‘Արմեն Բադալյան. Միջադեպերը որևէ ազդեցություն չեն ունենա ընտրությունների վրա’

1286

Ոչ մի միջադեպ որևիցե գործուն դրական կամ բացասական ազդեցություն չի ունենալու ընտրությունների արդյունքների վրա: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց ընտրական և քաղաքական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած երեք միջադեպերին:

Հիշեցնենք, որ Դավիթաշենում ընտրողների հետ հանդիպման ժամանակ մի կին մեջբերումներ արեց Չեբուրաշկայից, այնուհետև՝ հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանի՝ դահլիճ մտնելը համեմատեց Մովսեսի գալստյան հետ, և վերջապես՝ երեկ Եռաբլուրում բողոքող կանանցից մեկին Սերժ Սարգսյանն այսպես պատասխանեց՝ «Եկել ես ստեղ, լաց ես լինում, մեր տոնը խանգարում ես, որ ի՞նչ անես»:

«Ով ինչ կասի, և ով ինչ կանի, վարկանիշը կպակասի, թե չի պակասի` որևէ նշանակություն չունի, քանի որ կեղծվելու է մասնակցության տոկոսը, որովհետև հասկանալի է` հասարակության մի մասը ընտրություններին մասնակցելու մոտիվացիա չունի: Դրա համար գործող իշխանությունը վարչական ու ֆինանսական ռեսուրսի միջոցով ապահովելու է մասնակցությունը: Եղած թեկնածուների մեջ Սերժ Սարգսյանը ռեսուրսով ամենաուժեղն է: Շատ հավանական է, որ Սերժ Սարգսյանի ձայներն էլ ինչ-որ չափով իջեցնեն: Երրորդ կեղծիքը՝ ով է զբաղեցնելու երկրորդ տեղը, դա արդեն կորոշեն Բաղրամյան 26-ում, թե ինչ տոկոս են նրանց նկարելու: Անվավեր քվեաթերթիկների քանակն են փոփոխելու: Այսինքն՝ 4-5 ցուցանիշ կեղծվելու է, այնպես որ միջադեպերը որևէ ազդեցություն չեն ունենա»,- ասաց Բադալյանը:

Նա նշում է, որ, իհարկե, ցանկալի չէր Սերժ Սարգսյանի՝ նման արձագանքը գանգատվող կնոջը, բայց դա որևէ էական նշանակություն չի ունենալու փետրվարյան նկարչության ժամանակ: Փորձագետի կարծիքով՝ երբ անցած դեկտեմբերին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեցին, որ նախագահական ընտրություններին չեն մասնակցելու, այդ պահից սկսած՝ նախագահական ընտրությունները չսկսված՝ փաստացի ավարտվեցին:

Նախորդ հոդվածը‘Գրոհայինները Սիրիայի վերաբերյալ Մեդվեդևի խոսքերն ընկալել են որպես «Ռուսաստանի նոր դիրքորոշում»’
Հաջորդ հոդվածը‘Սերխիո Բուսկետս. «Ռեալի» հետ խաղալու ենք միայն հաղթանակի համար’