‘Արման Գրիգորյան. Մեզանում լիբերալիզմն այլընտրանք չունի’

2157

iLur.am-ի հետ զրույցում ասում է արվեստագետ, նկարիչ Արման Գրիգորյանը

— Տեսակետ կա, որ մտավորականը պետք է լինի քաղաքականության մեջ, հիմնականում՝ հանդես գալով ընդդիմադիր դիրքերից: Կա նաեւ սրա հակառակ տեսակետը՝ թե քաղաքականությունը քաղաքական գործիչների գործն է, իսկ մտավորականը, արվեստագետը պետք է զբաղվի իր ստեղծագործական աշխատանքով: Ինքներդ ո՞ր տեսակետի կողմնակից եք:

— Ես միշտ եղել եմ առաջին տեսակետի կողմնակից՝ որ արվեստագետը չի կարող անմասն մնալ քաղաքականությունից: Ժամանակակից արվեստագետն աշխատում է հասարակական-քաղաքական կոնտեքստի հետ: 1910-20-ական թվականներին, երբ ձեւավորվում էր արվեստի պատկերացումը հենց Հայաստանում, արվեստագետներն իրենք քաղաքականացված էին: Այլ բան, որ հետո՝ խորհրդային իշխանության օրոք, ստեղծվեց միակուսակցական համակարգ, ու արվեստագետներին ստիպողաբար մտցրին միությունների մեջ, պարզ էր, որ արվեստագետներն այլեւս չեն կարող զբաղվել քաղաքականությամբ կամ քաղաքականությունը որպես թեմա օգտագործելիս արդեն վերեւից էր թելադրվում նյութը: Ինչ վերաբերում է երկրորդ տեսակետին, ապա դժվար է ասել, թե հնարավոր է նման բան, եւ արդյոք այդ դեպքում արվեստագետը չի դառնում արհեստավոր: Այնպես որ, ժամանակակից արվեստագետը չի կարող չաշխատել քաղաքականության եւ քաղաքացիական, սոցիալական հարցերի հետ:

Ձեզ տեսնում ենք ընդդիմության, մասնավորապես՝ Հայ ազգային կոնգրեսի կազմակերպած հանրահավաքներին, միջոցառումներին, այսինքն՝ ինքներդ ընդդիմադիր եք, հարում եք ՀԱԿ-ին: Ինչո՞վ է պայմանավորված այդ հանգամանքը:

— Ես հենց սկզբից եղել եմ լիբերալ, անգամ՝ ծայրահեղ լիբերալ գաղափարների կողմնակից: Անկախության առաջին շրջանում ինձ շատ հարազատ էր ՀՀՇ գաղափարախոսությունը, թեեւ՝ չեմ եղել կուսակցական: Բայց երբ մենք 1987-1994թթ. «Երրորդ հարկ» արվեստագետների խմբակի անդամ էինք, փորձում էինք մեր ցուցահանդեսները կապել քաղաքական կոնտեքստների հետ: Իմ արվեստը եղել է ազատական գաղափարներով արված:

Լիբերալ եք, դրա՞ համար եք ՀԱԿ-ում, թե՞՝ ընդդիմադիր եք գործող իշխանություններին, եւ այդ իսկ պատճառով եք այդ շրջանակներում:

— Ուղղակի ընդդիմադիր հասկացությունն ինձ համար անհասկանալի է, նման բան լինել չի կարող: Կարող ես ունենալ ծայրահեղ պահպանողական-կրոնական պատկերացումներ եւ հակադրվես իշխանությանը: Բայց ես ամեն տեսակի ընդդիմության հետ չեմ: Այն աբստրակտ ընկալումը, որ արվեստագետը պետք է լինի ընդդիմադիր, դա լղոզված, ոչինչ չասող նախադասություն է՝ խորհրդային կոնտեքստում օգտագործվող: Հիմա վատն այն է, որ թվում է՝ կրկին ընկնում ենք խորհրդային, միակուսակցական կոնտեքստի մեջ: Բայց հույս ունեմ, որ բազմակուսակցականության գաղափարը մեզ մոտ, այնուամենայնիվ, արմատացած է:

Այսօրվա իշխանություններին լիբերալ համարո՞ւմ եք, թե՞ ոչ:

-Ես նրանց համարում եմ այն, ինչ իրենք են համարում՝ ազգային-պահպանողական, որը դաշնակցությունից ավելի ծայրահեղ մի բան է: Զորանոցային սոցիալիզմի պատկերացումներով իշխանություն է: Ինչպես մի առիթով Ռուբեն Հախվերդյանն էր բնութագրել՝ սա մտածողությամբ՝ սովետական, ձեւով՝ ֆաշիստական իշխանություն է:

Դուք ՀԱԿ կուսակցության ստեղծման նախաձեռնող խմբի կազմում եք: Հիմա ոչ թե նոր կուսակցություն է ստեղծվելու, այլ ՀՀՇ-ն վերանվանվեց՝ դառնալով Հայ ազգային կոնգրես, ու ՀԱԿ դաշինքի անդամներն են մտնելու այդ կուսակցության մեջ: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ գաղափարին:

— ՀՀՇ-ն կարեւոր դեր խաղաց՝ որպես նոր գաղափարախոսություն հայ քաղաքական մտքի պատմության մեջ՝ ի տարբերություն երկու նախորդ գաղափարախոսությունների՝ հնչակյան-դաշնակցական եւ կոմունիստական գաղափարախոսությունների: Դրանք իրենց մեջ ունեն հակալիբերալ պատկերացում: Եվ ՀՀՇ-ն այդ  քաղաքական աշխարհայացքային դաշտի մեջ Հայաստանի համար իրապես նորություն էր: Միգուցե նաեւ դա էր պատճառը, որ ՀՀՇ-ն միանգամից թիրախ դարձավ ե՛ւ նախկին կոմունիստների, ե՛ւ դաշնակցության՝ կարմիր ուժերի կողմից, ուժեղացրին նոստալգիա Սովետական Միության նկատմամբ: Դա զորանոցային իշխանության ոճն է: Ճիշտ է, ՀՀՇ-ի արած ռեֆորմներից այս իշխանություններն ամբողջովին չհրաժարվեցին, որոշ բաներ պահեցին՝ խեղաթյուրելով: 2007-2008թ. սկսված շարժումը, որտեղ մեծ դեր խաղաց նաեւ ՀՀՇ-ն, հիմնական ուշադրությունը կենտրոնացրել է սահմանադրական կարգի վերականգնմանը: Այդ նոր շարժմանը՝ Հայ ազգային կոնգրեսին միացան շատ ուժեր, նաեւ՝ սոցիալիստական ուղղվածության կուսակցություններ: Հիմա, սակայն, այլ խնդիրներ են մեր առջեւ կանգնած:
Հայոց Համազգային Շարժումը նոր զարգացում է ապրում, իսկ կուսակցության անվան փոփոխությունը պարզապես ցույց է տալիս էտապի փոփոխություն: Հայաստանի քաղաքական պատմության մեջ շատ են եղել նման դեպքեր, երբ կուսակցությունները գնացել են անվանափոխության՝ կապված տվյալ իրավիճակում իրենց առաջ ծառացած խնդիրներից:

— Ի՞նչ եք կարծում՝ ՀԱԿ-ը կկարողանա՞ մեծ ուժ դառնալ, թե՞ ոչ:

— Թե որքան մեծ ուժ կարող է դառնալ ՀԱԿ-ը, դա կախված է հետագա քայլերից, քաղաքական իրավիճակից: Մեզանում դեռ գոյություն ունի սովետական, կոլեկտիվիստական սոցիալիզմի իներցիան: Անգամ Րաֆֆի Հովհաննիսյանն իրեն ուղիղ իմաստով լիբերալ չի ներկայացնում, այլ «դաշնակցություն-լայթս» է: Բայց հասարակությունը չպետք է վախենա լիբերալիզմից: Ու ես վստահ եմ՝ մեզանում լիբերալիզմն այլընտրանք չունի:

Արման Գալոյան

 

Նախորդ հոդվածը‘Ճարտարապետ. Պետական պահպանության տակ գտնվող շենքերի սեփականատերերը պետք է պարտավորագրեր կնքեն’
Հաջորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Վլադիմիր Գասպարյանին. Բարե՛ւ, զորավար (Տեսանյութ)’