‘Արմեն Աշոտյանը հիշել է դպրոցներում դասավանդման որակի մասին’

686

Հայաստանում 24 578 ուսուցչական դրույքների վրա իրականում աշխատում է մոտ 40 000 մանկավարժ, այսինքն` շուրջ 15 000-ով ավելի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքով՝ գաղտնիք չէ, որ Հայաստանի հանրակրթական համակարգում աշակերտական համակազմի տատանումներ են արձանագրվում, սակայն մեզ դեռևս հաջողվում է խուսափել մանկավարժների լայնածավալ կրճատումներից՝ չնայած այդ հանգամանքին: «Այս անհամապատասխանությունն է հիմնական պատճառը, որ ուսուցիչների մի մասը, չունենալով լիարժեք ու ամբողջական ծանրաբեռնվածություն, աշխատելով կիսատ դրույքներով, չի ստանում ամբողջական, պետական բյուջեով նախատեսված աշխատավարձ»,-նշում է նախարարը՝ հավելելով, որ դպրոցներն ու գերատեսչությունը կանգնած են լուրջ ընտրության առջև` կամ պահել ամբողջական դրույքով աշխատող ուսուցիչներ՝ կրճատելով մնացածին, կամ կիսել դասաժամերը և պահել ավելի ուսուցիչներ, որոնք աշխատում են ոչ լիարժեք ծանրաբեռնվածությամբ և փոքր աշխատավարձով: «Դպրոցներն իրենք են ընտրում, թե ինչ ճանապարհով գնալ, ի դեպ, այս հարցը անմիջական կապ ունի նաև դասավանդման որակի, մանկավարժական կադրերի երիտասարդացման և հանրակրթության ոլորտի այլ բազում հարցերի հետ»,-նշել է Աշոտյանը:

Նշենք, որ ըստ «Պետական բյուջեի մասին» ՀՀ Օրենքի՝ ընթացիկ տարում Հայաստանի կրթության ոլորտին նախատեսվում է ուղղել 122 մլրդ.170 մլն.դրամ, ինչը 14 մլրդ.դրամով ավելի է 2013 թվականի համեմատ: Իսկ կրթության ֆինանսավորման մասնաբաժինը ՀՆԱ կառուցվածքում ավելացել է՝ կազմելով 2.59%՝ 2013 թվականի 2.38% փոխարեն:

Նախորդ հոդվածը‘Զուրաբյան. Խորհրդարական 4 ուժերի միավորումը հանրապետականներին դրել է դժվարին կացության մեջ’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և ԵՎՐՈ-ի նկատմամբ’