‘Արմեն Բադալյան. Հայրիկյանի դիմումի մասով որոշումը կայացվելու է ոչ թե Սահմանադրական դատարանում, այլ՝ նախագահակում։ ‘

1000

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը համոզված է, որ նախագահական ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու վերաբերյալ Սահմանադրական դատարան ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի ներկայացրած դիմումի մասով որոշումը կայացվելու է ոչ թե Սահմանադրական դատարանում, այլ՝ նախագահական նստավայրում։

Tert.am –ի հետ զրույցում Արմեն Բադալյանն ասել է, որ Պարույր Հայրիկյանի իրավունքն է՝ դիմել Սահմանադրական դատարան, սակայն կարևոր չէ՝ նա դիմո՞ւմ է ՍԴ, կարևոր է, թե ինչ կորոշի Սահմանադրական դատարանը: «Իսկ Սահմանադրական դատարանը միշտ ընդունում է այն որոշումը, որը նախապես ընդունված է լինում նախագահական նստավայրում: Այդ իսկ պատճառով կհետաձգվե՞ն ընտրությունները երկու շաբաթով, թե ոչ, կորոշվի Բաղրամյան 26-ում»,– ասաց նա:

Հիշեցնենք, որ հունվարի 31-ի երեկոյան մահափորձի ենթարկված Պարույր Հայրիկյանը երեկ՝ դեպքից 10 օր անց, դիմեց ՍԴ՝ ընտրությունները 2 շաբաթով հետաձգելու պահանջով: ՀՀ սահմանադրությամբ նախագահի թեկնածուն կարող է դիմել ՍԴ նման պահանջով, եթե առաջացել են անհաղթահարելի խոչընդոտներ, որոնց պատճառով թեկնածուն չի կարողանում նախընտրական քարոզարշավ իրականացնել։

Թե ի՞նչ կորոշի նախագահական նստավայրը, Արմեն Բադալյանի համար կարևոր էլ չէ: Նա հավասարապես հնարավոր է համարում ինչպես ընտրությունները հետաձգելու, այնպես էլ չհետաձգելու որոշումը:

Դա որևիցե նշանակություն չունի, որովհետև ընտրությունների արդյունքները արդեն կանխորոշված են»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ երեկ դատարանի շենքի դիմաց լրագրողների հետ ճեպազրույցում նախագահի թեկնածուն ասել էր, որ չնայած պարտավոր չէ բոլոր քայլերի մասին տեղեկացնել, բայց կցանկանար, որ իր համակիրները տեղյակ լինեն, որը եթե առաջիկա երկու օրերի ընթացքում ընդդիմադիր թեկնածուների միավորումը կայանա, ապա ինքը դիմումը ետ կվերցնի, և ընտրությունները տեղի կունենան փետրվարի 18-ին։

Թե ինչ նպատակ է հետապնդում Հայրիկյանի որոշումների փոփոխականությունը (երբ նա հայտարարեց, որ որոշ նախապայմանների առկայություն դեպքում չի դիմի ՍԴ, ապա հայտնեց, որ կդիմի, ապա առաջարկելով միավորվել՝ մինչև կիրակի օրը հետաձգեց դիմումի մուտքագրումը դատարան) Արմեն Բադալյանը չի կարող ասել, բայց նշեց, որ նախագահի որևէ թեկնածու չպետք է անլուրջ դարձնի ընտրական գործընթացը:

Արմեն Բադալյանը նաև չի հավատում Պարույր Հայրիկյանի ճշգրիտ հաշվարկներին, ինչի մասին թեկնածուն նշել էր ընդդիմադիր թեկնածուներին ուղղված իր կոչում, թե միավորվելու դեպքում եռյակը ավելի շատ ձայներ է ունենալու քան Սերժ Սարգսյանը:

«Առավել ևս, որ նկատի ունենանք, որ լինելու է նկարչություն: Իսկ նկարչության ժամանակ այն թեկնածուները, որոնք տոկոսներ չունեն, անկախ նրանից՝ կմիավորվե՞ն, թե՝ ոչ, որևէ արդյունքի չեն կարող հասնել»,- հավելեց քաղաքագետը:

Նախորդ հոդվածը‘Սաակաշվիլին ժամը 20.00-ին սպասում է Իվանիշվիլիին՝ նախագահական նստավայրում’
Հաջորդ հոդվածը‘Քիմ Քաշքաշյանը` «Գրեմմի-2013» մրցանակակիր (տեսանյութ)’