‘
Մի քանի օր առաջ Ազգային ավիափոխադրող Արմավիան դադարեցրեց բոլոր չվերթները և հայտարարեց իր սնանկության մասին: Ցանկացած այլ երկրում նման իրադարձությունը կդառնար թիվ 1 տեղեկատվությունը: Ցանկացած այլ երկրում կառավարությունն ու նախագահը ստիպված կլինեին պատասխանել հասարակությանը հուզող հարցերին, և, անշուշտ, կլինեին աղմկոտ բացահայտումներ և հրաժարականներ: Հայաստանում ամեն կերպ փորձ է արվում մեծ ուշադրություն չդարձնել այս փաստին, հեռուստաընկերություններին հրամայված է առանձնապես չխորանալ թեմայի մեջ, իսկ գեբելսյան քարոզչամեքենային հանձնարարված է թիվ մեկ և միակ մեղավոր հռչակել Մ. Բաղդասարովին:
Հրեշավոր գործարքների ծավալները
Լավատեղյակ աղբյուրների համաձայն, Միշա Բաղդասարովը, իրականում, Արմավիայում ունի ընդամենը 10 տոկոս: Իսկ փաստացի սեփականատերը` դրածո մարդկանցով և բանավոր պայմանավորվածությամբ` Սերժ Սարգսյանն է: Արմավիայում վիճակը մեկ օրում չէ, որ վատացել է: Խնդիրն ունի մի քանի տարվա վաղեմություն, և այն մի շարք կուլիսային քննարկումների և ռազբորկաների առարկա է դարձել: Դեռևս 1-2 տարի առաջ կար հնարավորություն առողջացնել Արմավիան, և երկրին չհասցնել նման չափերի վնաս: Դա չարվեց: Փոխարենը ընտրվեց սնանկության ճանապարհը, որից տուժելու են բոլորը` բացառությամբ մեկ մարդու` Սերժ Սարգսյանի: Ըստ լավատեղյակ աղբյուրների, վերջին 1-2 տարիներին Ս. Սարգսյանը իր բոլոր գումարները` ներդրումներ և եկամուտներ, հանել է Արմավիայից, իսկ պարտավորություններն ու ֆինանսական բեռը թողել մնացածի վրա:
Արմավիան միայն օդի հարկի մասով պետական բյուջեին պարտք է միլիարդավոր գումարներ/ ՀՀ դրամով/: Այս ողջ ընթացքում որևէ մեկը` պետական շահը պաշտպանելու կոչված որևէ կառույց, չփորձեց դեռևս գործող և սնանկ չհայտարարված ավիափոխադրողից պահանջել և ստանալ այդ գումարները: ՊԵԿ-ը չտեսնելու էր տալիս, դատախազությունը չկար, ֆինանսների նախարարությունը` նույնպես: Երբ մի փոքր խանութ մի քանի օր ուշացնում է իր կոպեկների վճարումները պետբյուջեին, չորս կողմից հարձակվում են տիրոջ վրա ու իրենց լրատվամիջոցներով էլ եթեր տալիս: Այդ ինչպե՞ս պատահեց, որ միլիարդավոր գումարներ «ափաշքյարա» գողանալու պայմաններում որևէ մեկը Արմավիային չանհանգստացրեց: Արդյո՞ք, այդքան ուժեղ էր Միշա Բաղդասարովը, որից կվախենար պետությունը: Իհարկե` ոչ: Պետական ողջ համակարգը, ՊԵԿ-ը, դատախազությունը, կառավարությունը, վարչապետ Տիգրան Սարգսյանը իրենց պահեցին «համրի» պես: Երբ բոլորը տեղյակ են, որ միլիարդավոր գումարներ են գողացվում բյուջեից ու ձայն չեն հանում, որովհտև գիտեն, թե ում գրպանն են գնում այդ գումարները. դա խոսում է, իսկական ավազակապետության մասին:
Պարզ է, որ այդ գումարները Միշա Բաղդասարովը չի կերել, գոնե այն պատճառով, որ դա նրան թույլ չէին տա, բայց դա չի ազատում Բաղդասարովին պատասխանատվությունից:
Արմավիան տարբեր բանկերի 10-նյակ միլիոնավոր դոլարներ է պարտք: Այստեղ Ս. Սարգսյանն, իհարկե,«մաքուր» է: Նա ոչ մեկի պարտք չէ: Երբ խոսքը վերաբերում է պատասխանատվությանն ու պարտքերին, ապա նա անցնում է ետին պլան: Պարտքը նրանն է` ում անունով ձևակերպված է վարկը: Ավիացիոն փորձագետների տվյալներով այսօր Արմավիան իր ողջ ունեցվածքի վաճառքի դեպքում չի կարող փակել այդ պարտքերի նույնիսկ 20 տոկոսը: Եվ ուրեմն` ի՞նչ: Ուրեմն «քցվում» են բանկերը: Բանկային համակարգի փորձագետների հավաստիացմամբ սա բերելու է շատ ավելի մեծ ճգնաժամի, քան բուն Արմավիայի սնանկացումը: Երբ տեղական բանկերը չկարողանան ստանալ իրենց միլիոնները և հասկանան, որ պետական մակարդակով իրենք քցվել են, առաջանալու է բանկային ճգնաժամ: Պարզ ասած`է գործելու է Կիպրոսի տարբերակը` բանկերը կամ պայթելու են, կամ իրենք էլ իրենց հերթին գողանալու են ավանդատուների գումարները: Ու՞մ է սա հետաքրքրում. իհարկե`ոչ մեկին: Սերժ Սարգսյանը մտածում է, որ սա էլ կմարսվի կգնա, ծայրահեղ դեպքում ամեն ինչ կբարդվի Միշա Բաղդասարովի վրա: Բայց այդ դեպքում գործում է ջունգլիների օրենքը` ցանկացած կենդանի, երբ կանգնում է հոշոտվելու վտանգի առաջ` իրավունք ունի բոլոր եղանակներով պաշտպանվել: Եվ միանշանակ չէ, թե ով կհաղթի` հոշոտողը, թե պաշտպանվողը: Այս հրեշավոր պատմության մեջ կա նաև երրորդ խաղացողը: Ըստ բանկային համակարգին մոտ կանգնած մեր աղբյուրի, խոշոր վարկերը բանկերը Արմավիային տվել են Սերժ Սարգսյանի անմիջական ցուցումով և երաշխիքներով: «Պայթելու» վտանգի դեպքում բանկերը կարող են բացահայտել մաֆիոզ կառավարման այս սխեման:
Ինչ վերաբերում է Մ. Բաղդասարովին, ապա նրա մյուս բիզնեսները նույնպես գտնվում են սնանկացման շեմին և դարձյալ նույն սխեմաների պատճառով: Ասում են, որ «Միկա ցեմենտում» թերևս միայն անունն է Բաղդասարովինը, իսկ սեփականության զգալի մասը պատկանում է այլ մարդկանց` այդ թվում` Ս. Սարգսյանի ընտանիքին:
Այնպես, որ Արմավիայի սնանկությունը միայն սկիզբն է այն տնտեսական-ֆինանսական ցնցումների, որը սպասվում է մեր երկրում: Մեծ հաշվով, այլ տարբերակ չէր կարող լինել: Ավազակապետությունների հիմքում ավազակապետերի անսահման ագահությունն ու ֆինանսական շահն է: Այլ խնդիր է, որ ցնցումները դեպքում կա երկու տարբերակ` կամ հասարակությունը իրականացնում է հեղափոխական փոփոխություններ երկրում կամ համակերպվում է և կրում այլոց` ագահության բոլոր հետևանքները սեփական մաշկի վրա:
Արմինե Գրիգորյան
‘