‘Արման Սահակյանը ԱԳՆ շենքը աճուրդի հանելու մասին. Ոչ մի անակնկալ չկա, ոչ մի արտառոց բան չկա’

792

Ոչ մի անակնկալ չկա, ոչ մի արտառոց բան չկա: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն այսպես մեկնաբանեց ԱԳՆ շենքը աճուրդի հանելու՝ այսօր կայացրած որոշումը:

«Քանի որ այս ընթացքում ձևավորվել էր հասարակական պահանջ, ու որպեսզի ոչ մի տեսակի մութ անկյուններ չմնա գործարքի մեջ, մենք ընդամենը որոշել ենք գնահատված արժեքի 100%-ի չափով գույքը օտարել աճուրդ: Դա իրենից ենթադրելու է, որ ցանկացած իրավաբանական, ֆիզիկական անձ կարող է մասնակցել աճուրդին և գույքը ձեռք բերել»,- ասաց Սահակյանը:

Նա տեղեկացրեց, որ այս պահին «Տանգո» ընկերության հետ կնքելու են նախնական պայմանագիր այն պայմանով, որ եթե աճուրդի ընթացքում ավելի բարձր գին առաջարկող գնորդ լինի, պիտի օտարեն նրան, իսկ եթե ոչ, ապա կշարունակեն բանակցությունները «Տանգոյի» հետ:

«Կառավարության որոշումով հնարավորություն է տրված մրցույթը անցկացնել երեք ամսվա ընթացքում, բայց մենք մինչև մարտ ամիսը այդ հնարավորությունն ունենք ու կփորձենք կազմակերպել աճուրդը»,- նշեց Սահակյանը:

Այն հարցին, թե որքանով են ապահովագրված, որ նոր գնորդ հայտնվելու դեպքում այնտեղ, օրինակ, մանկական սրճարան չեն կառուցի, Արման Սահակյանը պատասխանեց, թե աճուրդի պայմաններում ֆիքսված է, որ պետք է կառուցվի հյուրանոց՝ եվրոպական չափանիշներին համապատասխան: Նրա պնդմամբ՝ շենքի պատմամշակութային տեսքը չի խաթարվելու:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանն առաջադրվեց’
Հաջորդ հոդվածը‘Իվանիշվիլին խոստովանել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծի վերաբերյալ հապշտապ հայտարարություն է արել’