‘Արման Մուսինյան. Սերժ Սարգսյանն ունի զրոյական հեղինակություն բոլոր շերտերի մոտ’

5137

iLur.am-ի զրուցակիցն է Հայ ազգային կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանը

Պարոն Մուսինյան, արդեն ավարտին է մոտենում 2013 թվականը. եթե ամփոփելու լինենք, ապա որո՞նք էին անցնող տարվա ձեռքբերումները եւ ձախողումները: Սկսենք, թերեւս՝ ձեռքբերումներից:

-Ձեռքբերումները, կարծում եմ, երեքն են:

Առաջինն այն է, որ ոչ իշխանական ուժերին հաջողվեց ստեղծել համագործակցության լուրջ պլատֆորմ, որն իր արտացոլումը գտավ ԱԺ-ում համատեղ գործողությունների ժամանակ: Եւ սա, կարծում եմ, լուրջ մարտահրավեր է Սերժ Սարգսյանի ռեժիմին, որովհետեւ ԱԺ-ում աշխուժացավ քաղաքական կյանքը, իսկ այն, ինչ իր բնույթով քաղաքական է, մահացու է այս վարչախմբի համար:Օրինակները բազմաթիվ են, վստահ եմ, մեր հասարակությունն էլ դրա ակնատեսն է եղել: Այս համատեքստում գագաթնակետը օրեր առաջ գազի համաձայնագրերի շուրջ ԱԺ ոչ իշխանական ուժերի շատ լավ համագործակցությունն էր, որի արդյունքը եղավ այն, որ իշխանությունն ուղղակի ջախջախիչ պարտություն կրեց ԱԺ պատերի ներսում:

Երկրորդ ձեռքբերումն այն է, որ քաղաքացիական դաշտում, քաղաքացիական հասարակության շրջանում շատ ավելի ակտիվ պրոցեսներ ընթացան: Քաղաքացիական հասարակությունը սկսեց ավելի ակտիվ պայքարել իր իրավունքների համար՝ դրա վկայությունը եղավ ե՛ւ տրանսպորտի գնի շուրջ ծայր առած պայքարը, ե՛ւ տարբեր այլ իրադարձությունների շուրջ ավելի համախմբված պայքարը վարչախմբի դեմ: Սա, միանշանակ, խրախուսելի է, թեեւ իշխանությունը փորձում էր այդ ընթացքում իր քարոզչական շոշափուկները ներարկել այդ շարժումների մեջ, բայց, մեծ հաշվով՝ քաղաքացիական հարթության վրա տարբեր նախաձեռնություններ և ուղղակի անհատներ շատ մեծ գործ արեցին իշխանության դեմ պայքարում:

Երրորդ ձեռքբերումը պայմանական ձեռքբերում է, որովհետեւ, ցավոք՝ դա նաև ի հաշիվ Հայաստանի, նրա հեղինակության ու վարկի տեղի ունեցավ: Խոսքս իշխանության ներսում ստեղծված նոր իրավիճակի մասին է: Փորձեմ բացատրել: Վարչախմբի կողմից տարվող անգրագետ արտաքին և ներքին, տնտեսական քաղաքականության հետեւանքով Սերժ Սարգսյանը ուղղակի կորցրեց իր հեղինակությունը պետական բյուրոկրատական ապարատի, բիզնես միջավայրի շրջանում: Սերժ Սարգսյանը այլեւս հասարակական որեւէ շերտի մոտ հեղինակություն չունի: Մասնավորապես, Ասոցացման եւ Մաքսային միության այդ բախտախնդիր քաղաքականության արդյունքում այլեւս դիվանագիտական կորպուսում նրա  հեղինակությունը զրո է, Սերժ Սարգսյանը զրոյական հեղինակություն ունի նաև արտաքին աշխարհում, որովհետեւ նա խաբել, անվստահելի գործընկեր է դարձել թե՛ արեւմուտքում, թե՛ Ռուսաստանում, թե՛ անգամ մեր հարեւան երկրների հետ իր հարաբերություններում՝ նկատի ունեմ Իրանը եւ Վրաստանը: 

Տարվող տնտեսական քաղաքականության արդյունքում խոշոր բիզնեսը, որ մինչև այդ ուներ մտահոգություններ՝ կապված վարչախմբի վարքագծի հետ, սակայն, այնուամենայնիվ, կարծում էր, որ հնարավոր է ինչ-որ կերպ այս իշխանությունների հետ ընդհանուր հայտարարի գալ, այժմ խորապես գիտակցում է, որ  այլեւս այս իշխանությունը որեւէ հեռանկար չի կարող ապահովել, եւ նրա՝ մեկ օր ավելի իշխանավարումը կործանարար ազդեցություն է ունենում Հայաստանի բիզնես միջավայրի վրա: Սրանով Սերժ Սարգսյանը, որպես իշխանության ներկայացուցիչ, հեղինակազրկված է նաև այս շերտի շրջանում: Եվ բացարձակապես էական չէ՝ այդ բիզնեսմենները ինչպիսի քաղաքական նախասիրություններ ունեն, կամ ընդհանրապես ապաքաղաքական են: Տարվող տնտեսական քաղաքականության եւս մեկ հետեւանք էր նաեւ այն, որ պետական ապարատի, այսպես ասած՝ տնտեսագիտական բլոկն ամբողջությամբ գիտակցել է, թե ինչպիսի կործանարար քաղաքականություն է տարվում, եւ, ըստ էության, իշխանությունը՝ Սերժ Սարգսյանի դեմքով զրոյական վարկանիշ ունի նաեւ այդտեղ:Նույնը՝ իրավապահ համակարգում, նույնը՝ դատական համակարգում, պաշտպանական համակարգում, մտավորականության շրջանում, մնացած ոլորտներում:  Այսինքն՝ այսօր մենք ունենք մի ռեժիմ, որի պարագլուխը պետական ապարատում, հասարակական տարբեր խմբերի մոտ ունի զրո վարկանիշ: Սերժ Սարգսյանը մնացել է կրիմինալ տարրերի, իր ընտանիքի ու մերձավոր շրջապատի հույսին: Որևէ այլ շերտ, որ աջակցում է Սերժ Սարգսյանին, ուղղակի չկա:

Պարոն Մուսինյան, դառնանք առաջին ձեռքբերմանը: Ընդհանրապես,հասարակության մոտ այսպիսի՝ գուցե հոգեբանական, բայց ընկալում կա. ձեռքբերումն իր համար, առաջին հերթին, շոշափելի արդյունք է: Օրինակ՝ երբ տրանսպորտի գնի դեմ պայքարում էին, թեկուզ ժամանակավոր, բայց եղավ շոշափելի արդյունք՝ առ այն, որ գինը գոնե մինչ հիմա չի փոխվել: Երբ որ խոսում ենք ԱԺ-ում ոչ իշխանական ուժերի համատեղ գործողություններից, նաեւ պետք է արձանագրենք, որ, այդուհանդերձ, իշխանությունները կարողացել են անցկացնել այն բոլոր խնդրահարույց նախաձեռնությունները, որոնց դեմ համախմբվեցին ոչ իշխանական ուժերը՝ դա ե՛ւ պարտադիր կուտակային կենսաթոշակի մասին օրենքն էր, ե՛ւ գազի վերաբերյալ համաձայնագրերը:

-Ֆորմալ առումով՝ գուցե ճիշտ եք, բայց ԱԺ ոչ իշխանական ուժերի՝ Կոնգրեսի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» համատեղ աշխատանքի, նաեւ նրանց ինքնուրույն գործունեության ընթացքում հնարավոր եղավ ամբողջը բացահայտել, մերկացնել այս ռեժիմի ամբողջ դեմքը նույն օֆշորային սկանդալի, գազի սակագնի շուրջ տարված բանակցությունների, կեղծված ընտրությունների, պարտադիր կուտակային հիմնադրամների պարագայում: Եվ սա լուրջ ձեռքբերում է: Նաև սրա արդյունքում է, որ այսօր, ըստ էության, հասարակության բոլոր շերտերում կա այն գիտակցությունը, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը հեռանկար չունի: Այլ բան է, որ դեռեւս այս իրավիճակը իներցիոն կերպով շարունակվում է, որովհետև քաղաքական-հասարակական մոբիլիզացիան դեռ անհրաժեշտ մակարդակի չի հասել: Բայց կրկնում եմ, այդ խավերը խորապես գիտակցել են, որ Հայաստանում անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ: Մի մասը դեռ պատրաստ չէ բարձրաձանել դրա մասին, բայց վստահ եմ, որ հասարակական բողոքի ալիքի դեպքում անպայման ներգրավվելու են եւ իրենց աջակցությունն են հայտնելու Սերժ Սարգսյանի դեմ ծավալված բողոքի ալիքին:

Անդրադառնանք ձախողումներին: Երբ ասում ենք՝ ձախողումներ, առաջին  հերթին՝ հասկանում ենք, որ այդ ձախողումների հեղինակը իշխանություններն են: Բայց ՝ ա՝ արդյո՞ք այդ ձախողումները առաջին հերթին հենց Հայաստանի համար ձախողումներ չէին, եւ բ՝ արդյո՞ք դրանք անդառնալի են, եւ արդյո՞ք իշխանափոխությունից հետո դրա հետեւանքները հնարավոր կլինի վերացնել:

-Ձախողումները բազմաթիվ են և լուրջ, եւ կդժվարանամ ասել, որ նրանք 100 տոկոսով վերականգնվող են: Եթե Հայաստանում մոտ ապագայում Սերժ Սարգսյանի ռեժիմը հեռացվի իշխանությունից եւ իշխանության գա նոր՝ ժողովրդավարական ընտրություններով ընտրված, լեգիտիմ իշխանություն, ես չգիտեմ… մասնավորապես, միայն այս տարի150 հազար մարդ արտագաղթել է երկրից: Եւ դժվար է ասել, հնարավո՞ր է նույն այդ 150 հազարին եւ նախորդ տարիներին Հայաստանը լքած եւս մի քանի հարյուր հազար մարդու ամբողջությամբ «հետ բերել», բայց այն, որ լեգիտիմ իշխանության ձեւավորման արդյունքում Հայաստանում տեղի կունենան արմատական փոփոխություններ, լրջագույն դրական փոփոխություններ,եւ դա  նորաստեղծ իշխանությանը կտա լուրջ ռեսուրս՝ վերացնելու այդ ձախողումների հետեւանքները, չեմ կասկածում. միգուցե ոչ 100 տոկոսով, բայց էական բարելավումներ կլինեն:

-Այդուհանդերձ, որո՞նք էին ամենակարեւոր, ամենաէական ձախողումները:

-Մի բան այստեղ հստակ արձանագրենք. երբ խոսում ենք ձախողումներից, ապա խոսում ենք ձախողումներից, որոնք հարվածել են Հայաստանին: Իշխանության համար այդ կատեգորիան չի գործում: Նրանց համար գործում է ցանկացած բան, որը ամրապնդում է իրենց իշխանությունը, իրենք դա անում են՝ թքած ունենալով Հայաստանին հասցվող վնասի վրա: Այս տարվա ամենաէական ձախողումը, ըստ իս, նախագահական եւ Երեւանի ավագանու ընտրությունների համակարգված կեղծումն էր: Մյուս մասշտաբային ձախողումը Եվրաասոցացման եւ Մաքսային միության այդ ամբողջ սագան էր. Սերժ Սարգսյանը որդեգրել էր մի արկածախնդիր քաղաքականություն Եվրաասոցացման պայմանագիրը ստորագրելու հարցում: Քառատրոփ սլանում էր Եվրոպա, իսկ վերջում, քաղաքականապես նվաստացած, իրեն հասցված քաղաքական հարվածների արդյունքում, ստիպված գլխիկոր համաձայնեց մտնել Մաքսային միություն: Այս քաղաքականությունն արկածախնդիր էր թե՛ նպատակի չհաշվարկվածության, թե՛ անգրագետ իրականացման առումով: Հաջորդը արտագաղթն է, որ մեզ ուղեկցում է որերորդ տարին: Սա արդեն մեր ազգային անվտանգությանը սպառնացող խնդիր է: Մյուսը վարչախմբի տնտեսական քաղաքականությունն է. արդեն որերորդ տարին Սերժ Սարգսյանն ուղղակի նպատակ է դրել ոչնչացնել արդեն ոչ միայն փոքր ու միջին բիզնեսը, այլեւ խոշորը, եւ ամեն ինչ կենտրոնացնել իր, իր ընտանիքի եւ մերձավոր շրջապատի ձեռքում, ինչը, անկախ քաղաքական համակրանքից եւ անկախ այդ բիզնեսմենների ապաքաղաքականացվածության աստիճանից, ռեալ վտանգ է երկրի առանց այդ էլ խեղված տնտեսական համակարագին: Սա վերջնական կործանման ճանապարհն է: Դրան կարող եք գումարել շարունակվող ոստիկանական ապօրինությունները, կոռուպցիոն սկանդալները, ժողովրդի շարունակվող կեղեքումը, կենսաթոշակայինի, գազի սակագնի հարցում պետական մասշտաբի մեքենայությունները: Կարելի է ժամերով թվարկել:

-Լավ, այդ դեպքում հարց է ծագում՝ ի՞նչ է լինելու, ի՞նչ անել, ե՞րբ ու ինչպե՞ս եք տեսնում հանգուցալուծումը:

-Պետք է դնել մեկ խնդիր՝ Սերժ Սարգսյանի իշխանությունը պետք է հեռացվի օր առաջ: Այդ գործին լծված քաղաքական ուժերի, քաղաքացիական միավորումների միջեւ եղած օբյեկտիվ ու սուբյեկտիվ տարակարծությունները պետք է դնել մի կողմ եւ լծվել այդ մեկ խնդրի լուծմանը:

-Դուք այդ հանգամանքին նպաստող նախադրյալներ տեսնո՞ւմ եք:

-Նախադրյալներ կան, արդեն նշեցի. 4 քաղաքական ուժերի շատ հաջողված,ստացված համագործակցությունը ԱԺ-ում, քաղաքացիական հասարակության ակտիվությունը: Նաեւ բողոքի ալիք բարձրանալու դեպքում վստահ եմ, որ այն հասարակական շերտերը, խավերը, որոնք ես քիչ առաջ թվարկեցի, ում շրջանում Սերժ Սարգսյանն այլեւս, որպես իշխանության գլուխ, ունի զրոյական հեղինակություն, ակտիվորեն կներգրավվեն այս հակաիշխանական կոնսոլիդացիային:

— Ձեր կանխատեսումներով՝ դա ե՞րբ կարող է տեղի ունենալ:

— Քանի որ  ամեն օրը Հայաստանի վրա շատ թանկ է նստում, մենք իսկապես կանգնած ենք տնտեսական, քաղաքական, դեմոգրաֆիական աղետի եզրին, քանի որ մենք տանուլ ենք տալիս ժամանակային առումով Ադրբեջանի հետ սառը պատերազմում, եւ սա իր մեջ պարունակում է ռեալ վտանգ, քանի որ այդ պրոցեսները դադար առնելու միտում չունեն, կարծում եմ, որ այդ կոնսոլիդացիան պետք է իրագործվի հնարավորինս սեղմ ժամկետներում, Սերժ Սարգսյանի դեմ ծավալվող հասարակական, քաղաքական գործընթացները պետք է ակտիվացվեն հնարավորինս սեղմ ժամկետներում:

Լեւոն Տեր-Պետրոսյանը օրեր առաջ Կոնգրեսի Հանրապետական խորհրդի նիստում վստահեցրեց, որ շուտով գալու է իշխանության հաշիվ տալու ժամանակը, դրան ավելացնելու բան չկա, միայն  կարող եմ ասել, որ վստահ եմ՝ այդ օրը սարերի հետեւում չէ:

Ավելին, ես վստահ եմ, որ արդեն հաջորդ տարվա սկզբին օբյեկտիվ պատճառներով լարվելու է սոցիալ-տնտեսական վիճակը երկրում, եւ սա չի կարող հիմք չհանդիսանալ Սերժ Սարգսյանի  դեմ ծավալվող պրոցեսների ակտիվացման համար:

Զրուցեց՝ Քրիստինե Խանումյանը

 

Նախորդ հոդվածը‘ՀՔԾ-ն կարճել է ԼՂՀ քննչական մեկուսարանում մահացած Հայկ Մովսիսյանի գործը’
Հաջորդ հոդվածը‘2014-ի նորաձեւության նոր ուղղությունները. Ինչ հագնել եւ ինչ դեն նետել ‘