Հոդվածի բնօրինակը լույս է տեսել ամերիկյան Security Studies (Vol. 33, No. 3 /Summer 2024/, pp. 372-406) գիտական պարբերականում:
Հեղափոխությունն ու դրան հաջորդող ժամանակաշրջանը
Արմատական ազգայնականությունը Փաշինյանի ու նրա թիմի քաղաքական այցեքարտը չէր։ Նրանց այցեքարտը կլեպտոկրատիայի ու ավտորիտարիզմի դեմ պայքարն էր։ Փաշինյանը հայտնի հանրային գործիչ դարձավ 2008 թ.-ին, երբ միացավ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահական ընտրարշավին։ Տեր-Պետրոսյանը, ինչպես արդեն նշել եմ, կոշտ ազգայնական գծի ամենամեծ հեղինակություն վայելող ու հետևողական քննադատն էր և Ադրբեջանի հետ հակամարտությունը փոխզիջումների միջոցով լուծելու ամենահետևողական ջատագովը։ Փաշինյանը մնաց Տեր-Պետրոսյանի թիմում մինչև 2013 թ.-ը։ Այն բանից հետո, երբ նրանց ճանապարհները բաժանվեցին, Փաշինյանի տեսակետներն սկսեցին թեքվել կոշտ ազգայնականության ուղղությամբ։ Որոշ ժամանակ անց նա արդեն ելույթներ էր ունենում, որտեղ քննադատում էր կոշտ գծի ավանդական պաշտպաններին որպես ոչ բավարար արմատական, իսկ Տեր-Պետրոսյանին այն բանի համար, որ նա, իբր, խաղաղ կարգավորում էր ուզում, որպեսզի արդարացվեն հակամարտության մասին իր տեսակետները։[1] Այս տեղաշարժը քաղաքական պատեհապաշտությանը վերագրելը շատ գայթակղիչ է։ Ավելի հավանական է, սակայն, որ իրական պատեհապաշտությունը նրա անդամությունն էր Տեր-Պետրոսյանի թիմում 2007-2013 թթ.-ին։
Փաշինյանի դիրքորոշման իռացիոնալիզմը
Փաստերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Փաշինյանի նպատակն ընդամենը խաղաղ կարգավորումից խուսափելը չէր։ Նրա դիրքորոշումը շատ ավելի ագրեսիվ էր, քան եթե նա պարզապես զբաղված լիներ խաղաղ կարգավորման գործընթացը ձգձգելով կամ փոխզիջումները մերժող հանրությանը դուր գալու փորձերով։ Փաշինյանի վարքագիծը բացատրող հնարավոր բանալիներից մեկը «ինքնաթունավորման» (blowback) երևույթն է։ Ըստ Սնայդերի` դա այն ֆենոմենն է, երբ պետությունն ու իշխող վերնախավերը սկսում են հավատալ սեփական պրոպագանդային, ու երբ առասպելների միջավայրում սոցիալիզացիան դրանց կենսունակությունն ապահովում է նույնիսկ այն նյութական պայմաններից դուրս, որոնք ծնել են այդ առասպելները։[2] Սա, անկասկած, Հայաստանում տեղի ունեցածի բացատրության տարրերից մեկն է։ Հենց դա է պատճառը, որ Հայաստանում առկա քաղաքական ու մտավորական էկոլոգիան նման մանրամասն քննարկման ենթարկվեց վերևում։ Այնուամենայնիվ, «ինքնաթունավորման» թեզը մեզ ամբողջական պատկերը չի տալիս։ Ի վերջո, Փաշինյանի կառավարության հիմնական նպատակները ենթադրում էին հակազդեցություն ժառանգած առասպելներին։ Դա անելու համար նրանք լուրջ շարժառիթներ ունեին։ Նրանք փարվեցին այդ առասպելներին մոլեռանդ ոգևորությամբ, չնայած այդ շարժառիթներին ու արտաքին միջավայրից եկող բացասական ազդակներին, ինչը պահանջում է բացատրություն, որը փոխազդեցության մեջ է «ինքնաթունավորման» թեզի հետ, բայց ավելի հեռուն է գնում։
Մենք սովորություն ունենք մտածելու առասպելների մասին որպես երկու արժեք ունեցող փոփոխականների. դրանք կամ գոյություն ունեն, կամ` ոչ։ Դա, իհարկե, արդարացված է կոնցեպտուալ տեսանկյունից, որովհետև մարդկանց համոզմունքները կամ արդարացված են, երբ դրանք կոնֆլիկտի մեջ չեն նյութական իրականության հետ, կամ դրանք առասպելներ են, երբ չեն արտացոլում այդ իրականությունը։ Այդ երկու հնարավորության մեջտեղում ոչինչ չկա։ Միաժամանակ, սակայն, անհեթեթ չէ այն պնդումը, որ առասպելների միջև տարբերություններ կան։ Մասնավորապես, նրանք կարող են տարբերվել իրականությունից շեղման աստիճանով և իրենց բացասական հետևանքների ուժգնության չափով, ինչը նշանակում է, որ տարբեր ինտենսիվություն պիտի ունենան նաև նրանց հակազդելու շարժառիթները։ Այսպես, համոզմունքը, որ Իրաքում ժողովրդավարությունն անխոչընդոտ կերպով ծաղկելու էր Սադդամ Հուսեյնին իշխանությունից հեռացնելուց անմիջապես հետո, առասպել էր, որի վրա քաղաքականություն կառուցելու համար ԱՄՆ-ը որոշակի գին վճարեց։ Բայց այդ առասպելը նույնքան անհեթեթ չէր, որքան այն, որ Հայաստանը կարող էր տարածքային ձեռքբերումներ ունենալ Ադրբեջանի հետ նոր պատերազմում։ Ոչ էլ Իրաքում ժողորդավարության հեռանկարների վերաբերյալ առասպելի հետևանքներն էին նույնքան դրամատիկ ԱՄՆ-ի համար, որքան Ադրբեջանի հետ պատերազմի հաղթական ելքի մասին ոչնչի վրա հիմնված համոզվածությունը Հայաստանի համար։ Հետևաբար, որևէ քաղաքական ուժ, որը Հայաստանում եկել էր փոխարինելու նախկին ռեժիմին, և որի օրինակարգությունը կախված չէր կոշտ գծի առասպելաբանությունից, լուրջ շարժառիթներ ուներ դրանք վերանայելու և համապատասխանաբար երկրի արտաքին քաղաքական կուրսը խմբագրելու, եթե, իհարկե, այդ ուժը համալրված լիներ ռացիոնալ մարդկանցով։ Այս պնդումը հավելյալ արժանահավատություն է ձեռք բերում, երբ հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ Փաշինյանի կառավարությունն աննախադեպ օրինակարգություն ուներ` վայելելով նաև ազգային անվտանգության ապարատի աջակցությունը։ Իրականում դա ավելին էր, քան աջակցությունը։ Ինչպես արդեն նշել եմ, Գլխավոր շտաբն ու Ազգային անվտանգության ծառայությունը զգուշության հորդորներ էին հղել քաղաքական իշխանությանը։ Վերջապես հարկ է նշել, որ նման վերանայումը խոհեմ վարքագիծ կլիներ ոչ միայն երկրի ազգային շահերի տեսանկյունից։ Դա նաև համահունչ կլիներ Փաշինյանի իշխանության քաղաքական շահերին, քանի որ դա թույլ կտար քաղաքական գնահատական տալու և մեկուսացնելու նախկին ռեժիմի հետ ասոցացված ուժերին և կհեշտացներ սեփական հիմնական օրակարգի` կոռուպցիայի դեմ պայքարի և երկիրն անդառնալիորեն ժողովրդավարական զարգացման ուղի դուրս բերելու վրա կենտրոնանալը։ Եվ, չնայած այս ամենին, նա որոշեց կոշտացնել նախորդ ռեժիմի դիրքորոշումները, հընթացս հեռու վանելով այն ուժերին ու անհատներին, որոնք այդ ռեժիմի դեմ հաղթանակը կոնսոլիդացնելու գործում բնական դաշնակիցներ էին, և չհրաժարվեց այդ դիրքորոշումներից` մինչև դրանք չհանգեցրին անդառնալի աղետի։ Նրա վարքագիծն, այլ կերպ ասած, հիմք է տալիս պնդելու, որ գործ ունենք մի բանի հետ, որ դժվար է սահմանափակել «ինքնաթունավորման» գաղափարով։ Մենք գործ ունենք իրականությունից կատարելապես կտրված իռացիոնալության հետ։
Հաճախ իռացիոնալության մասին պնդումներն անհամակարգ, ad hoc փոխարինողներ են իրական բացատրությունների, երբ այդպիսիք չի հաջողվում գտնել։ Դա է պատճառը, որ Սթիվեն Կրասները դա համարում է անհետաքրքիր վերլուծական կատեգորիա։[3] Այստեղ ներկայացված բացատրությունն այդ պրակտիկայի օրինակ չէ։ Սա ad hoc պիտակ չէ փակցված Փաշինյանին` նրա վարքագծի համար այլ բացատրություն գտնելու փորձերի ձախողումից հետո։ Այստեղ նրա իռացիոնալության մասին պնդումը հիմնավորող համակարգված փաստական նյութ է ներկայացվում` ռացիոնալ վարքագծի ամենաընդունված — և ոչ ամենապահանջկոտ – սահմանման համատեքստում։ Այդ սահմանումն ընդամենը պահանջում է, որ նախապատվությունները լինեն ամբողջական,* տրանզիտիվ* և ենթակա փոփոխության` նոր ինֆորմացիայի ի հայտ գալու պարագայում։[4] Իսկ որ ավելի կարևոր է, փաստարկը սիստեմատիկաբար կապակցված է հեղափոխությունների քաղաքականության հետ, ինչը դա դարձում է ավելին, քան ad hoc հայտարարություն, և ինչը կարևոր է դարձնում դա Հայաստանի համատեքստից դուրս։ Հեղափոխությունները, ինչպես փաստարկվում է ստորև, բացասական սելեկցիայի մեխանիզմներ են, որոնք սիստեմատիկաբար առաջ են մղում անխոհեմ որոշումների հակված մարդկանց։
Հեղափոխությունները որպես բացասական սելեկցիայի մեխանիզմներ
Հեղափոխությունների քաղաքականությունը բնորոշող առաջին կարևոր հատկանիշը դրանց արմատականությունն է։ Դա կամ հետևանքն է այն բանի, որ հեղափոխական պայքարի թիրախ հանդիսացող ռեժիմներն անհաղորդ են քաղաքական ճնշման սովորական մեթոդներին, կամ էլ հեղափոխականների դարակազմիկ, ուտոպիական իղձերի, որոնց հիմքում ընկած է հասարակությունների արմատական վերափոխման տեսկալանը, և որոնք չեն կարող իրականություն դառնալ սակարկության, փոխզիջումների ու համոզելու մեթոդներով։ Երբեմն գործ ունենք երկու խնդրի հետ միաժամանակ։ Այս հատկանիշներով օժտված քաղաքական միջավայրերը բնորոշվում են ծայրահեղ բևեռացմամբ և կրոնական պատերազմներին հատուկ հոգեբանական մթնոլորտով, որտեղ հակառակորդներն անդրդվելի թշնամիներ են, և որտեղ հակամարտությունները զրոյական արդյունքով խաղեր են։ Նման քաղաքական միջավայրերն անհրաժեշտաբար առաջին պլան են բերում մարդկանց, որոնք չեն խորշում առճակատումից, որոնց համար փոխսիջումների գաղափարն իսկ նողկալի է, որոնք ամբողջությամբ տարված են իրենց իղձերով, և որոնք հակված են մտածելու, որ դրանց հասնելու համար որևէ գին չափից ավելի բարձր չէ։[5]
Հեղափոխական միջավայրերը նաև գրավիչ են մեծ ռիսկերի հակված մարդկանց համար, ինչը հեղափոխականներին բնութագրող երկրորդ պաթոլոգիան է։ Որևէ մեկը, ով պատրաստ է դեմ դուրս գալ ավտորիտար ռեժիմին — իսկ հեղափոխականները սովորաբար նման ռեժիմների հետ են գործ ունենում – պետք է պատրաստ լինի մեծ ռիսկերի գնալու, քանի որ նման ռեժիմները չեն խորշում իրենց հակառակորդներին բանտերը նետելուց, դաժան վերաբերմունքի արժանացնելուց կամ նույնիսկ ֆիզիկապես ոչնչացնելուց։ Ռիսկերի նկատմամբ հեղափոխականների բարձր հանդուրժողականությունը դրսևորվում է մի այլ հանգամանքով ևս։ Հեղափոխական փորձերի գերակշիռ մեծամասնությունն ավարտվում է ձախողմամբ։ Հետևաբար, պետք է շատ մեծ հանդուրժողականություն ունենալ ռիսկերի նկատմամբ` սեփական կյանքը հաջողության նման ցածր հավանականություն ունեցող գործի նվիրաբերելու համար։
Հեղափոխականներին բնութագրող երրորդ պաթոլոգիան, այսպես կոչված` Դաննինգ-Կրյուգերի համախտանիշն է։ Իրենց հայտնի աշխատության մեջ Դեյվիդ Դաննինգն ու Ջասթին Կրյուգերը համակարգված կերպով քննության են ենթարկել մի երևույթ, որը շատերին ծանոթ է ինտուիցիայի մակարդակում. այս կամ այն երևույթի մասին մակերեսային գիտելիքներ ունեցող մարդիկ շատ ավելի վստահ են իրենց իմացածի վրա, քան դրա մասին խոր գիտելիքներ ունեցողները կամ ընդհանրապես ոչինչ չիմացողները։[6] Շատ ու շատ հեղափոխականներ միաժամանակ ունեն չափազանց մեծ հավակնություններ և շատ սահմանափակ կրթական մակարդակ ու անհրաժեշտ փորձ։ Նրանց գիտելիքները սովորաբար բաղկացած են ցույցերի ժամանակ, տեղեկատվական հանդիպումներում ու իրենց պես մտածող մարդկանց հետ անցկացրած սեմինարներում սովորածից։
Չորրորդ, հեղափոխականների մեծ մասը հակված է փիլիսոփայական մի դիրքորոշման, որը լավագույնս կարելի է բնութագրել որպես գռեհիկ հակամատերիալիզմ։ Մասնավորապես` նրանք կարծում են, որ սոցիալական իրականությունը համարյա անսահմանորեն ճկուն է։ Թերևս, սա անկախ պաթոլոգիա չէ, այլ գոնե մասամբ Դաննինգ-Կրյուգերի համախտանիշի հետևանք։ Մարդիկ, որոնք բավարար խոր գիտելիքներ չունեն քաղաքականության ու սոցիալական իրականության մասին, հատկապես հակված են ըղձապաշտական մտածողության և ազատ կամքի մասին գռեհկացված պատերացումների։ Ըղձապաշտական մտածողությունը կամ ցանկալին որպես իրականություն տեսնելու հակվածությունը նաև հետևանք է այն բանի, որ հաջող հեղափոխությունների հավանականությունը շատ փոքր է։ Դա պարզապես կարող է մեխանիզմ լինել` հոգեբանորեն արդարացնելու նվիրումը մի անհույս նպատակի` չափազանցելով դրա իրականացման հավանականությունը և դիտարկելով այդ հավանականությունը որպես հաստատակամության ֆունկցիա։
Այս պաթոլոգիաների համադրությունը դառնում է մահացու, երբ հեղափոխական փորձը հաջողությամբ է պսակվում։ Հաջողությունը դառնում է կռվան հեղափոխականների գաղափարների ու համոզմունքների օգտին։ Չնայած այն բանին, որ հեղափոխական փորձերի արդյունքները սկզբունքորեն անկանխատեսելի են,[7] իսկ հաջողությամբ պսակված փորձերն` արդյունք բազմաթիվ գործոնների երջանիկ զուգադիպության,[8] հեղափոխականները հաջող ելքը վերագրում են սեփական հանճարին կամ ավելի հաճախ` իրենց առաջնորդի հանճարին։ Հաղթական հեղափոխական առաջնորդները դառնում են չափից ավելի ինքնավստահ ու էլ ավելի անդրդվելի իրենց տեսակետների ու որոշումների ճիշտ լինելու համոզվածության մեջ։ Հաճախ նրանք դառնում են պաշտամունքի առարկա իրենց հետևորդների աչքում ու սկսում հավատալ իրենց մոգական կարողություններին ու փրկչի առաքելությանը։
Վերը շարադրված պաթոլոգիաներից որևէ մեկն, իհարկե, միայն հեղափոխականներին չէ, որ բնութագրում է։ Կան նաև հեղափոխականներ, որոնց հատուկ չեն այդ պաթոլոգիաների գոնե մի մասը։ Սակայն, հավանականությունը, որ այդ պաթոլոգիաները ու հատկապես դրանց համադրությունը բնութագրում են հեղափոխականներին` ավելի բարձր է։
Փաստական հիմքը
Վերը նշված բոլոր պաթոլոգիաները հատուկ էին Փաշինյանին ու նրա թիմին։ Ինչպես իրենց կողմից իշխանությունից հեռացված կոշտ գծի կողմնակիցները, նրանք նույնպես վստահ էին, որ ամենակարևորը «ճիշտ» իղձերն էին։ Նյութական իրականության պարտադրած սահմանափակումները լավագույն դեպքում երկրորդական նշանակություն ունեին։ Այսպես, խոսելով Սարդարապատի ճակատամարտի և Առաջին հանրապետության հիմնադրման 100-ամյակին նվիրված արարողության ժամանակ Փաշինյանը հայտարարեց.
Ինչպե՞ս, այդ ինչպե՞ս կարողացավ ցեղասպանության ենթարկված, սրի քաշված, թալանված ու ոչնչացման եզրին կանգնած հայ ժողովուրդը հաղթել թուրքական բանակին: Արդյո՞ք դրա համար կային սոցիալ-տնտեսական, ռազմաքաղաքական նախադրյալներ: Ո՛չ և երիցս ոչ: Պրագմատիզմի և սառը հաշվարկի տեսակետից հայ ժողովուրդը չուներ հաղթելու ոչ մի շանս, ոչ մի հնարավորություն, բայց մենք հաղթեցինք, որովհետև սթափեցնող մի արթնացումով հասկացանք, որ մեր էությունն անապատներ քշվելն ու կոտորվելը չէ։[9]
Մեկ տարի անց, Ղարաբաղում մի ցույցի ժամանակ նա հպարտորեն հայտարարեց.
Իրատեսական ծրագրերը մեզ այլևս հետաքրքիր չեն։ Այն, ինչ հնարավոր է իրականացնել, մեզ այլևս հետաքրքիր չէ։ Մեզ հետաքրքիր է այն, ինչի իրականացումը բոլորը համարում են անհնար։[10]
Հայաստանի անկախության 19-ամյակի կապակցությամբ նա հանդես եկավ երկու ժամանոց հեռուստատեսային պրեզենտացիայով` նվիրված մինչև 2050 թ.-ն ընկած ժամանակաշրջանում Հայաստանի ծրագրերին, որի ընթացքում նա բացահայտեց մի քանի գրանդիոզ նպատակ, այդ թվում` տարեկան 10 տոկոս տնտեսական աճ տեսանելի ապագայի համար, 10 միլիարդ դոլար կամ դրանից ավելի մեծ կապիտալիզացիա ունեցող առնվազն 5 հայկական ընկերությունների ստեղծում, պայմանների ստեղծում, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Եվրոպայի կամ աշխարհի առաջնությունում հայտնվի առաջին եռյակում և այլն։[11] Պրեզենտացիան ըղձապաշտական մտայնության իսկական հուշարձան էր։ Դրանում բացակայում էր որևէ քննարկում այն խոչընդոտների, որ Հայաստանը պետք է հաղթահարեր, այն ռեսուրսների, որ Հայաստանին անհրաժեշտ էր լինելու կամ այն քաղաքական քայլերի, որոնք պետք է որդեգրվեին նման նպատակների իրականացման համար։ Դա ոչ ավելի էր, քան երկրի ղեկավարի կողմից սեփական անուրջների հրապարակային շարադրանք։ Դա իրականությունից բացարձակապես կտրված լինելու ապացույց էր մեկ այլ առումով ևս։ Պրեզենտացիան արվեց պատերազմի սկսվելուց 6 օր առաջ, ինչը նշանակում է, որ նա արդեն վերահաս հարձակման մասին հետախուզական զեկույցներ էր ստանում։ Փաստը, որ չնայած դրան, նա այդ կարգի պրեզենտացիայով հանդես եկավ, ցույց է տալիս, թե որքան վստահ էր, որ հայկական կողմը հաղթելու է, և դա` չնայած Գլխավոր շտաբի հոռետեսական գնահատականներին։
Առկա փաստերը ցույց են տալիս, որ Փաշինյանը նաև հակված էր չափազանց մեծ ռիսկեր հանդուրժելու։ Նա անտեսեց Թուրքիայի հնարավոր մասնակցությամբ վերահաս պատերազմի մասին զգուշացումները, ինչպես նաև ռուսներից եկող բավականին թափանցիկ ազդանշանները, որ հայերը չեն կարող նրանց անվերապահ աջակցության հետ հույսեր կապել։ Իրականում, նա խորացրեց ճգնաժամը 2020 թ.-ի հուլիսին` Տավուշյան դեպքերին հաջորդած տոնակատարություններով, Սևրի պայմանագրի մասին հայտարարությամբ և Միջերկրական ծովի արևելքում ձևավորվող հակաթուրքական դաշինքին աջակցելու մասին պաշտոնական հայտարարությամբ։[12] Այնուհետև, նա հրաժարվում էր դադարեցնել ռազմական գործողությունները այն բանից հետո, երբ պատերազմի արդեն երրորդ օրը Գլխավոր շտաբը նրան տեղեկացրել էր, որ շարունակելն անիմաստ է, և նույնիսկ երբ Ռուսաստանը որպես միջնորդ հանդես եկավ զինադադարի առաջարկով 2020 թ.-ի հոկտեմբերի 19-ին։ Հետևյալ հայտարարությունը հստակորեն ցույց է տալիս անխոհեմ ռիսկերի գնալու նրա հակվածությունը.
Մենք գիտեինք, որ եթե մենք ամեն ինչ ճիշտ անենք, պարտվելու ենք, այնպես ինչպես պարտվել են այն ընդդիմադիր ուժերը, ովքեր սկսած 1994 թվականից ճիշտ են գործել, այդ թվում մենք՝ այդ ուժերի հետ համատեղ պայքարի ընթացքում ու պարտվել:
Բայց մենք որոշեցինք գործել սխալը սխալի հետեւից, դրանով ինքներս մեզ ազատագրեցինք ճիշտ լինելու ձգտման կապանքներից, որովհետեւ ճիշտ լինելու հրամայականը թույլ չի տալիս քայլ անել, որովհետեւ կա հավանականություն, որ դա կլինի սխալ քայլ: Եւ ուրեմն՝ վճռական պահին ծագում է անխուսափելի հարցը. իսկ արժե՞ արդյոք նման քայլ անել, իսկ եթե այն սխա՞լ լինի, ճակատագրական սխալ: Այս կետում է, որ վրա է հասնում կաթվածը: Եւ ուրեմն, միայն սխալ լինելու, սխալվելու վճռականությունն է, որ առաջ գնալու հնարավորություն է տալիս:[13]
Հեղափոխականները ստորադասում էին նյութական իրականությունն իղձերին, ինչը նրանց մոտ բացահայտ հավատամքի էր վերածվել։ Այդ հավատամքը խտացված էր մեկ բառի մեջ` դուխով, ինչը հեղափոխության կարգախոսը դարձավ, ինչպես նաև մի որոշ ժամանակ ամենակարևոր բառը երկրի քաղաքական բառապաշարում։ Բառը վերցված էր փողոցային ժարգոնից և նշանակում էր համարձակություն` անկախ հաջողության հավանականությունից և անկախ նրանից, թե ինչի կամ ում հետ գործ ունես։
Փաշինյանը սկսել էր նաև հավատալ սեփական գերբնական կարողություններին, ու որ ինքն ինչ-որ շատ մեծ առաքելություն ունի։ Ոչ ոք կամ համարյա ոչ ոք չէր հավատում, որ Հայաստանում հնարավոր է հեղափոխություն իրականացնել, սակայն նա կարողացավ դա անել։ Ահավասիկ` նրա խոսքերն ուղղված մարդկանց, որոնք չէին կարողանում տեսնել այն, ինչ տեսանելի էր իրեն.
Երբ Բաշ-Ապարանի և Սարդարապատի ճակատամարտերը տեղի ունեցան, որևէ բանական մարդ չէր կարող ասել, թե այդ ճակատամարտերում մեր ժողովուրդը հաղթելու հնարավորություն ունի, որովհետև բոլոր չափանիշներով մենք պետք է պարտվեինք այնպես, ինչպես պիտի պարտվեինք ապրիլ-մայիսին: Աշխարհի բոլոր վերլուծական կենտրոններն ասում էին, որ հնարավոր չէ, այնտեղ չի կարող ժողովուրդը հաղթել: Բայց մենք հաղթեցինք, որովհետև հնարավորն անելը մեզ այլևս հետաքրքիր չէ: Մենք ուզում ենք անել անհնարինը, որովհետև անհնարինն է սրանից հետո մեզ համար հնարավոր դառնալու:[14]
Գովեստն ու հիացմունքը, որին նա արժանացավ թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում, հավելյալ յուղ ավելացրեց գերբնական կարողություններ ունենալու համոզվածության կրակին։ Նրա մոտ սովորություն դարձավ իր ու Հիսուս Քրիստոսի միջև զուգահեռներ անցկացնելը։ Ինչ-որ քաղաքական որոշում արդարացնելիս մի առիթով նա ասաց հետևյալը. «Մենք սեր ենք քարոզում, ինչպես մեր փրկիչ Հիսուս Քրիստոսն էր սեր քարոզում, բայց երբ ժամանակը եկավ, նա մտավ տաճար ու շրջեց սեղանները»։ Մի այլ առիթով նա հայտարարեց, որ իրավունք է վերապահում իրեն ասելու ժողովրդին, որ պետք է վեր կենալ ու քայլել, ինչպես Հիսուսն էր հաշմանդամին ասել, որ վեր կենա ու քայլի։ Մի երրորդ առիթով նա խոսեց իրեն դավաճանած մարդկանց մասին ու դա համեմատեց Քրիստոսի դեմ արված դավաճանության հետ։[15] Այս և նման հայտարարությունները բացահայտում են մի մարդու հոգեկերտվածք, որն իրեն տեսնում էր որպես փրկիչ և ոչ երբեք` որպես սովորական քաղաքական գործիչ։ Իսկ փրկիչներն, անշուշտ, չեն բավարարվում ցավոտ ու փառքի փայլից զուրկ փոխզիջումային լուծումներով։ Նրանք իրենց հետևորդներին տանում են դեպի Ավետյաց երկիր։ Դա անելու համար նա իր հետևորդներին հորդորելու էր վեր կենալ ու քայլել, ինչպես Քրիստոսն էր հորդորել հաշմանդամին։ Նա մոբիլիզացնելու էր ժողովրդին իրականացնելու այն, ինչ չէին կարողացնել իրականացնել իր նախորդները`Ղարաբաղի ամբողջական ու վերջնական ազատագրում։ Իրականում, սեփական ամենակարողության նրա զգացողությունն այնտեղ էր հասել, որ նա սկսեց սպառնալ, թե Ալիևի դեմ կմոբիլիզացնի նաև Ադրբեջանի ժողովրդին։[16]
Սակայն, նույնիսկ իրականության նկատմամբ նման արհամարհական վերաբերմունքի պայմաններում, Փաշինյանն ու նրա թիմը պետք է մտքներով անցկացրած լինեին, որ բաներ են վերցնում իրենց ուսերին, որոնց տակից գուցե չկարողանան դուրս գալ։ Նրանք պետք է որ հարկադրված լինեին պատասխանելու որոշ հոռետեսական հարցերի, այդ թվում`զինված ուժերի ու ազգային անվտանգության համակարգի ներկայացուցիչների հնչեցրած հարցերին։ Հետևաբար, նրանք գոնե ինչ-որ գաղափար պետք է ունեցած լինեին, թե ինչ են անելու, եթե իրադարձություններն իրենց պատկերացրած հունով չգնան։ Փաշինյանն ու նրա թիմն ունեին նման գաղափար. նրանք վստահ էին, որ կարող են ապավինել ժողովրդավարական աշխարհի աջակցությանը։ Նրանք կարծում էին, որ Հայաստանում ավգտորիտար ռեժիմի հեռացումն իշխանությունից և երկիրը ժողովրդավարական ուղու վրա դնելը Ադրբեջանի նկատմամբ շահեկան է դարձրել Հայաստանի դիրքերը, քանի որ հիմա Հայաստանը վայելում էր ժողովրդավարական աշխարհի համակրանքը։ Վստահաբար, եթե հակամարտությունը վերաճեր ռազմական բախման, ժողովրդավարական երկրները կկանգնեին Հայաստանի կողքին ու ավտորիտար Ադրբեջանի դեմ։ Ահա թե ինչ էր մտածում սրա մասին Փաշինյանը.
Ես կցանկանայի շեշտել, որ ադրբեջանական ցանկացած հարձակում Հայաստանի դեմ ոչ միայն հարձակում է Հայաստանի դեմ, այլ նաև հարձակում է ժողովրդավարության դեմ։ Ես կարծում եմ, որ Ադրբեջանի նախագահը որոշակի մտահոգություններ ունի, որ ժողովրդավարական գործընթացները կարող են Հայաստանից տարածվել դեպի Ադրբեջան, և որքան հասկանում եմ՝ նրանք փորձում են աճեցնել լարվածությունը, որպեսզի կանխեն ժողովրդավարական ալիքի տեղաշարժը Հայաստանից Ադրբեջան… Եվ ես հույս ունեմ, որ միջազգային հանրությունը շատ ուժեղ ազդակ կհղի Բաքվին, որ մեր տարածաշրջանում իրավիճակը սրելու ցանկացած փորձ, պատերազմ սկսելու ցանկացած փորձ ուժեղ հակազդեցության կարժանանա միջազգային հանրության կողմից։[17]
Այս ընկալմանը նպաստեցին ֆրանկոֆոնիայի երկրների կոնֆերանսի անցկացումը Հայաստանում, որին, ի թիվս այլոց, մասնակցեցին Էմանուել Մակրոնն ու Ջասթին Թրյուդոն, դրանից մի քիչ անց Անգելա Մերկելի այցը Հայաստան, ինչպես նաև երկիրը ժողովրդարության ուղու վրա դնելու կապակցությամբ Փաշինյանին հասցեագրված գովեստները։ Իհարկե, այդ գովեստներն ու Հայաստանի ժողովրդավարական շրջադարձին աջակցությունը որևէ կերպ չէին նշանակում աջակցություն Ղարաբաղի հարցում Հայաստանի որդեգրած դիվանագիտական դիրքորոշմանը կամ ռազմական աջակցության խոստում։ Սակայն, դա որևէ նշանակություն չուներ մարդկանց համար, որոնց պատկերացումները միջազգային հարաբերություների մասին ձևավորվել էին Բաց հասարակության ինստիտուտի սեմինարներում, և որոնք կանխակալ վերաբերմունք ունեին որոշակի գաղափարի օգտին, քանի որ նաև դրա նկատմամբ հավատն էր, որ հնարավոր էր դարձնում նրանց անխոհեմ վարքագիծը։[18]
Ընտրված ավտոկրատը
Վերը քննարկված պաթոլոգիաների հետևանքներն առավել վտանգավոր դարձան հեղափոխությունից հետո Հայաստանում ստեղծված քաղաքական միջավայրում։ Այդ միջավայրը բնորոշող հատկանիշներն էին կոշտ գիծն արդարացնող առասպելների գերիշխանությունը, որոնք երկու տասնամյակ շարունակ սիստեմատիկաբար ներդրվել էին հանրային գիտակցության մեջ; այդ առասպելների միակցումը Փաշինյանի հեղափոխական եռանդի հետ; հակակշիռներից զուրկ բացարձակ իշխանությունը, ինչը նա հնարավորություն ստացավ բանեցնելու։ Վերջին խնդիրը բնորոշ է հաջող հեղափոխություններին ընդհանրապես։ Այն բանից հետո, երբ ատելի բռնապետական ռեժիմը տապալվում է, նրան փոխարինած հեղափոխականները վայելում են երախտապարտ ազատագրված ժողովրդի անվերապահ ու միասնական աջակցությունը։ Նախկին ռեժիմը ներկայացնող ուժերը ցաքուցրիվ են լինում ու մարգինալանում։ Միաժամանակ, այլ ուժերը նույնպես կամ վերանում են կամ խիստ սահմանափակ ներկայություն են ունենում, քանի որ հեղափոխական քաղաքական միջավայրերը բնորոշվում են իրենց սևուսպիտակ պարզությամբ։ Բյուրոկրատիաները, որոնք վերջին պաշտպանական պատնեշն են նման դեպքերում, նույնպես հաճախ անզոր են մեծ ժողովրդականություն վայելող հեղափոխական առաջնորդների դեմ` գիտակցելով նրանց դիմադրելու անհեռանկարայնությունը կամ նույնիսկ վտանգավորությունը։ Այլ կերպ ասած, հեղափոխական երկրները նման են թուլացած իմունիտետով մարմնի. ինչպես հարուցիչներն են հատկապես վտանգավոր նման վիճակում գտնվող մարմնի համար, այնպես էլ անխոհեմ գաղափարներն են հատկապես կործանարար, երբ դրանք թևածում են հաղթանակած հեղափոխական առաջնորդների գլուխներում։
Շարունակելի
[1] «Ամոթալի հայտարարություն. Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարության մասին». https://www.youtube.com/watch?v=MQ8dlQy8MAs։
[2] Snyder, Myths of Empire, pp. 41, 107.
[3] Կրասների թիրախում «հիմարություն» բառի նմանատիպ գործածությունն է, բայց ասվածի բովանդակություն նույնն է։ Տե՛ս Stephen Krasner, “State Power and the Structure of International Trade,” World Politics, 28, no. 3 (April 1976), p. 319։
* Սա նշանակում է, որ եթե սուբյեկտը ընտում է ա-ի ու բ-ի միջև, նա կամ պետք է նախընտրի ա-ն բ-ին, կամ բ-ն ա-ին, կամ անտարբեր լինի երկու տարբերակների հանդեպ։ (Թարգմ.)
* Սա նշանակում է, որ եթե սուբյեկտը նախընտրում է ա-ն բ-ից և բ-ն գ-ից, նա չի կարող չնախընտրել ա-ն գ-ից։ (Թարգմ.)
[4] Ավելի մանրամասն քննարկման համար տե՛ս See Jon Elster, Sour Grapes: Studies in the Subversion of Rationality (Cambridge, UK: Cambridge University Press, 1983), ch. 1.
[5] Նմանատիպ պնդումների համար տե՛ս Robert C. Tucker, The Soviet Political Mind (New York, NY: W.W. Norton, 1971), pp. 40–46; Henry Kissinger, American Foreign Policy, third edition (New York, NY: W.W. Norton, 1974), pp. 39–41; Jeff Colgan, “Domestic Revolutionaries and International Conflict,” World Politics, 65, no. 4 (October 2013), pp. 656–690.
[6] Justin Kruger and David Dunning, “Unskilled and Unaware of it: How Difficulties in Recognizing One’s
Own Incompetence Lead to Inflated Self-Assessments,” Journal of Personality and Social Psychology, 77, no.
6 (December, 1999), pp. 1121–1134.
[7] Տե՛ս Timur Kuran, “Now Out of Never: The Element of Surprise in the East European Revolution of 1989,”
World Politics, 44, no. 1 (October 1991), 7–48; Susanne Lohmann, “The Dynamics of Informational
Cascades: The Monday Demonstrations in Leipzig, East Germany, 1989-91,” World Politics, 47, no. 1
(October, 1994), 42–101։
[8] Տե՛ս Theda Skocpol, States and Social Revolutions: A Comparative Analysis of France, Russia, and China
(Cambridge, UK: Cambridge University Press, 1979։
[9] «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտի 100-ամյակի առթիվ», https://www.primeminister.am/hy/statements-and-messages/item/2018/05/28/Prime-Minister-Nikol-Pashinyans-address/։
[10] «Հեղափոխության արժեքները համահայկական արժեքներ են, և համահայկական հեղափոխության արդյունքում մեր իրականության մեջ երկար տարիներ գերիշխած հատվածականությունը պետք է փոխարինվի համահայկականությամբ. Վարչապետը ելույթ է ունեցել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում». https://www.primeminister.am/hy/press-release/item/2019/08/05/Rally/։
[11] «Հայաստանի վերափոխման ռազմավարություն, 2050», chrome extension://efaidnbmnnnibpcajpcglclefindmkaj/https://www.primeminister.am/u_files/file/Haytararutyunner/Armenia2050_7_5.pdf։
[12] Edmond Y. Azadian, “Turkey’s Adventures in the Eastern Mediterranean,” The Armenian Mirror Spectator,
August 20, 2020. https://mirrorspectator.com/2020/08/20/turkeys-adventures-in-the-eastern-mediterranean.
[13] «Սխալվելու վճռականությունը` ճշմարիտ ճանապարհ. Նիկոլ Փաշինյանը` ՔՊ-ի սխալների մասին», https://armtimes.com/hy/article/196057։
[14] «Մենք ուզում ենք անել անհնարինը, որովհետև անհնարինն է սրանից հետո մեզ համար հնարավոր դառնալու», https://www.primeminister.am/hy/statements-and-messages/item/2018/11/21/Nikol-Pashinyan-visit-to-Aragatsotn-Marz-21-11։
[15] Բոլոր երեք հայտարարությունները ցիտված են հետևյալ հոդվածից. Մարի Ամիրջանյան, «Նիկոլ Փաշինյանի` Հիսուսի հետ համեմատվելու նախապատմությունը», Antifake, 25 հուլիսի, 2023. https://antifake.am/am/news/1331։
[16] «Նիկոլ Փաշինյան. Իրականում Իլհամ Ալիևն ինձ անձամբ է խնդրել չխոսել Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակից», Ազատություն, 28 սեպտեմբերի, 2020. https://www.azatutyun.am/a/30862502.html?fbclid=IwAR3XZkMYV25z8e4xjTe52ENaPlSzPhg0rHu6jN4uP8JSzXb_WDi78bApvt8։
[17] «Նիկոլ Փաշինյան. Ադրբեջանի ագրեսիան ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանում ժողովրդավարության դեմ է», Ազատություն, 12 հուլիսի, 2018. https://www.azatutyun.am/a/29358788.html։
[18] Այսպես կոչված, «մոտիվացված կանխակալությունների» ու որոշումների կայացման վրա նման կանխակալությունների ազդեցության համար, տե՛ս Robert Jervis, Perception and
Misperception in International Politics (Princeton, NJ: Princeton University Press, 1976), pp. 128–155։