‘
Հայ ազգային կոնգրեսի մամլո խոսնակ Արման Մուսինյանին խնդրեցինք մեկնաբանել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի վերջին հայտարարությունը, որտեղ նա անդրադարձել է նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին և հայտարարել, թե ելույթում կան հակասություններ:
Ի պատասխան՝ Արման Մուսինյանը նշեց. «Շարմազանովը չի հասկացել Նախագահ Տեր-Պետրոսյանի ելույթը և նրանում արտահայտված մտքերի իմաստը, ու դա ամենևին էլ զարմանալի չէ` հաշվի առնելով այս ռեժիմի ինտելեկտուալ մակարդակը: Իրականում՝ իշխանության ներսում շատ լավ հասկանում են իրենց ներկայիս վիճակի խղճուկությունը և իրենց արածին ուղղված՝ նախագահ Տեր-Պետրոսյանի ֆունդամենտալ քննադատությունը, որն ամբողջությամբ բացահայտում է Սերժ Սարգսյանի քաղաքական ավանտյուրայի ողջ էությունը: Դրա համար էլ նրանց աչքին երևում են ինչ-որ երևութական հակասություններ և իրարամերժ գնահատականներ: Պիտի ինչ-որ բառերի կույտ նետեն հասարակությանը, դրա անունը դնեն պատասխան կամ հակադարձում, որպեսզի քողարկեն իրենց քաղաքական անմեղսունակությունը: Բայց դա իրենց չի փրկի»:
‘