‘«Արմավիայի» աշխատակիցները արտագաղթի շեմին են (տեսանյութ)’

1061

«Արմավիա» ավիաընկերության մի խումբ աշխատակիցներ այսօր ընկերության գլխավոր գրասենյակի դիմաց բողոքի ակցիա անցկացրին՝ պահանջելով իրենց ամիսներ շարունակ չստացած աշխատավարձերը, հայտնում է Tert.am-ը:

Աշխատակիցների թվում են օդաչուներ, տեխնիկական աշխատակիցներ, բորտ-ուղեկցորդներ, ովքեր նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներից սկսած աշխատավարձ չեն ստացել։ «Եթե այսպես շարունակեն, ձգձգեն մեր աշխատավարձերը, բոլորս էլ ստիպված պիտի գնանք ուրիշ երկրներ, ուրիշ ավիաընկերություն ենք գնալու»,- լրագրողներին ասաց բորտ-ուղեկցորդուհի Գայանե Մանգասարյանը։

Օդաչուներից մեկն էլ ասաց, որ իր պայմանագիրն արդեն պատրաստ է ու չորս օրից մեկնում է Ղազախստան աշխատելու։ Մեկ այլ օդաչու էլ հույս հայտնեց, որ դատարանը ճիշտ որոշում կկայացնի, և իրենք կստանան իրենց աշխատավարձերը։

«Մենք չենք պատրաստվում մեր քրտինքով վաստակած ոչ մի կոպեկը թողնել Միքայել Բաղդասարովին, որ նա գնա հանգստանալու»,- ասաց բորտ-ուղեկցորդ Արսեն Սարիբեկյանը։

Նշենք, որ ընկերության գրասենյակն այսօր փակ էր։ «Արմավիայի» նախկին աշխատակիցները կարծիք հայտնեցին, թե պատճառը, թերևս, այն է, որ երեկ լրատվամիջոցներով տեղեկացրել էին այսօր անցկացնելիք ակցիայի մասին։ «Արմավիայի» նախկին աշխատակիցները որոշեցին ակցիան շարունակել կառավարության շենքի առջև։

Նախորդ հոդվածը‘Մարիո Բալոտելի. Իսկական անհաջողակ եմ’
Հաջորդ հոդվածը‘Կենտրոն համայնքն ընտրություններից հետո (ֆոտոշարք)’