‘Արման Սաղաթելյան. Սերժ Սարգսյանը Կորեայում սեփական միջոցներն է ծախսել- Epress.am’

778

Հարավային Կորեայում երիտասարդացման կուրսեր անցկացնելու համար Սերժ Սարգսյանը ծախսել է սեփական հայտարարագրված միջոցները, Epress.am-ին հայտնել է Սարգսյանի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը:

Ինչպես տեղեկացրել ենք, Սերժ Սարգսյանը հունվարի առաջին կեսին այցելել է Սեուլի «Չաում» բժշկական և սպա կենտրոն, որտեղ վերականգնողական բժշկական կուրս էր անցել` իրեն ուղեկցող խմբի հետ միասին ծախսելով շուրջ 185 հազար ԱՄՆ դոլար:

«Արձակուրդի ընթացքում, իմ տեղեկություններով, նախագահը (նկատի ունի Սերժ Սարգսյանին-խմբ.) առողջապահական կենտրոն էլ է այցելել, սակայն ոչ թե բուժման, այլ կանխարգելիչ առողջարարական նպատակներով: Ձեր նշած գումարը ոչ թե միայն նախագահի, այլ ամբողջ խմբի կողմից ստացած ծառայությունների վճարն է: Սերժ Սարգսյանին մատուցված ծառայությունների վճարն ամբողջի մի մասն է միայն, որը շատ անգամ պակաս է նշված գումարից, և այդ մասի վճարումը կատարվել է նրա անձնական հայտարարագրված միջոցների հաշվին», – կայքի հարցմանն ի պատասխան հայտարարել է  Արման Սաղաթելյանը:

Հարավային Կորեայում Սերժ Սարգսյանի հետ են եղել նաև ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։

Ուշագրավ է, որ դեռեւս հունվարի 21-ին Սաղաթելյանը Ա1+-ի հարցմանը` «Ճի՞շտ են արձակուրդի ժամանակ նրա օրգանիզմում ցողունային բջիջների պատվաստման մասին տեղեկությունները։ Եվ ճի՞շտ են այն լուրերը, որ այս օրերին Սերժ Սարգսյանը կրկին առողջական խնդիրներ ունի», պատասխանել էր, որ «տեղին չի համարում անհեթեթ ասեկոսեները մեկնաբանելը»:

 

Նախորդ հոդվածը‘Լոռիում ծառից կախված 83-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել’
Հաջորդ հոդվածը‘Արա Գյուլերին ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց’