‘«Արմավիա»-ի ներկայացուցիչը չներկայացավ վարչական վարույթի քննությանը’

964

«Արմավիա» ընկերության ներկայացուցիչն այսօր չներկայացավ Աշխատանքի պետական տեսչություն, որտեղ հրավիրված էր մասնակցելու վարչական վարույթի քննությունը: Տեղեկացնում է «Ազատություն» ռ/կ-ն: Այն փոխանցում է, որ տեսչությունը «Արմավիա»-ի նկատմամբ ստուգման ընթացքը խոչընդոտելու վերաբերյալ վարչական իրավախախտման արձանագրություն էր կազմել և այդ հիմքով վարչական վարույթ սկսել: Արմավիա» ավիաընկերության 67 նախկին աշխատակիցներ դիմել էին աշխատանքի պետական տեսչությանը, որպեսզի այն զբաղվի իրենց չվճարված աշխատավարձերի խնդրով: Տեսչությանը նման հանձնարարություն էր տվել նաև վարչապետը: Աշխատանքի պետական տեսչության իրավական վերահսկողության բաժնի պետ Վարազդատ Դանիելյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է, որ «Արմավիա» ավիաընկերության տնօրեն Նորայր Բելույանը չի ներկայացրել ստուգմանն անմիջականորեն առնչվող փաստաթղթերը, ինչը նրանց հիմք է տալիս կայացնել վարչական տույժ նշանակելու մասին որոշում, որով ընկերության տնօրեն Բելույանը կենթարկվի վարչական տույժի՝ 250 հազար դրամի չափով:

«Արմավիա»-ի տնօրենին վարչական պատասխանատվության ենթարկելուց հետո, տեսչությունը պատրաստվում է դիմել վարչական դատարան, որպեսզի դատարանը պարտադրի Բելույանին՝ վերացնել ստուգումներ անցկացնելուն առնչվող խոչընդոտները: Ի դեպ, ի պատասխան ստուգում անցկացնելու համար տեսչության պահանջած փաստաթղթերի ցանկի, «Արմավիա» ընկերությունը աշխատանքի պետական տեսչության է ուղարկել միջանկյալ մի փաստաթուղթ, որում, ըստ տեսչության ներկայացուցչի, գրված է․ — «Միայն չենք կարող տրամադրել աշխատավարձերի, վերջնահաշվարկների, արձակման նպաստների և այլ դրամական հատուցումների հաշվարկման տեղեկագրերը․․․ Այսինքն՝ այն փաստաթղթերը, որոնք մենք ուզում ենք… Նրանք մտածում են շատ կարճ՝ խոչընդոտման համար տուգանքը կազմում է 250 հազար դրամ: Էլի մեծ թիվ է, բայց եթե սա համեմատում ենք սպասվելիք տուգանքի հետ, որը կարող է կիրառվել չվճարված աշխատավարձերի դեպքում, «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքով նախատեսվում է չվճարված աշխատավարձի մեկ քառորդի չափով տուգանք»:

Դանիելյանը հավելեց, որ «Արմավիա»-ի նախկին աշխատակիցներին չվճարված աշխատավարձերի գումարը կազմում է մոտ 100 միլիոն դրամ, այսինքն՝ տուգանքը կարող է կազմել 25 միլիոն դրամ: «Արմավիա» ընկերությունից «Ազատություն» ռադիոկայանի փոխանցեցին, որ տնօրեն Նորայր Բելույանը Հայաստանում չէ:

 

Նախորդ հոդվածը‘Ցմահ բանտարկություն՝ «պոռնոգրաֆիայի զոհի» համար’
Հաջորդ հոդվածը‘Արհմիությունները վերջնագիր են ներկայացրել Թունիսի կառավարությանը’