանի Հանրապետության հիմնադիր նախագահի 80-ամյա հոբելյանը։ Որովհետև, ես կարծում եմ, որ ամեն տեսակ «ռոմանտիզմների», իրատեսությունն ու ռացիոնալիզմը ժխտող տարատեսակ գաղափարների դեմ պայքարը Լևոն Տեր-Պետրոսյանի կարևորագույն առաքելությունն է եղել և’ որպես քաղաքական գործիչ, և’ որպես մտավորական։ Ես այդ պայքարի վրա որոշեցի կենտրոնանալ նաև, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանն ու իր ընկերները սկսել են այդ դժվարին պայքարը, բայց այդ պայքարը շարունակվելու է քանի դեռ իրատեսության ու ռացիոնալիզմի տարատեսակ հակառակորդները գերիշխող դիրքեր ունեն մեր կրթական, մտավորական, լրատվական ու քաղաքական ասպարեզներում։ Ես ուզում եմ, որ և՛ իմ սերնդակիցները, և՛ մեզանից ավելի երիտասարդները, որոնք մտահոգված են Հայաստանի ապագայով, գիտակցեն այս պայքարի կարևորությունը և հետևեն Լևոն Տեր-Պետրոսյանի օրինակին։ Իսկ այդ օրինակն իմ կարծիքով չորս կարևոր բաղադրիչ ունի։ Առաջին, ինչպես ինքն է մի առիթով ասել` չի կարելի վհատվել։ Նրա խոսքն ուղղված էր մտավորականներին, բայց այն վերաբերում է բոլոր նրանց, ովքեր մտահոգված են Հայաստանի ապագայով։ Ինքը մինչև հիմա չի վհատվել, չնայած կարելի կլիներ նրան հասկանալ, եթե վհատվեր։ Երկրորդ, չի կարելի հանրային գործիչ դառնալ մակերեսային գիտելիքներով։ Ավելի վտանգավոր բան, քան նման գործիչները, որոնց թվին են պատկանում նաև նախագահի կողմից վերլուծագանգի պիտակին արժանացածները, գոյություն չունի։ Այսօրվա մեր աղետալի վիճակի կարևորագույն պատճառներից մեկը չափազանց ինքնավստահ, ես նույնիսկ կասեի` ամբարտավան, բայց միևնույն ժամանակ չափազանց մակերեսային գիտելիքներ ունեցող մարդկանց գերիշխող դիրքերն են մեր քաղաքական, մտավորական ու հանրային կյանքում։ Հատկապես երիտասարնդերին դիմելով ուզում եմ ասել. մի հետևեք այդ մարդկանց օրինակին և դիմադրե՛ք արագ ճանաչելի դառնալու գայթակղությանը։ Հետևեք խորը գիտելիքներ ձեռք բերելու և անդադար կատարելագործվելու` Տեր-Պետրոսյանի օրինակին։ Հասարակության ուշադրությանն արժանանալն իմաստ ունի միայն այդ դեպքում։ Երրորդ, Տեր-Պետրոսյանի գործի շարունակողները պետք է կոփեն իրենց կամքն ու հոգեկան ամրությունը և երբեք ցանկալին իրականության հետ չշփոթեն, որքան էլ իրականությունը դառը լինի։ Ինձ միշտ տպավորել է Նախագահի անսասան սթափությունը և նույնիսկ ամենավատ իրավիճակներում իրականությանն ուղիղ նայելու նրա վճռականությունը։ Չորրորդ, մարդիկ, որոնք իրենց համարում են Տեր-Պետրոսյանի գործի շարունակողներ, պետք է միշտ պատրաստ լինեն հակակրանքի ու ատելության թիրախ դառնալու, եթե դա այն գինն է, որ անհրաժեշտ է վճարել դառը ճշմարտություններ ասելու և վնասաբեր ստատուս քվոյին մարտահրավեր նետելու համար։ Սա գոնե ինձ համար Լևոն Տեր-Պետրոսյանի կարևորագույն որակն է որպես քաղաքական գործիչ ու մտավորական։ Հենց այս որակն էր նրա մեջ տեսել ու գնահատել Վազգեն Առաջին Վեհափառը, երբ, 1991 թ.-ին նախագահի երդմնակալության արարողության ժամանակ ասաց. «…երդման այս արարողությունը հանդիսանում է նաև զոհաբերումի մի արարողություն։ Այո, մենք Ձեզ զոհաբերում ենք մեր հարենիքի պատարագի սեղանի առաջ»։ Նրա գործի շարունակողները պետք է իրենց առաքելությանը մոտենան նույն գիտակցությամբ ու չշեփորահարվող անձնուրացությամբ։
Շնորհակալություն ուշադրության համար։
Երևան, հունվարի 9, 2025 թ.