‘Արմեն Բադալյան. Դե յուրե նախագահի ընտրությունների ոչ մի բոյկոտ չկա, բայց կա քաղաքական բոյկոտ’

1080

Դե յուրե Հայաստանում ոչ ոք չի բոյկոտում նախագահական ընտրությունները, որովհետև բացի գործող նախագահից, կան նախագահի գրանցված մեկից ավելի թեկնածուներ: Իսկ մեկից ավելի թեկնածուի դեպքում, դե յուրե ոչ մի բոյկոտ չկա: Tert.am-ի հետ զրույցում գնահատելով Հայաստանի ներքաղաքական դաշտի վիճակը՝ նախագահական ընտրությունների կտրվածքով, հայտարարեց ընտրական և քաղաքական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:

«Բայց կա քաղաքական բոյկոտ, հիմնականում, հասարակության կողմից, որովհետև հասարակությունը հասկացավ, որ ինքը իշխանությունների ձևավորման գործընթացին չի մասնակցում, առաջ դրա դեմ պայքարում էր, հիմա՝ ոչ, և հասկացավ, որ այս հարցում անելիք չունի: Ինչ վերաբերում է քաղաքական ազդեցիկ ուժերին, ապա գաղտնիք չէ, որ հայաստանյան ազդեցիկ ուժերն են՝ Հանրապետականը, «Բարգավաճ Հայաստանն» ու ինչ-որ՝ չափով՝ Կոնգրեսը և շատ ավելի թույլ էին Դաշնակցություն, «Ժառանգություն», «Ազատություն» եռյակը: Եվ հիմա այս՝ երկու ուժեղ, մեկ համեմատաբար թույլ քաղաքական ուժերից մեկը, հայտարարել է, որ մասնակցում է, մյուս երկուսը, որ չեն մասնակցում»,- արձանագրեց քաղաքական տեխնոլոգիաների փորձագետը և ներկայացրեց պատճառը, որը աշխարհաքաղաքական է: «Դա այն էր, որ Արևմուտքը գործող իշխանություններից պահանջում էր անցկացնել մրցակցային ընտրություններ և դուրս գալ որպես հաղթող թեկնածու՝ խոստանալով աչք փակել կեղծիքների վրա: Իսկ որ կեղծիքները լինելու էին և լինելու են, ես դրանում չեմ կասկածում, որովհետև նույնը տեղի ունեցավ մայիսին, այսպես կոչված, ԱԺ ընտրությունների ժամանակ՝ վերածվելով լայնամասշտաբ ֆինանսական միջոցառման, նույնը՝ լրացուցիչ ընտրությունների ժամանակ: Իսկ Արևմուտքը երկու դեպքում էլ լռեց և ելնելով իր շահերից՝ կլռի նաև գործող նախագահի «շռնդալից» հաղթանակից հետո»,- ասաց նա։ Այնպես որ, թե՛ ԲՀԿ-ի և թե՛ «Հայ ազգային կոնգրեսի» չառաջադրումը փորձագետը պայմանավորում է նրանով, որ այս պարզ ճշմարտությունը հասկացել են «Բարգավաճում» և Կոնգրեսում և տակտիկական նահանջ են իրականացրել՝ թույլ չտալով, որ գործող նախագահն ունենա քաղաքական լեգիտիմություն: «Նրանք Սերժ Սարգսյանին ուղղակի զրկեցին քաղաքական լեգիտիմությունից: Որովհետև մեկ բան է, երբ գործող նախագահը հաղթում է օրինակ՝ ԲՀԿ կամ ՀԱԿ առաջնորդին և մեկ այլ բան է, որ հաղթում է էպոսագետին»,- մանրամասնեց Արմեն Բադալյանը:

Ի պատասխան հարցադրման, թե թեկնածուների շարքում միայն էպոսագետը չէ, այլ «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը, որոնցից առաջինը հավակնում է կոնսոլիդացնել ընդդիմադիր դաշտը, իսկ երկրորդը՝ ազատական գաղափարախոսությունը կրողների դաշտը, Արմեն Բադալյանը նշեց. « Չմոռանանք, որ Հրանտ Բագրատյանն ընդամենը ՀԱԿ-ի մեջ մտնող, այսպես կոչված, կուսակցության նախագահն է, որն ընդամենը Արդարադատության նախարարությունում է գրանցված, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ ԱԺ-ում ընդամենը երկու պատգամավոր ունի: Էնպես որ, հավակնություններ ունենալը ուրիշ բան է, ռեալ ազդեցություն ունենալը՝ ուրիշ: Առավել ևս, որ Հրանտ Բագրատյանը նպատակ էլ չունի հաղթելու: Նա ընդամենը ինչ-որ անձնական խնդիրներ է լուծում»։ Քաղտեխնոլոգը հստակեցրեց, որ էպոսագետի անվան տակ նկատի ունի ողջ գործընթացն ու բոլոր թեկնածուներին՝ ներառյալ նաև Րաֆֆի Հովհաննիսյանին ու Հրանտ Բագրատյանին: Դրանից քաղտեխնոլոգը եզրակացնում է, որ Հայաստանում նախագահական ընտրությունները, դեռ չսկսված, փաստացի ավարտվեցին, և «մենք կունենանք էպոսագետին հաղթած նախագահ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»:

Ի պատասխան ճշգրտման, թե ասվածից կարելի՞ է եզրակացնել, որ իշխանություններին ձեռնտու կլիներ Լևոն Տեր-Պետրոսյանի ու Դաշնակցության թեկնածուի մասնակցությունը, ասաց. «Առաջին հերթին ցանկալի կլիներ, որ ԲՀԿ-ից մասնակցեր որևէ թեկնածու, չեղած դեպքում՝ մեկը «Հայ ազգային կոնգրեսից»: Իսկ Դաշնակցությունից էդքան չէի ասի, որովհետև էդքան ազդեցություն չունի, բայց ծայրահեղ դեպքում՝ դա: Բայց դա էլ չեղավ»,- ասաց Արմեն Բադալյանը, ով այն հարցադրմանը, թե՝ «բայց չէ՞ որ ՀՀԿ-ում թեթևացած շունչ քաշեցին Գագիկ Ծառուկյանի՝ չառաջադրվելու որոշումից հետո», ասաց. «Նրանք, ովքեր հասկացան՝ ինչ կատարվեց, կասկածում եմ, որ թեթևացած շունչ քաշեցին, իսկ ովքեր՝ չհասկացան, նրանք թեթևացած շունչ քաշեցին» :

Աղբյուրը՝ Tert.am 

Նախորդ հոդվածը‘Աշոցքում, Ճամբարակում և Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց’
Հաջորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյան. Իսկ միավորները հետո կհաշվենք’