‘Արմեն Բադալյան. ՍԴ-ն ընդամենը իրավաբանական տեսք է տալիս նախագահականի որոշմանը’

1121

Սահմանադրական դատարանը միշտ եղել է նախագահական նստավայրին կից ծրագրերի իրականացման գրասենյակ, այսինքն՝ ոչ թե ՍԴ-ն է որոշելու ընտրական գործընթացի արդյունքը, այլ նախագահական ընտրությունների արդյունքը որոշվում է նախագահական նստավայրում, իսկ ՍԴ-ն ընդամենը իրավաբանական տեսք է տալիս այդ որոշմանը: iLur.am-ի հետ զրույցում ընտրական և քաղաքական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը նման կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ընտրությունների արդյունքը վիճարկելու հայցով ՍԴ դիմելու որոշման մասին:

««Ժառանգությունն» ի սկզբանե ոչ մի հաջողություն չէր կարող ունենալ, լինի դա Սահմանադրական դատարան դիմելու, հանրահավաք անցկացնելու, մարզեր գնալու և շաբաթը մեկ հանրահավաք անցկացնելու հարցում, որովհետև այդ միջոցառման արդյունքներն արդեն կանխորոշված էին: ՍԴ-ն Րաֆֆի Հովհաննիսյանին կտեղեկացնի այն  որոշման մասին, ինչը որ նախագահահական նստավայրը ԿԸՀ-ի միջոցով արդեն տեղեկացրել է մեր հասարակությանը»,- ասաց Բադալյանը:

Նրա խոսքով՝ ընտրությունների ելքը կանխորոշված էր այն բանից հետո, երբ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը որոշեցին չմասնակցել ընտրություններին:

«Այդ պահից սկսած՝ ուրիշ արդյունք հնարավոր չէր սպասել այդ միջոցառումից, քան ինչ եղավ փետրվարի 18-ին: Փետրվարի 18-ին Հայաստանում ինչպես դե յուրե, այնպես էլ դե ֆակտո ավարտվել են նախագահական ընտրությունները: Այդ համատեքստում կարող ենք ավելացնել, որ ցանկացած այլ միջոցառում, լինի դա հետընտրական քարոզչություն իրականացնելը, շաբաթը մեկ հանրահավաք անելը, Սահմանադրական դատարան դիմելը  և այս կամ այն մարզկենտրոն կամ համայնք այցելելը,  ունի զրոյական ազդեցություն»,- ասաց Բադալյանը: 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ի առաջին տիկինը հաքերների հարձակման զոհ է դարձել’
Հաջորդ հոդվածը‘Երվանդ Վարոսյան. Գաղտնի համերգներ, գաղտնի երդումներ’