‘
«Արմավիա» ավիաընկերության չվերթների կասեցումից հետո թանկացել են ավիատոմսերի գները։ Դա հաստատել են նաև զբոսաշրջային գործակալությունները: Ինչպես «Արմենպրեսի» հետ զրույցում նշել են Sidon Travel, Nata Tour, Abuacebuc տուրիստական գործակալությունների ներկայացուցիչները, ավիատոմսերի գները թանկացել են ավելի քան 20 հազար դրամով։ Օրինակ, Դուբայի տոմսի արժեքը նախկին 140 հազար դրամի փոխարեն այժմ 170 հազար դրամ է, Մոսկվայի ավիատոմսերի գինը 103 հազար դրամից բարձրացել է 130 հազար դրամ: Տուրիստական գործակալությունները հակված են ենթադրելու, որ ավիատոմսերի թանկացումը պայմանավորված է «Արմավիա» ավիաընկերության՝ չվերթները դադարեցնելու և սնանկացման գործընթացով։ Զբոսաշրջային գործակալությունները չեն բացառել, որ եթե ավիաընկերություններն ավելացնեն չվերթները, հնարավոր է` գները վերադառնան նախկին մակարդակին:
Ավիատոմսերի թանկացումն «Արմավիա» ավիափոխադրողի սնանկացման ու դրա չվերթների կասեցման հետ չի կապում «Ավիատրանս» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Տիգրան Աչոյանը: «Բանն այն է, որ ոլորտում գոյություն ունի սակագնային ցանցային սխեմա, որը յուրաքանչյուր տարի սեզոնային փոփոխության է ենթարկվում և տվյալ սեզոնից առաջ մտնում է համակարգ»,-ասաց Աչոյանը:
Թանկացման վերաբերյալ դեռևս բողոքներ չի ստացել նաև ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, որը նախկինում ոլորտը չի դիտարկել: «Եթե լինեն դժգոհություններ անհատներց կամ` հրապարակում լրատվամիջոցում, ապա հանձնաժողովը կսկսի մոնիթորինգներ և կհարուցի վարույթ»,-ասաց հանձնաժողովի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը:
«Արմավիա» ավիաընկերությունը 2013 թվականի ապրիլի 1-ից կասեցրել է չվերթները և սկսել սնանկության գործընթաց: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել չվերթների ավելացման վերաբերյալ` «Ավստրիական ավիաուղիներ»-ը կսկսի իրականացնել շաբաթական 7 չվերթ, «Չեխական ավիաուղիներ»-ը` 7 չվերթ, «Ալիտալիան»` 3 չվերթ: Հունիսի սկզբից չվերթերը կվերսկսի նաև լեհական «ԼՈՏ» ավիաընկերությունը` շաբաթական իրականացնելով 5 չվերթ: Ակնկալվում է «Ֆլայ Դուբայ» ավիաընկերության կողմից հաճախականությունը հասցնել մինչև ամենօրյա չվերթների իրականացում:
‘