‘«Արմավիան» չի՞ պատրաստվում «քցել» պարտատերերին ‘

679

««Արմավիա» ավիաընկերությունը տեղյակ է, որ «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոնը պատրաստվում է  դատի տալ 94 միլիոն կուտակված պարտքը չվճարելու պատճառով, սակայն մենք դեռ ոչինչ չենք նախաձեռնում, ոչ մի նոր բան չկա»,- iLur.am-ի հետ զրույցում ասաց «Արմավիայի» մամլո խոսնակ Նանա Ավետիսովան:

Խոսնակի փոխանցմամբ՝ ավիաօդերևութաբանական կենտրոնը պահանջում է  վերադարձնել պարտքը, իսկ «Արմավիան» այժմ իրենց ծառայությունների անհրաժեշտությունը չունի, քանի որ ավիափոխադրողը կարող է տեղեկատվություն ստանալ ուղղակի աէրոնավիգացիայից:

«Արմավիան» խնդրել է վերանայել սակագինը, այն է՝ 60 դոլար վճարել ոչ թե մեկ չվերթի, այլ օրվա համար, սակայն կենտրոնը ոչ մի պատասխան չի տվել:

Նանա Ավետիսովան լուրջ չհամարեց այն տեսակետը, թե «Արմավիան» պատրաստվում է վաճառել իր բաժնետոմսերը ու հենց այդ պատճառով էլ չի ուզում վերադարձնել իր կուտակած պարտքերը: Հիշեցնենք, որ վերջինս պարտք է նաև «Զվարթնոց» օդանավակայանին, ինչի պատճառով միայն անցյալ ամիս օդանավակայանի տնօրինությունը երկու անգամ դադարեցրել էր «Արմավիայի» չվերթների սպասարկումը:

Նախորդ հոդվածը‘Վարդան Օսկանյան. Միայն քաղաքական ճգնաժամերով անցած համակարգը կարող է զարգանալ ‘
Հաջորդ հոդվածը’13 երեխա սննդային թունավորման ախտանշաններով տեղափոխվել է հիվանդանոց’